Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն կաբինետը չէ, կաբինետից դուրս էլ կյանք կա»․ Գյումրու նախկին փոխքաղաքապետի խորհուրդը՝ փոխքաղաքապետ ընտրված իր դստերը

Հունվար 19,2024 17:26

Լուսինե Սանոյանը երեկվանից ստանձնեց Գյումրու համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի պաշտոնը։

Նրա թեկնածությունը փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել էր «Բալասանյան դաշինք» կուսակցությունը` ՔՊ-ի կողմից քաղաքի համատեղ կառավարման համաձայնագիրը խզելուց ու երկու ՔՊ-ական փոխքաղաքապետերի հրաժարական տալուց հետո։

Լուսինե Սանոյանը Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ զավակը։

Aravot.am-ի հետ զրույցում մոտ 10 տարի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոյանն ասաց, որ թեև անձնապես դեմ էր, որ իր դուստրը դառնա փոխքաղաքապետ, բայց եթե «Բալասանյան դաշինքը» նրա թեկնածությունն է դիտարկել, ուրեմն պիտի ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը ու պատվով աշխատի։

«Լուսինեն խելահաս մարդ է։ Առաջին խորհուրդը, որ տվել եմ իրեն, եղել է հետևյալը՝ պաշտոնը ծանր պատասխանատվություն է, ոչ թե հաճույք, երիտասարդ ես, ուժերդ տեղը, մենք մեր չափով աշխատեցինք, եթե կարող ես մեզանից ավելի լավը եղիր, բայց հանկարծ վատը չլինես։

Նաև ասել եմ՝ միայն կաբինետը չէ, կաբինետից դուրս էլ կյանք կա, սա Գյումրին է։

Ես հիմա այդ կյանքով եմ ապրում, այլևս կաբինետ չունեմ, բայց գլուխս բարձին դնելուց խիղճս հանգիստ է, քանի որ թույլ չեմ տվել այնպիսի վատ արարք իմ քաղաքի բնակիչների հանդեպ, որից ամաչեմ։

Ամեն ոք պիտի իր պատվի համար աշխատի, այնպես աշխատի, որ իր երեխաները գլուխները կախ ման չգան, ես այդպես եմ մտածել։ Իրենք էլ երեխաներ ունեն, իրենք էլ նույն ձևով պիտի մտածեն իրենց երեխաների մասին։

Ոչ միայն իմ դստեր դեպքում եմ պատրաստ օգտակար լինել իմ կառավարման փորձով, այլ մյուս երիտասարդ պաշտոնյաների, որոնք իմ խորհուրդների կարիքը կունենան ու կդիմեն ինձ։

Լուսինեն աչքը կուշտ անձ է, այդուհանդերձ ես իրեն հորդորել եմ՝աշխատել մաքուր, ազնիվ։ Գյումրին կառավարելը հեշտ չէ, հազար ու մի խնդիրներ կան, բայց և պատիվ է։

Թող քաղաքին նվիրված աշխատի, դա կլինի իր գնահատականը», -ասաց Ռուբեն Սանոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031