Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Դաշնակցությունը քաղաքական ինքնասպա՞ն է»

Փետրվար 02,2016 15:17

«Դուք պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Նշանակում է, Ռուստամյանն էլ շատ լավ գիտի, որ ՀՀԿ-ն սպառված է, ոչնչացված է, գոյություն չունի, միակ բանը, որ կա` դա իշխանության լծակներն են: Եվ ինքն էլ է ասում, որ այսօր, եթե մենք մտնենք կոալիցիա, մեր ռեյտինգի վրա դա անմիջապես բացասաբար կանդրադառնա: Կներեք, սա ի՞նչ է: Դաշնակցությունը քաղաքական ինքնասպա՞ն է, մահապարտների՞ց են: Այսինքն՝ պատրաստ են հանուն, այսպես կոչված մեծ գործի իրենց պայթեցնել, ոչնչացնել: Բնականաբար՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`անդրադառնալով ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու ցանկությանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավարի`երեկ արած այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն վարկաբեկված ուժ է:

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով, ըստ Լեւոն Զուրաբյանի, ՀՅԴ-ն կարծում է, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության գլուխ, վերահսկելու է ընտրական գործընթացները եւ ցանկանում է ՀՀԿ-ի ուժերով տեղ գտնել հաջորդ խորհրդարանում. «Ընդամենն ուզում են թռիչք կատարել այդ գնացքի վերջին վագոնը, որ այդ գնացքի հետ միասին ներխուժեն հայոց ապագա խորհրդարան»: Այստեղ նա նաեւ հետեւություն է անում` Դաշնակցությունը ժողովրդի աջակցությունը ստանալու հույսը վաղուց կորցրել է. «Նրանք արդեն, ըստ էության, խոստովանում են, որ ավարտված են ժողովրդի ընկալման մեջ, գոյություն չունեն»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց` բոլորը գիտեն, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կեղծվել է եւ ՀՀԿ-ն որեւէ աջակցություն չունի: «Ինքն էլ (ՀՀԿ-ն) է զգում իր լեգիտիմության պակասը եւ փնտրում է իր իշխանության ուժեղացման ձեւերը`ստեղծել մի քիչ ավելի լայն բազայով կառավարություն, որ այդ լեգիտիմության պակասը գոնե ինչ-որ ձեւով փոխհատուցվի: Սա է ամբողջ իմաստը: Դրանով պատասխանատվություն էլ են իրենց վրայից հանում, լղոզում այլ կուսակցությունների հետ: Ի վերջո, լուծում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված նրանց քաղաքական կառավարման ճգնաժամի հետ»:

Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ՀԱԿ-ը միայնակ է մասնակցելու առաջիկա ընտրություններին եւ լավատես է հաղթանակի առումով: Նա ասում է, որ հանրաքվեի արդյունքում ՀԱԿ-ը միայնակ պայքարող ուժն էր եւ դուրս եկավ այն «մեսիջով», որ դա լավ պլատֆորմ է. «Ես կարող եմ ասել, որ ամենաուժեղն ենք հայաստանյան քաղաքական դաշտում: Այն, ինչ որ ուզում ենք անել, եթե ժողովուրդն իր համար ընդունելի համարի, կարող ենք հաղթել ԱԺ ընտրություններում, անգամ եթե իշխանությունը փորձի իր բոլոր հնարքները կիրառել: Բայց այս անգամ շատ ավելի դժվար կլինի, քանի որ միջազգային վերահսկողությունը շատ ավելի ուժեղ է լինելու»:

Հիշեցմանը, որ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն է ամենաուժեղ ուժը, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Հեղինակազրկված ուժը կարո՞ղ է ուժեղ լինել: Դիկտատորներն ուժեղ են այնքանով, որքանով որ ոստիկանությունը, հատուկ ծառայությունները նրանց ենթարկվում են: Ես խոսում եմ քաղաքական դաշտում հանրության համար ընդունելիության տեսակետից: ՀՀԿ-ն ունի զրոյական աջակցություն: Թեկուզ հանրաքվեում»:

Զուրաբյանը խորհուրդ տվեց դուրս գալ փողոց եւ պատահական հարյուր մարդու հետ ուղղակի խոսել:

Լրագրողներից մեկը նկատեց`հանրաքվեի ժամանակ ինքը եղել է մի տեղամասում, որտեղ ՀԱԿ-ի ներկայացուցիչն ասում էր, թե ամեն ինչ լավ է: «Իսկ մենք ասել ենք, որ մենք չե՞նք ունեցել ծախված ներկայացուցիչներ»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանրաքվեի ժամանակ իրենք քիչ թե շատ կարողացել են վերահսկել 700 տեղամասեր եւ եթե 300-ում էլ կարողանային վերահսկել`հանրաքվեն չէր անցնի:

Հարցին`որտեղի՞ց վստահությունը, որ ընտրությունների ժամանակ էլ չեն ունենա ծախված ներկայացուցիչներ`պատասխանեց, որ իրենք առաջ են գնում դրական հիմքը զարգացնելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29