Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքարյանները չեն դժգոհում Սեյրան Խաչատրյանի ազատ արձակման որոշումից

Սեպտեմբեր 23,2015 22:42

«Հարություն Զաքարյանը կարճաժամկետ վերադարձել էր Հայաստան  քննչական գործողություններին մասնակցելու նպատակով, սակայն թե կոնկրետ ինչպիսի քննչական գործողությունների, ցավոք, չեմ կարող պատասխանել, քանի որ նախաքննական գաղտնիք է»,- Aravot.am-ին ասաց Գորիսի Սդղի Գյոլում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժածների փաստաբան Լեւոն Սահակյանը (լուսանկարում):

Նրա խոսքով՝ Հարություն Զաքարյանը Մոսկվայում բժիշկների հսկողության տակ է գտնվել տեւական ժամանակ, ևս մեկ վիրահատություն  տարել:  Օրեր առաջ կարճատեւ հայաստանյան այցից հետո կրկին  վերադարձել է Ռուսաստան՝ հերթական վիրահատության համար:

Անդրադառնալով Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով փաստաբան Արմեն Մելքոնյանի պնդումներին, թե չկա հիմնավոր կասկած, որ Տիգրան Խաչատրյանն է կատարել իրեն մեղսագրվող արարքը, երկրորդ, չկա հիմք, որ նախաքննության փուլում ազատության մեջ գտնվելով նա քննությանը կխոչընդոտի, Լեւոն Սահակյանը շարունակեց. «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի՝ խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,  խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք,  խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: Իսկ ինչ վերաբերվում է պաշտպանական կողմի պնդումներին, ապա բնական է, որ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը նման մեկնաբանություններ պետք է տա իր վստահորդներին պաշտպանելու նպատակով»:

Նա նաեւ ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի մեղսունակ  ճանաչվելու ու ստորագրությամբ ազատ արձակվելու վերաբերյալ իր պաշտպանական կողմը դժգոհություններ չի հայտնել. «Սեյրան Խաչատրյանի ազատ արձակված լինելու փաստի առթիվ մեր վստահորդները որևիցե դժգոհություն չունեն և մեզ որևէ տեղեկություն չեն տրամադրել, որ Սեյրան Խաչատրյանի ազատ արձակվելը առաջացրել է խնդիր նրանց համար»:

Նա չցանկացավ մեկնաբանել Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշման պատճառը, մեր հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մարզպետի կապերն այլեւս ի զորու չեն որդուն օգնել, փաստաբանն ասաց. «Չեմ կարող պատասխանել այն հասարակ պատճառաբանությամբ, որ դա չի հանդիսանում իրավական հարթակի խնդիր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930