«Ներառականությունը չի ենթադրում, որ երեխային պետք է տանես, դնես դպրոցում, հետո իրի նման վերցնես, բերես տուն»

«Ներառականությունը չի ենթադրում, որ երեխային պետք է տանես, դնես դպրոցում, հետո իրի նման վերցնես, բերես տուն»

Նեղ ու մութ աստիճաններով բարձրանում եմ: Հեռախոսի լույսով լուսավորելով շրջակայքս՝ բարձրանալուն զուգընթաց մտածում եմ՝ տեսնես Նարեկին ինչպես են իջեցնում ու բարձրացնում այս աստիճաններով… Վերջին՝ 5-րդ հարկում, չեմ հասցնում զանգը տալ, դուռն արդեն բացվում է. Նարեկն ու նրա ծնողները սպասում են:

Մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ) ախտորոշմամբ 11-ամյա Նարեկը շատ է սիրում, երբ իրեն հյուր են գնում, և իր լուսավոր, բարի աչքերի ժպիտով է դիմավորում: Մինչ Նարեկն ինձ զարմացնում է այփադից օգտվելու իր կարողություններով և ուշադրությունս է գրավում իր սիրած խաղի վրա, ծնողները հպարտությամբ պատմում են Նարեկի մասին:

«Նարեկը շատ է սիրում կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով: Միշտ ընտրում է մարդկանց, որոնք տխուր են, անտրամադիր, և կարծես օգնում է նրանց: Հայրիկս առաջ հաճախ էր Նարեկին զբոսնելու տանում, և ամեն անգամ մի բան լինում էր պատմելու. ասում է՝ տեսնում եմ դիմացից ընկճված մարդ է գալիս, մեկ էլ հանկարծ լուսավորվում է, արդեն գիտեմ, որ Նարեկը բռնացրել է նրա հայացքը և իր ժպիտով լուսավորել է այդ մարդուն: Տղաս իր շուրջը երջանկություն է տարածում. ուր մեկ անգամ լինում է, արդեն միշտ սպասում են նրան»,- պատմում է Նարեկի մայրը՝ Զարուհի Մխիթարյանը:

Zaruhi--Narek

Նարեկը Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտ է՝ 6-րդ դասարանցի. 1-3-րդ դասարաններում պարտաճանաչորեն դպրոց է գնացել, սովորել է իր համադասարանցիների կողքին, բայց այսօր արդեն Նարեկի ծնողներն ընտրել են տնային ուսուցումը, քանի որ մեծանալուն զուգահեռ դժվարացել է նաև ծնողների հոգսը` արդեն անգամ նրան աստիճաններով իջեցնելն է մեծ խնդիր, ուր մնաց դպրոց հասցնելը.

«Նարեկին դպրոց հասցնելը շատ բարդ է, և հարցը միայն թեքահարթակների բացակայության մեջ չէ: Ներառականություն չի նշանակում, որ երեխային տանես, դնես դպրոցում, հետո իրի նման վերցնես, բերես տուն: Եթե համակարգը ներառականություն է ենթադրում, ուրեմն երեխան իրոք պետք է ներառվի՝ գոնե դպրոցի տարածքում սայլակով տեղաշարժվելու հնարավորություն ունենա, կարողանա օգտվել զուգարանից, բուֆետից»,- ասում է Զարուհին:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Անահիտ Բախշյանը, ով ներառական կրթության հիմնադիրներից է և 16 տարի առաջ հենց իր ղեկավարած դպրոցում է առաջինը ներդրել այն, ասում է, որ այս տարիների ընթացքում ներառականությունը հասկացությունից վերաճել է օրենքի և հասարակության մեջ վերաբերմունքի լուրջ փոփոխություն է տեղի ունեցել դեպի հաշմանդամություն ունեցող երեխայի կրթության իրավունքը:

Nerarakan-Narek1

«Յուրաքանչյուր համայնք տեսնում է, թե ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան մտավ դպրոց և ինչ հաջողություններ գրանցեց: Այսինքն՝ սոցիալիզացման խնդիրը լուծվում է դրանով, ինչն էլ նպաստում է երեխայի կրթության որակի բարձրացմանը և կոտրում այն կարծրատիպը, որ այդ երեխայի հնարավորությունները սահմանափակ են: Երեխան նախ իրեն, հետո ընտանիքին է ապացուցում, որ կարող է, դա տեսնում է դասարանը, տեսնում է համայնքը և սկսում է հասկանալ, որ գաղափարը ճիշտ է»,- նշում է Բախշյանը՝ հավելելով, որ 2014թ-ին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ համընդհանուր ներառական կրթությունը ՀՀ-ում ամրագրվել է որպես պետական քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այն այլևս քննարկման ենթակա չէ, իրողություն է, և որին անցումը աստիճանաբար պետք է լինի:

Մինչդեռ ներառական կրթությունը ոչ միանշանակ է ընդունվում բոլորի կողմից: Մասնագիտությամբ հոգեբան Կոնստանտին Տեր-Նակալյանը, որը խնդրին ծանոթացել է նաև գործնականում, եկել է այն եզրակացության, որ ծրագիրը շատ բացեր ունի և «Հայաստանում այն վնասից բացի ոչինչ չի կարող բերել».

«Այն համակարգը, որ ներդրված է հիմա Հայաստանում, այն ձևը, որով իրականացվում է, աղետ է թե՛ այն երեխաների համար, որոնց անունից հանդես գալով՝ այս ռեֆորմը կյանքի կոչեցին, թե՛ այն երեխաների համար, որոնք կրթության առանձնակի պայմանների կարիք չունեն»,- համոզված է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ընդհանրապես ներառական կրթությանը դեմ չէ. «այն շատ ակտուալ, ճիշտ ու մարդասիրական գաղափար է»:

Narek

Հոգեբանը համընդհանուր ներառականության ծրագրի իրականացման թերացումները երեք խմբի է բաժանում: Նախ՝ ռեֆորմի մշակումն ու կիրառելիությունը Հայաստանում.

«Օրինակ՝ հետազոտություն չի արվել խտության վերաբերյալ, թե մի դասարանում կրթության առանձնակի պայմանների կարիք ունեցող քանի երեխա կարող է սովորել: Հետո՝ մանկավարժը չի հասցնում և՛ հավուր պատշաճի դասապրոցեսն իրականացնել, և՛ համապատասխան ուշադրություն դարձնել այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասում է նա` կարծիք հայտնելով, որ կիրառական մասով ռեֆորմը ոտքից գլուխ խայտառակություն է.

«Մինչև վերջերս գնահատման կենտրոնն իր եզրակացությունը տալիս էր մեկ օրվա ուսումնասիրությունների հիման վրա, իսկ այժմ արդեն` չորս: Հնարավոր է՝ երեխան այդ օրն անտրամադիր է, նեղացած է մորից, չի շփվում, ի՞նչ է, դա նշանակում է, որ նա խնդի՞ր ունի: Այդ կենտրոնն իր գործառույթը լիարժեք չի կատարում, բայց դրա տված գնահատականը հիմք է, որ մարդը պիտակավորվի, և սխալմունքը կարող է ճակատագրական լինել: Սխալ մեխանիզմ է դրված համակարգի հիմքում. գնահատման կենտրոնի տված եզրակացությունը պետք է պարբերաբար թարմացվի»:

Երկրորդ խնդիրն այն է, որ չունենք բավարար քանակի մոտիվացված մասնագետներ, որոնք պատրաստ են 40-50 հազար դրամի համար ահռելի աշխատանք տանել.

