Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն իր ապրանքներն է «խցկում» Հայաստանի շուկա

Սեպտեմբեր 29,2015 21:40

Aravot.am–ը ֆերմեր Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ Շիրակի մարզից գյուղատնտեսական ի՞նչ ապրանքներ են արտահանվել Եվրասիական տնտեսական միության երկրների շուկա:

«Բացարձակ ոչ մի բան չի արտահանվել, հակառակ՝ Հայաստանի Հանրապետություն ներկրվել է Ռուսաստանից, բայց Հայաստանից ոչ մի բան չի արտահանվել: Հաստատ գիտեմ, որ Ռուսաստանից մեկ ամիս առաջ կարտոֆիլ է ներկրվել, որովհետեւ ամենաէժանը Ռուսաստանում է: Ռուսաստանն էսօր ընդհանրապես մեզ համար շուկա չէ իր ռուբլու կուրսերով ու մնացած պարագաներով, այնպես են զարկ տվել գյուղատնտեսությանը Ռուսաստանում…Այսօր Մոսկվայից եկած մի ֆերմերի հետ եմ հանդիպել, ասում է՝ Տուլայի, Կուրսկի, Օրյոլի շրջաններում յուրահատուկ բերք են ստանում, հողերն էլ էնքան բերրի են ու շատ, որ գնա ցանի: Ես մի անգամ ձեզ ասել եմ՝ հայաստանյան ֆերմերներն են գնում Ռուսաստան ու բերք արտադրում, Լոռու մարզից, Տաուշի շրջանից, ես նույնիսկ անձամբ ճանաչում են էդ մարդկանց», -ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ուրեմն ոչինչ չտվե՞ց Եվրասիական տնտեսական միությունը մեզ, մեր զրուցակիցն ասաց. «Գյուղմթերքի արտահանման պարագայում կոնկրետ Շիրակի մարզին ոչ մի բան չտվեց, կարող է Արարատյան դաշտավայրին, Արարատյան հարթավայրին ինչ-որ բան տվեց, մրգերի արտահանվեցին: Ռուսաստանում Ռոստովից այն կողմ ոչ մի միրգ չի լինում, պարզ է, որ ծիրանը, դեղձը, խաղողը չի աճում այնտեղ, դուրս են տանում, իսկ կոնկրետ Շիրակի մարզում մարդիկ, որոնք հնար չունեն ոչինչ անելու, զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գործարան, արտադրություն չկա այս մարզում, մարդիկ ստիպված մի կտոր հողի վրա բնամթերք պետք է արտադրեն, բայց Շիրակի մարզի արտադրությունից ոչինչ էլ դուրս չի գալիս, Աստված գիտի կարող է մի օր էլ մենք ծիրանանոց, խնձորի այգիներ ունենա՞նք, մեր մոտից էլ արտահանում լինի՞»:

Մեր դիտարկմանը, թե օրերս բողոքի դուրս եկած Արարատի խաղողագործները փաստում էին, թե խաղողի արտահանումը Ռուսաստան կրճատվել է 40 տոկոսով, ուրեմն այս առումո՞վ էլ Եվրասիական տնտեսական միությունը պիտանի չէ, Գեւորգ Աբրահամյանն ասաց, որ մենք միայն մերինի մասին ենք մտածում, մինչդեռ Մոլդովան խաղող արտադրող փոքր, բայց հզոր երկիր է. Ուզբեկստանն ու Ադրբեջանն էլ են զբաղվում խաղողագործությամբ, Ռուսաստանի շուկայում էլ լավ սպառվում են:

«Ռուբլու արժեզրկումը պատճառ դարձավ, որ ապրանք այլեւս չարտահանենք, եթե նախկինում Ռուսաստանը Եվրոպայից ներկրող երկիր էր համարվում կարտոֆիլի եւ այլնի առումով, այսօր արտահանող է դարձել, եթե իրենց ռուբլին իրենց երկրում կուրս ունի, ժողովուրդը կարող է նորմալ ապրել…էն ժամանակ, երբ ներկրող էր, գումարը պետք է դուրս գնար չէ՞, որ ապրանք ներս գա, էս դեպքում իրենց երկրից իրենց արտադրածը ապրանքն է դուրս գալիս: Եթե Ռուսաստանից այստեղ մակարոն, վերմիշել է բերվում, դա չի՞ նշանակում, որ ներկրվում է այնտեղից, փաստորեն ռուբլու արժեզրկումը Ռուսաստանին նպաստեց, որ նրանք դառնան արտահանող:

Հարեւան հանրապետություններում այդ ապրանքների ինքնարժեքի բարձր լինելու պատճառով կարող են էժան գներով գնել ռուսական ապրանքները ու վաճառել: Իսկ անցած տարի այս ժամանակ ձեռք չէր տալիս, որ Ռուսաստանից կարտոֆիլ բերեին Հայաստան, վաճառեին, որովհետեւ եթե Ռուսաստանից պիտի գնեին 10 ռուբլու, որը ՀՀ 130 դրամին համարժեք գումար էր, ճանապարհածախս, մնացած, մնացած, գար հասներ Հայաստան, կդառնար տեղի գինը, այն գինը, որով իրենք ֆերմերից գնում էին: Կոպիտ ասած էշություն անելն էր քյար մնում ներկրողի համար: Բայց էսօր որ ռուբլու կուրսը արժեզրկվել է, իրենց ապրանքը այնքան էժան է գալիս, որ կարող են ներկրել: Սա Ռուսաստանին շատ ձեռնտու է, եթե իր երկրի քաղաքացին ստանում է էլի նույն աշխատավարձը կամ մի քիչ բարձրացել է, թանկացումներ չկան, գազի գինը չի բարձրացել, գները նույնն են մնացել, ու այսօր ինքը արտահանող երկիր է դարձել, ինքը շահեկան վիճակում է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ամենահետաքրքիր էն է, որ էսպես ռուսաֆոբներ հավաքվել են Լեննինականի մոտերքը; Մարդիկ ում նախորդները ու իրանք կերել խմել մարդ են դարձել ռուսի հաշվին;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930