Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակցի գյուղապետերը, բժիշկները, փաստաբաններն ու արվեստագետները դեմ են մարզպետի փոփոխությանը

Փետրվար 13,2016 15:00

ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին պաշտոնազրկելու ու սոցիալապես ծանր այս տեղանքը ՀՅԴ-ի կառավարմանը հանձնելու մասին պտտվող խոսակցությունները բավական մեծ անհանգստություն են առաջացրել բնակիչների, հատկապես աշխատանքի բերումով մարզպետի հետ անմիջականորեն շփվող համայնքապետերի ու մյուս պաշտոնյաների մոտ: Վերջիններս վրդովված են այն փաստից, որ փոփոխություններ կատարելիս իրենց կարծիքը բացարձակապես հաշվի չեն առնում: Մի քանի օր է՝ Շիրակի մարզի տարբեր տարածաշրջանների՝ Արթիկի, Անիի, Աշոցքի գյուղապետերը խումբ-խումբ հավաքվում ու մարզպետարան են այցելելում՝ Ֆելիքս Ցոլակյանին հորդորելով մերժել իր պաշտոնը ՀՅԴ թեկնածուին զիջելու առաջարկը, այլապես նախազգուշացնում են, որ կհավաքվեն ու բողոքով կհասնեն վարչապետի մոտ:

«Առավոտ»-ն այս թեմայի շուրջ լսեց մարզի տարբեր գյուղապետերի կարծիքները. նշենք, որ Շիրակի մարզը ունի 119 համայնք: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից վերցնելով գյուղապետերի հեռախոսահամարները՝ հերթով զանգահարեցինք նրանց: Հարցին՝ կան խոսակցություններ, որ Շիրակի մարզը հանձնելու են ՀՅԴ-ի կառավարմանը, Ազատանի ՀՀԿ-ական գյուղապետ Վարդան Իկիլիկյանն արձագանքեց. «Աստված չանի»՝ շարունակելով. «Մարզպետի անձը շատ կարեւոր է գյուղապետերի համար: Ես դեմ եմ մարզպետի փոփոխությանը, ու դրա համար շատ պատճառներ կան: Այն, որ մարզպետ Ցոլակյանն անընդհատ հասանելի է թե՛ գյուղապետերին, թե՛ ժողովրդին, դա բոլորս տեսնում ենք: Ֆելիքս Ցոլակյանի մարդկային բարձր արժանիքները մեզ ավելի շատ են պարտավորեցնում: Սա առաջին փաստն է, երկրորդը՝ գիշեր լինի, թե ցերեկ, մարզպետի ձեռքի հեռախոսին կարող ենք զանգել, հարց լուծել, տեսե՞լ էինք նման բան Շիրակի մարզում. եթե այդ պահին նա զբաղված է, չի հասցնում պատասխանել, պարտադիր պիտի հետ զանգի: Իր հետաքրքրվածությունը իր մարզի հանդեպ այն աստիճան է, որ մարզպետը հասանելի է մեզ համար գիշեր, թե ցերեկ, դա ամենակարեւորն է մեզ համար: Բացի դրանից, իր ձեւավորած հարաբերություններն ավելի պարտավորեցնող են, քան իբր թե ավելի պահանջկոտ մարզպետներինը: Ֆելիքս Ցոլակյանը գյուղի մարդ է, լավ է հասկանում գյուղական խնդիրներից, առօրյայից, լավ է տեղեկացված, պատահական մարդ չէ, էլի, դրա համար շատ ենք ուզում, որ ինքն անպայման մնա մարզպետ: Սա է իմ խնդրանքը Սերժ Սարգսյանին: Ճիշտ հասկացեք, եթե ուզում են մեկ ուրիշին նշանակել մարզպետ, ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, եթե ունենամ էլ, գիտեք, կասեմ դեմերես՝ առանց վախենալու, թե հետո հաշվեհարդար կտեսնի, պարզապես ինքը բարձր արժանիք ունեցող ղեկավարներից է, մարդ է: Եթե ժողովուրդը, գյուղապետերը մի հարցով ընդդիմանում են, ազատ արտահայտվում են Ֆելիքս Ցոլակյանի մոտ, սա եւս նրա արժանիքն է՝ որ լսում է, հաշվի նստում: Ժողովուրդն ընդունում է նրան»:

Նոր Կյանք գյուղի անկուսակցական գյուղապետ Արա Սուքիասյանն էլ նեղվեց, որ իրենց կարծիքն այս հարցում հաշվի չեն առնում: «Գյուղի այն խնդիրները, որոնք կախված են Ֆելիքս Ցոլակյանից, նա առանց խնդիրներ ստեղծելու լուծում է, չի մերժում, լավ մարդ է ու շատ լավ ղեկավար, ժողովրդի կողքին է: Ցանկալի է՝ ինքը մնար մարզպետ, բայց եթե քաղաքական որոշում է, գյուղապետերին ո՞վ է հաշվի առնողը: Երբեւէ չեն հարցնում՝ դուք ի՞նչ կարծիք ունեք, չեն հարցրել ու չեն էլ հարցնի մեր կարծիքը, լավ չէ՞ր լինի մի հատ էլ մեզանից հարցնեին, մենք ենք վերջը հետը աշխատում: Ստացվում է, որ այս հարցը մեզանից կախված չէ»,- ասաց Նոր Կյանքի գյուղապետը:

4-1-2

Հառիճի ՕԵԿ-ական գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն էլ մտահոգված է, թե «յեսիմ ում բերեն մարզպետ»: «Գիտեք ինչ, Ֆելիքս Ցոլակյանը համեստ, շնորհքով ու աշխատող մարդ է, ես գոհ եմ իր աշխատանքից: Այն հարցերը, որոնք անհրաժեշտ են համայնքներում լուծելու, մարդկայնորեն է մոտենում, լուծում է՝ առանց խտրականություն դնելու համայնքների միջեւ: Չենք ուզում փոփոխություն, յեսիմ ում են նշանակելու»,- ասաց Հառիճի գյուղապետը:

Արեւշատի անկուսակցական գյուղապետ Սայաթ Խաչատրյանն էլ է դեմ մարզպետի փոփոխությանը, չի ուզում ամբիցիաներով պաշտոնյայի: «Ես դեմ եմ մարզպետի փոփոխությանը. Ֆելիքս Ցոլակյանը բարեխիղճ ու շատ մարդամոտ է, պրոբլեմները լուծող մարդ է, պրոբլեմ ստեղծող չէ: Ես շատ կափսոսամ, եթե հանեն նրան: 10 տարվա գյուղապետ եմ, շատ մարզպետների հետ եմ աշխատել, կարող եմ ասել, որ Ֆելիքս Ցոլակյանն ավելի հետեւողական ու ժողովրդամոտ է, իր հետ հեշտ է: Հիմա նոր մարդ գա՝ նոր ամբիցիաներ, առանց այդ էլ մի հաճելի բան չկա, հոգսերը շատ, հոգնել ենք արդեն: Ֆելիքս Ցոլակյանը գյուղացի մարդ է, այդ հոգեբանությամբ էլ իր հետ աշխատում ենք»,- ասաց Սայաթ Խաչատրյանը:

Քարաբերդի գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Բուլոյանն էլ ասաց, որ մյուս բոլոր գյուղապետերի պես ինքն էլ դեմ է մարզպետի փոփոխությանը: «Ճիշտն ասած, մարդկային նորմեր կան, դուք ավելի շատ եք շփվել ու գիտեք մեր մարզպետի պահվածքը, կեցվածքը, մարդկային բոլոր հատկանիշները: Ինքը շատ հեշտ է հարցեր լուծում, միջնորդություն համապատասխան տեղերի, գյուղի, ժողովրդի, հիվանդանոցների հետ կապված… Բոլորի հարցերով զբաղվում է այդ մարդը: Մյուս գյուղապետերի նման՝ ես էլ շատ կցանկանայի, որ Ցոլակյան Ֆելիքսը մնար, ու ինձ թվում է՝ ոչ միայն ես, այլեւ Շիրակի մարզի ողջ ժողովուրդը կուզենար: Ցավն այն է, որ մեր դեմ ու կողմ լինելը ոչ մեկը հաշվի չի առնում: Եթե մեզ հարցնեին, ոչ միայն ինձ, այլեւ Շիրակի մարզի ցանկացած քաղաքացու մոտենային ու ասեին՝ Ցոլակյան Ֆելիքսին ուզո՞ւմ եք տանեն, վստահ եմ՝ միանշանակ կասեն՝ չէ, պիտի մնա: Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ նման բան տեսնում, որ լրագրողները ու բոլոր մարդիկ ուզենային, որ մարզպետը մնար: Էսքան մարզպետ եկել, գնացել էր, ոչ մեկը դեմ չէր ընկել, որ հեռանում են: Անկախ իր պաշտոնեական դիրքերից՝ Ֆելիքս Ցոլակյանը լավ անձնավորություն է»,- ասաց Մհեր Բուլոյանը:

Մարզպետի հնարավոր փոփոխության մասին զրուցեցինք նաեւ Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանի հետ: «Ցավոք, ինձ չեն հարցնում մարզպետ փոխելիս, ես չեմ որոշողը՝ ով է գալու. նախագահը պիտի նշանակի, ես չեմ նշանակում: Ով էլ գա, հետը պիտի աշխատենք՝ աշնակ լինի, դաշնակ լինի, ես էլ ուրիշների պես սապոնը ձեռքիս ման չեմ գալիս, ինչի հասել եմ, իմ վազքի շնորհիվ է, բայց կասեմ, որ հիմիկվա գործող մարզպետին շատ եմ հարգում, շատ եմ ընդունում: Այս մի քանի տարվա մեջ Ցոլակյանը ամենահաջողված մարզպետն է, միայն գործունեությունը չէ, ինքը մարդ է: Չեմ տեսել, որ մարդկանց հուսախաբ անի, խաբի: Ֆելիքս Ցոլակյանը շատ հարմար է մեր մարզին: Ուղղակի ցավն այն է, որ իմ կարծիքը քիչ նշանակություն ունի այս հարցում, եթե պիտի բանը հասնի նրան, որ պիտի փոխեն, գոնե խելքը գլխին մարդ նշանակեն, թեկուզեւ դաշնակների միջից, մարզին օգուտ տա, դարդ ու ցավերը լուծի»,- ասաց Վարդաքարի գյուղապետը:

«Գյումրի բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանն էլ ասաց. «Ես անկուսակցական եմ ու որպես բժիշկ՝ ինձ համար ամենակարեւորը իմ մարզի բնակիչների առողջությունն է, բայց այդ ամենը կազմակերպելոււ համար պարզ է, որ պետք է ունենալ Ֆելիքս Ցոլակյանի պես ղեկավար: Ես առաջին պահից զգացել եմ նրա ավագ ընկեր լինելը, նա ամեն ինչ անում է, որ հիմնախնդիրները լուծում ստանան: Այսպիսի պահ կա, չէ՞, երբ բոլորս լույսին սովորել ենք, հիմա լույսը անջատում են, մենք էլ չենք ընդունում մթին ապրելը, թեկուզեւ կես ժամ լույսն անջատեն, դժվար է ապրելը: Բարձր որակի, խորհուրդ տվող, կյանքի մեծ փորձ ունեցող մարզպետի մենք սովոր ենք, ով էլ լինի, պիտի Ֆելիքս Ցոլակյանի չափորոշիչներին համապատասխան լինի, եթե պակաս եղավ, մեզ իրականում մեծ խնդիր կլինի: Ինքը պահանջված մարզպետ է, մեզ կուսակցական պահերը չեն հետաքրքրում, մեզ հարց լուծող մարզպետ է պետք: Ֆելիքս Ցոլակյանին բոլորը ընդունում են, այդ թվում՝ բոլոր կուսակցությունները»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանն էլ մարզպետի հնարավոր փոփոխության մասին ասաց, որ իրենք իրենց իրավունք չեն վերապահում ասելու՝ դեմ են, թե կողմ, քանի որ պետական պաշտոնյայի փոփոխությունը կատարվում է համապատասխան անձանց կողմից, սակայն, ըստ նրա, իրենք Ֆելիքս Ցոլակյանի հետ աշխատում են հրաշալի մթնոլորտում ու կուզենային, որ դա մի քանի տարով երկարաձգվեր: «Պարոն Ցոլակյանի հետ մենք աշխատում ենք արդեն մի քանի տարի, երբ նշանակվել է Շիրակի մարզպետ: Միշտ ուշադիր թատրոնի հանդեպ, միշտ կարեւորելով թե՛ ցանկացած ներկայացում, թե՛ թատերական նախագիծ: Մշտապես լինելով քաղաքի երիտասարդների կողքին՝ ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ պարտադիր հանդիպել ենք, քննարկել ենք, իր կողմից ստացել ենք համապատասխան օժանդակությունը՝ լինի խորհրդի կարգով, միջնորդության կարգով, թե ստեղծագործական մտքի փոխանակման կարգով: Իր պաշտոնավարման տարիներին շատ հետաքրքիր ստեղծագործական աշխատանք ենք տարել միասին:

Մեր վերջին համագործակցությունը թատրոնի միջազգային օրվան է նվիրված: Գյումրու դրամատիկական թատրոնը հեռուստատեսային շարք է նկարահանում, քաղաքի պաշտոնյաները, գերատեսչությունների ղեկավարները աֆորիզմներ են կարդում թատրոնի մասին, առաջինը մարզպետը եղավ, որ եկավ թատրոն, նկարահանվեց էդ գովազդային տեսահոլովակում եւ դրանով իսկ մեկ անգամ փաստեց, որ քաղաքի ստեղծագործական կյանքը իր համար շատ կարեւոր է, երիտասարդների ստեղծագործությունն առավել եւս իր համար կարեւոր է: Արվեստագետները միշտ նրա ուշադրության կենտրոնում են, չի եղել որեւէ հարց, որ մնա անպատասխան նրա կողմից: Մենք հրաշալի աշխատանքային տարիներ ենք ունեցել միասին ու կուզենայինք, որ շարունակվեին դրանք»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ դեմ է մարզպետի փոփոխությանը: Ըստ նրա՝ եթե խստապահանջ շիրակցիները Ֆելիքս Ցոլակյանին ընդունում ու չեն քննադատում, սա նշանակում է, որ նա Շիրակի մարզին համապատասխանող մարզպետ է: Նախկին ԱԱԾ-ական Երվանդ Աթոյանն էլ իշխանություններին հիշեցրեց, որ շուտով Գյումրու քաղաքապետի ընտրություններ են, իսկ որպեսզի դրանք անցնեն հանդարտ, «թայֆայություններ չլինեն», Ֆելիքս Ցոլակյանի մնալը մարզպետի պաշտոնում հենց իշխանություններին շատ ձեռնտու կլինի:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29