«Այս ռեֆորմի տակ խայտառակ փողեր են ֆռռում, բայց ֆռռում են տնօրենների, պաշտոնյաների, ՀԿ-ների գրպաններում, այլ ոչ թե ուսուցիչների և համապատասխան մասնագետների»,- նշում է նա և, խոսելով երրորդ խնդրի մասին, հավելում, որ հստակեցված չէ այն հիվանդությունների ցանկը, որոնցով երեխաները կարող են մտնել հանրակրթական դպրոցներ.

«Սոցիալիզացիան լավ բան է, բայց միշտ չէ, որ այն հնարավոր է. կան ախտորոշումներ, որոնց դեպքում, միևնույն է, արդյունքի չես հասնելու: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում հենաշարժական, լսողական, տեսողական խնդիրների դեպքում: Իմ դեմ լինելը կապված է մտավոր, այն էլ՝ ծանր մտավոր ախտորոշումների հետ: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, 3-րդ դասարանցու հոգեվիճակը, երբ նա գիտի, որ իրենց դասարանցի Պողոսիկը դասի կեսից սկսելու է գոռալ, և այդ պատճառով նա այլևս չի ուզում դպրոց գնալ: Ինչ-որ մեկը փորձո՞ւմ է մյուս երեխաների իրավունքների մասին մտածել»:

Նույնատիպ մտահոգություն բարձրացրել էր նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, սակայն դպրոցներում աշխատող և հենց երեխաների հետ շփվող մասնագետները խնդիրներն այլ տիրույթում են տեսնում:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանն ընդունում է, որ դեռևս շատ բացեր կան, որոշ բաներ սխալ են իրականացվում, սակայն վերաբերմունքի փոփոխությունն է առաջնայինը, որն այլ ճանապարհով հնարավոր չէ իրականացնել.

«Հեշտ է կողքից նայել ու որոշել, որ դպրոցը սխալ է իրականացնում ներառական կրթությունը, նաև պետք է ընդունել, որ ներառական կրթություն հասկացությունը չպետք է վերագրենք միայն կրթության առանձնակի պայմանների կարիք ունեցող երեխաներին, հուզակամային շատ խնդիրներ կան, որոնց մեջ երեխան պարբերաբար կարող է հայտնվել, օրինակ` ծնողների ամուսնալուծության պատճառով երեխան կարող է շատ վատ հոգեվիճակում հայտնվել, և նրա սովորելու մակարդակն ընկնի: Ի՞նչ անենք այս դեպքում, ասե՞նք, որ նա «ներառված երեխա» չէ և համապատասխան ծառայություն չտա՞նք նրան»,- ասում է հոգեբանը, պարզաբանելով, որ սա ընդհանուր մոտեցում է, որը ներմուծելով հնարավոր է փոխել բոլորի վերաբերմունքը.

«Ցանկացած երեխա, որն ունի յուրահատուկ մոտեցման կարիք, անկախ նրանից աուտիկ է, թե ՄՈւԿ ունեցող, պետք է ստանա դա»,- շեշտում է նա` հավելելով, որ այս կերպ էլ է պիտակավորման խնդիրը վերանում. «Դպրոցների գերակշռող մեծամասնությունում պահպանված է ներառական երեխա հասկացությունը, ինչը սխալ է. պետք է մարդկանց միջից արմատախիլ անել այն պատկերացումը, որ այս մի երեխան ներառված է, մյուսը` ոչ»:

Նույն դպրոցի դասվար Աննա Սաֆարյանի համար էլ ի սկզբանե դժվար է եղել ընդունել ներառականության գաղափարը, բայց աստիճանաբար այդ ամենն անցկացրել է իր ներաշխարհով և հաղթահարել է բարդությունները. «Մեծ կամք է պետք, սեր և նվիրում. եթե սիրում ես աշխատանքդ, խնդիրները հեշտ են հաղթահարվում»:

«Փոքր ժամանակ, երբ ես ինձանից տարբերվող մարդու էի տեսնում, խղճահարություն էի զգում, ինձ մեղավոր էի զգում, իսկ իմ աշակերտների մոտ նման բարդույթ չկա, և շատ լավ է, որ նրանք բոլորը միմյանց հավասարը հավասարի պես են ընկալում: Օրինակ` իմ դասարանում աուտիկ երեխա կար, որը քաշի խնդիր ուներ, բայց նրա դասընկերների համար դա առանձնահատուկ բան չէ` նրանք այդ երեխային իրենց խաղերի մեջ էին ներքաշում, վազում էին, օգնում: Բնականաբար նրանք գիտակցում են, որ իրենց ընկերն ինչ-որ բանով տարբեր է իրենցից, բայց նրանք այնքան բնական են վերաբերվում այդ տարբերությանը, օգնելու այնպիսի պատրաստակամություն ունեն, որ ծնողները պետք է միայն օրինակ վերցնեն»,- ներկայացնում է Սաֆարյանը` ցավով նշելով, որ երբեմն ծնողներն անտեղի աղմուկ են բարձրացնում.

«Մեկ էլ կզանգեն, կասեն` ինչ-որ խնդրով երեխան խփել է իմ երեխային, ես էլ պատասխանում եմ, որ բոլոր երեխաներն էլ կարող են վիճել, կռվել, խփել իրար, և չպետք է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ խփողը ինչ-ինչ խնդրով երեխա է եղել»:

Նարեկի մայրը` Զարուհին, ևս շեշտում է, որ երեխաները շփման խնդիր չեն ունենում, խնդիրները հիմնականում ծնողներն են ստեղծում.

«Նարեկին բոլորը շատ են սիրում, քանի որ նա շատ շփվող է ու բաց: Եթե անգամ պիտակավորում դրվում է, ապա մեծերի կողմից, որոնք իրենց երեխաներին դրդում են, որ չգնան շփման, բայց մեծն էլ պիտի հասկանա, որ այդ շփումն իր երեխայի համար դրական մեծ փորձ է կյանքի որոշ իրավիճակների պատրաստ լինելու և ճկունություն դրսևորելու տեսանկյունից»,- նշում է Զարուհին` հավելելով.

«Մեզ երբեմն հարցնում են՝ ինչների՞դ է պետք այս ամենը, եթե երեխան նույնիսկ գլուխը չի պահում: Բայց եթե մարդու ուղեղն այնքան կա, որ նա կարող է փայլուն սովորել, չօգնե՞նք նրան»:

Անահիտ Բախշյանն էլ գիտի, որ համակարգը դեռ շատ թերություններ ունի` դպրոցները հարմարեցված չեն, մանկավարժական կազմը լիովին պատրաստ չէ, բավարար հաստիքներ չկան, բայցև վստահ է՝ մինչև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան, մասնավորապես՝ հենաշարժական խնդիրներ ունեցողը, չմտնի դպրոց, նրա մասին հոգ չեն տանելու.

«Այո, շենքերը հին են, իսկ խորհրդային տարիների շենքերը հարմարեցված չէին, և երևի մոտակա հարյուր տարում չունենանք ամբողջովին հարմարեցված շենքեր: Ուրեմն ի՞նչ. եթե շենք չենք ունենալու, փակե՞նք երեխայի կրթության իրավունքի դուռը: Ժամանակն է, որ մեր հասարակությունը հասկանա՝ ներառական կրթությունը միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին չի վերաբերում. կարող է երեխան շատ լավ պայմաններում է ապրում, բայց վատ դաստիարակության պատճառով չի սովորում: Այդ երեխայի համար նույնպես ներառական կրթություն պետք է իրականացվի»,- ասում է Բախշյանը:

Նա նաև ընդունում է, որ մասնագետների խնդիր ունենք, բայց Մանկավարժական համալսարանում արդեն երրորդ տարին է ներդրվել է ներառական կրթության դասավանդումը:

«Մենք չպետք է ասենք՝ չունենք, չենք անում: Աշխարհում այս շարժումն առաջացավ այն ժամանակ, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն աղմուկ բարձրացրին, իրենց երեխաներին դպրոց տարան, և ամեն ինչ սկսեց հարմարեցվել նրանց համար»,- ասում է նա:

Տեր-Նակալյանը, սակայն բարձրացնում է մեկ այլ խնդիր ևս` ռեֆորմի շուրջ ստեղծված «ճշտի մոնոպոլիայի» և քննադատական որևէ կարծիքի նկատմամբ անհանդուրժողականությունը.

«Եթե փորձում ես բարձրաձայնել խնդիրների մասին, քեզ մեղադրում են ընտրողականության, հակահումանիզմի, ֆաշիզմի և բոլոր մահացու մեղքերի մեջ: Ծնող կա՝ գիտակցում է, որ իր երեխայի դպրոց գնալը հավելյալ բեռ է և՛ իր, և՛ դպրոցի համար, երեխայի համար էլ հավելյալ սթրես է, և նախընտրում է տնային ուսուցումը: Բայց նման ծնողին անարգանքի սյունին են գամում, թե բա մենք այսքան պայքարենք ձեզ համար, իսկ դուք դավաճանե՞ք մեր գաղափարին»,- նկատում է նա և հավելում, որ չի ուզենա, որ իմ երեխան հայկական դպրոցում սովորի, եթե այս ռեֆորմը նույն կերպ շարունակվի:

Խնդիրների մասին բարձրաձայնում են նաև 2013թ. 5 թիրախային մարզերում գործող 34 ներառական դպրոցներում իրականացված «ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում» ուսումնասիրության հետազոտողները` համապարփակ ներկայացնելով խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները, սակայն ծրագրի կարևորագույն նվաճումներից է վերաբերմունքի փոփոխությունն ու կրթության առանձնակի պայմանների կարիք ունեցող երեխաների վարքում և կրթական արդյունքներում արձանագրած հաջողությունները:

Նվաճումները գնահատում է նաև Զարուհին, ասելով, որ կարևոր է երեխաների դպրոցում լինելը, շփումն ու սոցիալիզացիան.

«Ցանկացած ծնող երազում է այն օրվա մասին, երբ իր երեխային կտանի դպրոց հնարավորինս քիչ խոչընդոտներ հաղթահարելով, բայց մեր երկրում դա դեռ հնարավոր չէ.

«Իհարկե, ներառականությունը շատ ճիշտ է և հերոսություն չէ, որ պետությունը թույլ է տվել նման երեխաներին մյուսների հետ դպրոց հաճախել»,- ասում է Զարուհին ու ներկայացնում Նարեկի հետագա ուսման իրենց ծրագրերն ու հույսերը, որոնք հնարավորություն կտան փայլուն ընդունակություններով իրենց որդուն հետագա կյանքը ինքնուրույն անցկացնելու և իրապես ներառվելու հասարակությանը.

Անի Ռափյան

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:  

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: forequalrights.armenia@gmail.com, Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ծովինար says:

    Ես պրակտիկաս անց եմ կացրել Գայի անվան 129 դպրոցում..և մքեզ հնարավորություն ընձեռնվեց տնային այցեր կատարել…այդ օրը տնային ուսուցման պետք է գնար դպրոցի մանկավարժներից մեկը և մենք էլ նրա հետ…մենք Նարեկի մոտ: Աստված իմ Նարեկը ուղղակի մի հրաշք,լուսավորություն..շատ լավն էր..Նարեկը ինձ համար հրեշտակի կերպար է…Ես շատ սիրեցի նրան ու շատ եմ կարոտում…մենք ամպայման դեռ այցելելու ենք Նարեկին..Նարեկին ես առողջություն եմ ցանկանում և ցանկանում եմ ,որ Աստված նրա կողքին միշտ լինի…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք