Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյթունաչյան (պատմվածք)

Փետրվար 05,2016 14:48

Job.am աշխատանքների որոնման գործակալության շնորհիվ տեղավորվեցի մի շինարարական ընկերությունում: Տաղտկալի թվեր ու տառեր լցնելով վորդերում ու էքզելներում, ձանձրացա: Երկու ամիս անց ուշացումներիս համար պետը իրերս հավաքելու հրաման տվեց: Էլի մնացի անգործ: Օրեր շարունակ մկնիկի անվակը ֆռռացնում էի Ֆեյսբուքներով ու էլի տարբեր զահրումարներով: Այնքան ֆռռացրի, մինչև մայրս ու տան մյուս անդամները ինտերնետի վճարման փող պահանջեցին:

Ստիպված էի նորից չոլերն ընկնել ու աշխատանք փնտրել: Ախր էդ զահրումար աշխատանքն էլ շատ քիչ է, լավն էլ ընդհանրապես չկա: Զինվորական հորեղբայրս հորդորում էր, որ բանակ մտնեմ՝ զամպատեխ:

– Ինձնից ի՞նչ զամպատեխ:
– Գիտես ուրիշ աշխատանք կա՞: Լո՛դր:

Այդպես կոպտելով ու ինձնից մեկ-մեկ արժանվույն պատասխան ստանալով՝ զինվորական հորեղբայրս մեր տուն էր գալիս-գնում:

-Լո՛դր:
-Լոդրը ձեր ամբողջ ազգուտակն է,- չդիմացա ու ճպացրեցի ճակատին:

Հորեղբայրս մի որոշ ժամանակ չերևաց:

Օրեր շարունակ վեր էի ընկնում բազմոցին կամ դուրս էի գալիս լակելու՝ մյուս հորեղբորս որդու հետ, քանի որ ինտերնետ չունեի:

Մի օր որոշեցի մեր թաղի բազմաերկրպագու զեյթունաչյա գեղեցկուհուն խոսեցնել: Դե, ասում էին, որ ամուսնանալուս ժամանակն է, և բոլոր դարդուցավերիս պատճառը չամուսնացածությունս է: Նա մերժեց շատ քաղաքավարի, այնպես, որ սիրտս չկոտրի: Սրտիս տեղ կողերս ջարդեցին:

Պառկեցի մի քանի օր, բայց չդզվեցի: Մի քանի օր հետո կրկին դուրս եկա թափառելու: Հորեղբայրս վաղուց չեր երևում: Գո՞ւցե նեղացել է՝ մտածեցի: Իրիկունները շատ էի մտածում այդ մասին: Այնպես պատահեց, որ հարևան Միշիկս առաջարկեց նրա կահույքագործ եղբոր մոտ աշխատեմ: Կողերիցս բռնած մի առավոտ շարժվեցի կահույքագործի մոտ: «Թեթև աշխատանք է, 110 հազար աշխատավարձով, գտած է»,- ասաց նա: Սկզբում թեթև էր, բայց տեսնելով, որ գործս վատ չեմ կատարում, օր-օրի ծանրացրեց գրաստիս բեռը: Այնքան անտանելի դառավ ծերուկը, որ մի առավոտ որքան ինձ ստիպեցի աշխատանքի գնալ, չկարողացա: Ծերուկը հաշվեց աշխատանքային օրերս ու 67 հազար դրամ դրեց ձեռս:

«Համացանց միացրեք»՝ ցնծացել էի աշխատանքի տեղավորվելիս: Համացանցում մի քանի օր տոնախմբության մեջ էի՝ մինչ հորեղբայրս կրկին կհայտնվեր:

– Հը՞մ, լոդր, մեր ազգի անհաջող ժառանգ…

Մայրս խնդրեց ափերից դուրս չգալ: Ախր տրամադրությունս լավ էր:

– Հը՞մ, մեր ազգի պարծանք, որ կապիտանի կոչումով թոշակի պիտի գնա,- դուռը մեղմիկ զրխկացնելով՝ հեռացավ զինվորական հորեղբայրս:

Մի ամիս անց տեղավորվեցի մյուս հորեղբորս որդու «Խադավիկ+Մատարիստ» ավտոտնակային ընկերությունում: Սրա խոստացած աշխատավարձը 65 հազար էր: Մերթ հրամայում էր 18 համարը փոխանցել, մերթ ամբարձիչը ֆռռացնել: Երբեմն սպասարկուի փորձարկվող ավտոն էին բրդում մի 500 մետր  ու հևալով հետ գալիս: Մի ամիս հազար տեսակի յուղերով ներկված ձեռքերս օճառելն ու ցնցուղ ընդունելն ինձ վրա ավելի թանկ նստեց, քան հորեղբորս որդու մոտ ասիստենտություն անելու համար ստացածս գումարն էր:

Ամիսուկես թափառելուց հետո հրշեջ աշխատելու հեռանկար բացվեց: Պարտականությունս անկապ վարժություններ անելն էր ու հրշեջ «Կամազը» օրումեջ լվալը: Այնպես պատահեց, որ հերթական վարժության ժամանակ ոտքս խողովակին կպավ և ես երեսնիվայր էջք կատարեցի ու ձեռքս ջարդեցի:

– Սրան տանել էստեղից,- ջղայնացավ պետս:

Մի երեկո փաթաթված ձեռքով «Խադավիկ+Մատարիստում» էի ու ճաշակեցի հորեղբորս որդու գերհզոր ու գոված պլանը՝ երեք բաժակ էժանագին կոնյակով: Տուն էի վերադառնում, երբ տեսա զեյթունաչյա գեղեցկուհուն: Կանչեցի: Շրջվեց: Մոտեցա:

– Ինչո՞ւ քո պատճառով գիշերները չպիտի քնեմ,- մռնչացի ես:

Զեյթունաչյան գլուխը կախեց ու հեռացավ: Հաջորդ երեկո կանչեցին ու կողերս կրկին մշակեցին, բայց այս անգամ քթիս ստուգողական հարված ստացա նաև:

Իրեն Կառլիտոյի տեղ դրած հորեղբորս տղան մանտիրովկայով իջավ մեր թաղ, բայց իմանալով կողոսկրերս ջարդողների անունները…

– Բեսպրիդել,- ասաց,- բայց դու էլ ես մեղավոր…
– Ինչո՞ւ:
– Պլանի հետ կոնյակ չեն խմում:
– Ինչո՞ւ:

– Պլանը բարի կայֆ է, չի կարելի այդպես…

Ինձ թվում էր, թե զեյթունաչյան մղկտում է իմ ջարդված կողերի ու քթի համար: Բայց միայն թվում էր: Ֆեմինիստուհի զեյթունաչյան իսպաներեն էր պարապում, թվով 7-րդ լեզուն, ու սարեր մագլցում։ Իսկը ուսանողուհի, կոմսոմոլուհի, սպորտսմենկա և զեյթունաչյա գեղեցկուհի էր՝ ինչպես հայտնի կինոֆիլմում: Եվ մի օր ես զարթնեցի որպես զտարյուն կնատյաց, որպես ծերուկ Արթուրի* սիրելի զարմիկ: Զեյթունաչյայի մռութը ջարդելու, մազերից բռնելու ու ասֆալտը սրբելու ցանկություն ծնվեց մեջս:

«Զեյթունաչյա, զեյթունաչյա»՝ կանչում էի երազիս մեջ:

– Էլի զեյթուն ուզեցիր երազումդ,- առավոտյան ասաց մայրս,-  գնամ առնե՞մ, բայց կարծեմ դու երբեք զեյթուն չես սիրել:

Ապաքինվեցի: Բայց զեյթունաչյան չչքվեց  գլխիցս՝ որքան էլ ուզեցի: Ավելի շուտ՝ չուզեցի:

