Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիլեն Գայֆեջյանը մինչեւ այս պահը զրկված է իր ընտրած անձի միջոցով իր պաշտպանությունը իրականացնելու հնարավորությունից»

Նոյեմբեր 27,2015 16:50

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին շարունակվում էր ոստիկանությունն ընդդեմ «SOS» նախագծի քաղաքացիական գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը միջնորդությամբ հանդես եկավ գործով վարույթը կասեցնելու մասին: Նա նշեց, որ որպես Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ դատարան ներկայացել է Արտակ Զեյնալյանը, սակայն դատարանը որոշում է ընդունել Արտակ Զեյնալյանին որպես ներկայացուցիչ չճանաչելու եւ գործի մասնակից չդարձնելու մասին, ինչը հիմք է հանդիսացել, որ Վիլեն Գայֆեջյանի անունից Արտակ Զեյնալյանը դիմում ներկայացնի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Փաստաբանության մասին» օրենքը, ինչպես նաեւ քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածները, որոնք խոչընդոտում են նրան դատարանում հանդես գալ իբրեւ Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ:

Պատասխանելով Արթուր Ստեփանյանի հարցին, նա ասաց, որ արդար դատավարության իրավունքը անձին հնարավորություն է տալիս որպես ներկայացուցիչ ընտրել իր ուզած անձին, սակայն տվյալ պարագայում, երբ որ քաղաքացիական օրենսգրքով եւ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանափակվում է հնարավորությունը՝ բացառապես փաստաբանական արտոնագիր ունեցող անձի մասնակցությամբ. Կարծում եմ՝ այդ հիմքով Սահմանադրական դատարանի որոշումը կարեւոր նշանակություն կունենա, քանի որ ապահովում է որակական խիստ կարեւոր բաղադրիչ գործի վերջնական արդյունքի համար»:

Հայցվորների ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը հայտարարեց, որ կողմի միջնորդությունը անհիմն է եւ չի կարող առնչվել սույն գործի հետ. «Եթե այդ տրամաբանությամբ նայենք, ստացվում է, որ ամբողջ հանրապետությունում քաղաքացիական գործերի քննության շրջանակներում բոլոր գործերը պետք է կասեցվեն: Սա ուղղակի անտրամաբանական է, ես գտնում եմ, որ անթույլատրելի է: Այս պարագայում գործի քննության կարճման համար հիմք չի կարող հանդիսանալ, եւ միջնորդում եմ դատարանին մերժել միջնորդությունը»:

Ոստիկանության ներկայացուցիչ Գոռ Հարությունյանը եւս առարկեց, պատճառաբանելով, որ կողմը նույն հիմքով միջնորդություն է ներկայացնում դատարանին: Իսկ Հայկուհի Հարությունյանը հայտարարեց, որ առարկայազուրկ է այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիական գործերը կարող են կասեցնել, քանի որ տվյալ դրույթը կիրառվել է բացառապես սույն գործի շրջանակներում: Նա հավելեց, որ այն հանգամանքը, որ Վիլեն Գայֆեջյանը որպես լիցենզավորված փաստաբան իրեն է ընտրել, ապահովում է դատարանի եւ կողմի հետ շփումը. «Այլապես Վիլեն Գայֆեջյանը իր ընտրած անձի միջոցով իր պաշտպանությունը իրականացնելու հնարավորությունից մինչեւ այս պահը զրկված է, քանի որ նա ներկայացել էր դատարան այն անձի հետ միասին, ում ընտրել էր դատարանում իր իսկ պաշտպանությունը իրականացնելու համար»:

Դատավորը մերժեց կողմի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը դատական հայց են ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Ոստիկանները վիրավորվել են հաղորդաշարի սույն թվականի մայիսի 24-ի «G7» վերնագրով 11-րդ թողարկումից, որտեղ հայցադիմումի համաձայն՝ իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ: Ինչպես նաև բանակում մահացած զինվորների մայրերին ոստիկանների կողմից հրմշտելու և քաշքշելու միջադեպի վերաբերյալ հաղորդավարն իր հաղորդման (11-րդ թողարկում) ժամանակ ոստիկաններին որակել էր «Շան տղերք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30