Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագում կրկին քննարկվեց եւ հետաձգվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

Փետրվար 25,2016 23:18

Դեռեւս նախորդ տարվանից Գերմանիայի Բունդեսթագում գտնվող, Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն այսօր էլ քննարկվեց Բունդեսթագում եւ հերթական անգամ դրա ընդունումը հետաձգվեց: Նախորդ տարի մայիսին բանաձեւի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվել էր:

Գերմանաբնակ մեր հայրենակից, Գերմանիայում Ցեղասպանության 100- ամյակի վերաբերյալ կայքի պատասխանատու, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Վարուժան Բաբախանը իր Ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այսօր Բունդեսթագում կայացած քննարկումներին, որոնց, ի դեպ, մասնակցում էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրել է. «Քիչ առաջ վերջ գտավ Գերմանիայի Բունդսթագում կանաչների կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը։ Քրիստոնյա- դեմոկրատ, Սոցիալ-դեմոկրատ և Քրիստոնեական միություն կուսակցությունները ժամկետի հետ համաձայն չէին, նշում էին, որ դա կվնասի մյուս շաբաթ Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովին։

Բոլոր կուսակցությունները միաձայն ընդունում էին Հայոց Ցեղասպանությունը, ոչ մեկը չէր ժխտում կամ տարակուսանք հայտնում, միայն թե ժամկետի հետ համաձայն չէին, Թուրքիայի հետ փախստականների հարցով ուզում են այս րոպեիս հասնել համաձայնության։

Քրիստոնյա- դեմոկրատներն առաջարկեցին բանաձևը քվեարկության չդնել և մինչև 2016 թվականի ապրիլ 24-ը (քիչ այս կամ այն կողմ) միասնական համաձայնության գալ և միասնական բանաձևը այն ժամանակ ավելի բարենպաստ վիճակում քննարկման դնել։

Բանաձևը քվեարկության չդրվեց, այսինքն` չմերժվեց, եւս մի քանի ժամանակով հետաձգվեց։

Միասնական Բանաձևում քննարկման է դրվելու՝
Ա) Ցեղասպանության հստակ ճանաչումը և դատապարտումը Գերմանիայի կողմից։
Բ) Գերմանիայի դերը ցեղասպանության մէջ, ընդունելը։
Գ) Ամեն ինչ անել՝ Թուրքիա- Հայաստան սահմանը բացելու առումով։

Սոցիալ-Դեմոկրատների կողմից առաջարկ է եղել Գերմանիայի արխիվները ցեղասպանության առումով թվայնացնել և ներառել համացանցում՝ թարգմանելով տարբեր լեզունների՝ անգլերեն, թուրքերեն, հայերեն»։

Այս փաստարկումներից հետո պարոն Բաբախանը ներկայացնում է իր անձնական կարծիքը. «Իմ անձնական կարծիքը սա է. ես դրական եմ համարում այսօրվա քննարկումը, թեկուզ անարդյունք, բայց իրականում որքան նման կառավարական մակարդակով քննարկումներ են լինում, այդքան հող է նախապատրաստվում ապագայում Հայության շահերի պաշտպանման համար»։

«Առավոտի» հարցին՝ արդյո՞ք Կանաչների կուսակցության ներկայացրած բանաձեւը նո՞ւյն բանաձեւն է, ինչ որ անցյալ տարի էր ներկայացվել Բունդեսթագ եւ հետաձգվել, պարոն Բաբախանը պատասխանեց. «Այո, այդ բանաձևի քննարկումն էր, ավելի շուտ երեք կուսակցություն երեք բանաձև էին ներկայացրել, կանաչները հիմա իրենցն էին քննարկման ներկայացրել։ Հիմա տեսնենք հանգամանքները ինչպես կլինեն՝ միասնական բանաձևի համար»: Խնդրանքիս՝ ավելի մանրամասնել երեք կուսակցությունների բանաձեւերի մասով, պարոն Բաբախանը ճշտեց. «Անցյալ տարի երեք կուսակցությունները ներկայացրեցին իրենց բանաձեւերը: Կանաչները հստակ խոսում էին ցեղասպանության և դատապարտման մասին։ Նաեւ Ձախերինը այդպես էր, բայց Ձախերն ավելի կենտրոնանում էին Գերմանիայի դերի մասին և դատապարտման մասին։ Քրիստոնյա-դեմոկրատները ցեղասպանության պահն ավելի մշուշոտ էին ձևակերպել։ Այս երեքի մէջ տարաձայնություն եղավ, եւ հարցը գնաց քննարկումների, որը տեւեց մինչև այսօր։ Անցյալ շաբաթ Կանաչների առաջնորդ Չեմ Օզդեմիրը ասաց՝ հերիք է, մենք մեր բանաձևը քննարկման կդնենք: Այսօրվա քննարկման ընթացքում Քրիստոնյա-դեմոկրատներն ասացին՝ «մենք սրտանց և պարզ ձեռք ենք մեկնում, իրար հետ այս հարցում խոսենք և արագ համաձայնության գանք և ամենաբարենպաստ ժամկետում բերենք Բունդեսթագի քննարկմանը, որ մեր շահերին էլ չվնասի»։ Օզդեմիրը գնաց Քրիստոնյա-դեմոկրատների գլխավոր քարտուղար Վոլկեր Քաուդերի հետ խոսեց, պայմանավորվեցին և այսպիսով և այդ պատճառով հետաձգեցին»։

Մեր մյուս հարցը՝ հնարավո՞ր է, որ կանցլեր Մերկելի ներկայությունը որեւէ ձեւով ազդեց Բունդեսթագում բանաձեւը չընդունելու, ավելի ճիշտ հետաձգելու վրա, պարոն Բաբախանի ծիծաղը հարուցեց. «Բնավ՝ ոչ: Նա կեսից եկավ, իր պայուսակը մի կողմ դրեց, իր գլխավոր քարտուղարին կանչեց, գնացին մի անկյուն նստեցին եւ սկսեցին զրուցել… թե ինչի մասին՝ Աստված գիտի»:

Պարոն Բաբախանը նաեւ տեղեկացրեց, որ քննարկման ավարտից հետո Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի նախագահ Թեսսա Հոֆմանը հանդիպեց եւ զրուցեց Կանաչների կուսակցության նախագահ և բանաձևը ներկայացնող Չեմ Օզդեմիրի հետ։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29