Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գյումրու տոնին չէին հրավիրել աճեմյանցիներին. Գյումրու փոխքաղաքապետի պարզաբանումները

Սեպտեմբեր 09,2015 19:20

Aravot.am-ը Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ սեպտեմբերի 5-ին, երբ նշվում էր Գյումրու օրը, մշակութային միջոցառումներին մասնակցելու հրավեր չէին ուղարկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմին: Նշենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նեղվել էր, որ ծրագրում կար մի հետաքրքիր միջոցառում, որն անմիջականորեն վերաբերում էր Գյումրու դրամատիկական թատրոնին. դա թատերագետ Լեւոն Մութաֆյանի՝ Գյումրու դրամատիկական թատրոնի պատմությանը նվիրված «100 տարի և կես դար» գրքի շնորհանդեսն էր:

Սակայն, այդ միջոցառումը, ըստ Տիգրան Վիրաբյանի, անցել էր առանց թատրոնի մարդկանց մասնակցության, եւ եթե չլիներ Լեւոն Մութաֆյանի եւ Գյումրու դրամատիկական թատրոնի անմիջական կապը, իրենք երեւի թե տեղյակ չէին էլ լինի, որ գրքի շնորհանդես է կազմակերպվում: Բացի այդ, ըստ Տիգրան Վիրաբյանի, վաստակաշատ դերասաններին կենտրոնական հրապարակի միջոցառմանը մասնակցելու համար հրավեր չէին ուղարկել, թատրոնի 150-ամյակն է, սակայն չէին մտածել թատրոնի որոշ գործիչների պարգեւատրելու մասին:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ասաց. «Նախ անդրադառնամ թատրոնի մասին գրքի շնորհանդեսին: Ես հեղինակի հետ ճշտել եմ, ինքն ասել է, որ ես հրավեր ուղարկել եմ իրենց իմ գրքի շնորհանդեսին: Քաղաքապետարանն էլ գիտենալով, որ հրավերը կա, ավելորդ է համարել մեկ անգամ եւս հրավեր ուղարկել: Իհարկե, այդ ամբողջ միջոցառումը քաղաքապետարանն էր կազմակերպել, բայց որ գրքի հեղինակն անձամբ է հրավիրել, մենք մտածել ենք, որ քաղաքապետարանի հրավերն արդեն երկրորդական կլիներ այդ դեպքում, խոսքս գրքի շնորհանդեսի մասին է:

Իսկ քաղաքի միջոցառումներին ընդհանրապես հրավիրատոմս չի եղել եւ ոչ մեկին: Մենք գտնում ենք, որ քաղաքի օրն է եղել եւ ցանկացած գյումրեցի իր պարտքն է համարում գալ- մասնակցել բոլոր միջոցառումներին: Չկա որեւէ հրավեր, միայն եղել է հրավեր դրսի՝ Երեւանի հյուրերին, Գյումրիի ներսում ոչ մի հրավեր չի եղել»:

Հարցին՝ աճեմյանցիները մի քանի օրից նշելու են թատրոնի 150-րդ հոբելյանական տարեդարձը, առիթը չէր արդյոք պարգեւատրել թատրոնի որոշ գործիչների, հենց քաղաքը արժևորեր իր արվեստագետին, իր դերասանին, Ռուբեն Սանոյանն ասաց. «Ես կարգը բացատրեմ, այսպես է. եթե պատվավոր քաղաքացի պիտի շնորհենք կամ քաղաքապետի հուշամեդալով պարգեւատրենք, ապա թեկնածություն ներկայացնում է տվյալ կառույցի ղեկավարությունը կամ իրենց խորհուրդը, եթե իրենք ներկայացնեն, անպայման հարցին լուծում կտրվի, դրական կամ բացասական, որովհետեւ մեր մոտ էլ գոյություն ունի խորհուրդ, որը քննարկում է այդ հարցերը»:

Նշենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանի Aravot.am-ին տված հարցազրույցից հետո, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անմիջապես արձագանքել է նրանց դժգոհությանը, իր մոտ է հրավիրել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին ու Տիգրան Վիրաբյանին: Այս մասին մեզ տեղեկացրեց գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Ըստ մեր զրուցակցի, քաղաքապետը նշել է, որ որեւէ միտում ու դիտավորություն չկա, կատարվածն ընդամենը սխալմունք է, թյուրիմացության արդյունք է: Լյուդվիգ Հարությունյանի ասելով, նախկինում մի քանի անգամ առիթներ եղել են, եւ քաղաքապետարանն է խնդրել իրենց ներկայացնել վաստակաշատ աշխատակիցների անուններ տարեվերջյան պատվոգրեր հանձնելու համար: Թատրոնի գլխավոր ռեժիսորը փոխանցեց, որ քաղաքապետն իրենց հետ հանդիպման ժամանակ նաեւ նշել է, որ ամեն ինչ դեռ ուշացած չէ, թատրոնի 150-ամյակի շրջանակներում դեռ կլինեն պարգեւատրումներ քաղաքապետարանի կողմից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուբեն Սանոյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930