Հաջորդ կանգառում գազի կանտորում հաշվիչ նայող էի՝ գազի մարդ: 60 հազար: Գոնե հույս ունեի, որ կտեսնեմ զեյթունաչյային: Չնայած թաղամասս ուրիշ էր, այնուամենայնիվ, թղթապանակովս շարժվեցի զեյթունաչյայի տունը: Մայրն էր միայն տանը, զեյթունաչյան այս անգամ իտալերեն էր պարապում:

Աշխատեցի չորս ամիս՝ մտովի որոշելով աշխատել այնքան, քանի դեռ զեյթունաչյայիս կրկին չեմ տեսել։ Զինվորական հորեղբայրս նույնիսկ մի թեթև հպարտանում էր ինձնով.

– Գազի մարդ, ոչինչ, դա էլ վատ չէ, հանրօգուտ աշխատանք է:
– Իհարկե,- համաձայնեցի հորեղբորս հետ:

Այդ զեյթունաչյան չէր հասկանում, որ միայն ինքն է ի զորու անմահ  ու անհաղթ դարձնել ինձ: Բութ էր, թեկուզ անգլիաներում է կրթություն ստացել, չէր հասկանում, որ միայն ե՛ս կարող եմ իր պահապան հրեշտակը դառնալ:

Յութուբում մի ալֆա-որձ ինձ նման օմեգա-որձերին բացատրում էր, որ աղջիկների սիրտը գրավելու համար պետք է ունենալ սպիտակ ու հավասար ատամներ: Փող չկար, միգո՞ւցե սպիտակին հերիքեր, բայց հավասարին հաստատ չեր հերիքելու:

Զեյթունաչյան նաև առավոտները վազել էր սիրում, իսկ ես այդ ապուշ զբաղմունքը չէի հասկանում. չէ՞ որ կարելի է առավոտները հենման դիրք ընդունել ու մկաններ զարգացնել:

Մի օր բախտս բերեց ու զեյթունաչյան բացեց դուռը: Կեղտոտ կոշիկներով ուղիղ քշեցի դեպի խոհանոց ու կեղտոտ կոշիկներով բարձրացա աթոռին` արտագրելու տվյալները: Դուրս գալիս նույնիսկ  հուսապարգևող ժպիտ տեսա նրա դեմքին, բայց չէ, նույն անգլիական քաղաքավարի, բայց մերժող ֆեմինիստական ժպիտն էր: Հենց այդ քաղաքավարության համար էի ուզում ջարդել նրա լուսատախտակը: «Կգա ժամանակ ու դու ինձ այս գազի հաշվիչից առավել հետաքրքիր չես լինի»,- ուզում էի արտաբերել:

«Արթուր հոպար, ես քեզ հետ միասին թքում եմ բոլոր կնամեծարների դեմքին»,- մտածում էի տուն գնալիս:

Արթուր հոպարի գրքից հետո երթուղայինում այլևս տեղս չէի զիջում երիտասարդ աղջիկներին, ու դրանից, չեմ թաքցնում՝ որոշակի գոհունակություն էի ստանում:

Մեկ ուրիշ յութուբային հերոս դեպրեսիայից դուրս գալու համար խորհուրդ էր տալիս գրի առնել բոլոր հետաքրքիր զբաղմունքները: Գրի առա, բայց արաղ խմելուց բացի ոչ մի ուրիշ բան գլուխս չեկավ…

Մի օր էլ արթնանում եմ, տնից դուրս գալիս ու ոչ մի կոնկրետ տեղ չեմ գնում, պարզապես վազում եմ անհայտ ուղղությամբ: Ընթացքում ուզում եմ Delete-ի կոճակը գտնել, բայց չեմ գտնում, ու վազում եմ, վազում, վազում… Դեպի անհայտություն, դեպի այնտեղ, որտեղ լավ է…
*Արթուր Շոպենհաուեր

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29