Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարում` 2.18 միլիարդ ԱՄՆ դոլար Հայաստանին

Մարտ 31,2016 15:00

Միացյալ Նահանգները տարիներ շարունակ խոշորագույն դոնոր է մեր երկրում

Մարտի 28-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Փետրվարին Երեւան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նյուլանդը, որն ընդգծեց, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները: Նյուլանդը հավելել էր, որ ԱՄՆ-ը խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում, եւ ընդգծել էր վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները:

Վաշինգտոնը սկսել է ավելի հաճախ խոսել Հայաստան-ԱՄՆ հետագա հարաբերությունների խորացմանը խոչընդոտող երեւույթների մասին: «Կոռուպցիան խոչընդոտում է մեր բոլոր ընդհանուր նպատակների իրականացմանը»,- մի առիթով նշել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը` փաստելով, որ քաջալերում են Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը: «Հայաստանը շարունակում է ներդրումների համար կարեւոր վայր մնալ եւ ունի մի քանի ռազմավարական առավելություններ. շատ կիրթ աշխատուժ, աշխարհագրական կարեւոր դիրք՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Բայց ես նաեւ ցանկացած ներդրողի, անկախ այն բանից՝ սփյուռքահայ է, թե ամերիկացի գործարար, ասենք՝ Միսիսիպիից, կասեի, որ նրանք պետք է ուշադիր լինեն, այլ կերպ ասած՝ հիշեն Ռոնալդ Ռեյգանի իմաստուն խոսքերը՝ «վստահիր, բայց ստուգիր»»,- ասել էր դեսպանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում:

Օրեր առաջ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը հայտնեց, որ պաշտոնական Վաշինգտոնը Երեւան է գործուղել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ խթանելու հայաստանյան ապրանքների արտահանումն ԱՄՆ: Հայկական կողմի առաջարկով Երեւանում գտնվող ԱՄՆ Արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը նշել էր. «Զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար նախատեսված այս ծրագրից օգտվելով՝ հայ գործարարները կարող են առանց տուրքերի 3500 ապրանքատեսակ արտահանել ԱՄՆ: Արտոնյալ այս պայմաններով ԱՄՆ-ը կարող է նոր շուկա դառնալ հայաստանյան մի շարք ապրանքների, օրինակ՝ ձկնկիթի համար, եւ ես հույս ունեմ, որ մեր հանդիպումից հետո հայ գործարարները կկիրառեն այս գործիքը՝ ընդլայնելով առեւտուրը Միացյալ Նահանգների հետ»:

Անցյալ տարի Հայաստանից ԱՄՆ է արտահանվել շուրջ 63 միլիոն դոլարի ապրանք, հայ գործարարների գերակշիռ մասը օգտվել է արտոնությունների համակարգից՝ տնտեսելով գումարներ ու առավել մրցունակ դարձնելով իր արտադրանքը: Մասնավորապես, Հայաստանը առանց տուրքերի ԱՄՆ է տանում ալյումինի փայլաթիթեղ, մետաղյա զարդեր, հյութեր ու հանքային ջրեր: «Այս ցանկը կարող է շատ ավելի ընդլայնվել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու խթանելով տնտեսության աճը»,- նկատել էր Լարսենը` հավելելով. «Հայաստանը արտահանելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, պետք է ուղղակի բարձրացնել գործարարների իրազեկվածությունը: Ես այստեղ եմ՝ օգնելու այդ հարցում, եւ կարծում եմ՝ հաջողության բազմաթիվ պատմություններ դեռ առջեւում են»: Փոխդեսպանն ընդգծել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ կերպ չի խոչընդոտի Վաշինգտոնի հետ առեւտրային կապերի ընդլայնմանը:

ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերություններում կարեւոր քայլ արձանագրվեց անցյալ տարի մայիսին: Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ տարիներ շարունակ բանակցված «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ընդլայնմանը: Հայաստանին օգնելու միջոցներից մեկը նաեւ այս պայմանագիրն է, որն ավելի մեծ հնարավորություն կարող է տալ Հայաստանին՝ գրավելու արտասահմանյան, մասնավորապես՝ ամերիկյան ներդրողներին:

ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի համար համաձայնագրի ստորագրումն իսկապես լուրջ հնարավորություն է, որի կյանքի կոչման համար բավական աշխատանք է իրականացվել:
Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հանդիսանում է խոշորագույն դոնոր Հայաստանում: Սակայն, չնայած Վաշինգտոնի ջանքերին` իրական առաջընթացը, բարեփոխումներն առայժմ տեսանելի չեն: Այժմ Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից է կախված ԱՄՆ-ի հետ տնտեսական հետագա կապերի խորացման ապագան: Ստորագրված համաձայնագիրը երկու երկրների միջեւ առեւտուրն ու ներդրումները խթանելու կոնկրետ հնարավորություն է, որը դրական կարող է անդրադառնալ Հայաստանի տնտեսության զարգացման վրա:

Հայաստանյան բիզնեսն այսօր օգտվում է ԱՄՆ-ի կողմից շնորհված GSP համակարգից, որը ենթադրում է արտոնություններ, այդ թվում` ցածր մաքսատուրքեր ամերիկյան շուկա արտահանում իրականացնող հայ գործարարների համար, իսկ ստորագրված համաձայնագրի արդյունքում Հայաստանը իրավունք է ստացել ընդլայնել արտոնյալ պայմաններով արտահանվող ապրանքների ցանկը: Ի դեպ, նմանատիպ շրջանակային համաձայնագրեր ԱՄՆ-ը կնքել է աշխարհի մոտ 50 երկրների, հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայի, Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Սպիտակ տունը 2016 թվականի բյուջեով նախատեսում է 22 միլիոն 412 հազար դոլար հատկացնել Հայաստանին որպես տնտեսական օգնություն: Նախորդ տարվա համեմատ այդ գումարն ավելացել է 22 տոկոսով:

Առհասարակ, Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները հսկայական աջակցություն է ցուցաբերել մեր պետությանը: ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերը Հայաստանում զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել են երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի, որոնց նպատակն է օժանդակել Հայաստանին` հասնելու կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ եւ ապահով էներգետիկ ռեսուրսների, սոցիալական ծառայությունների որակի բարելավման:

Այսպես, ԱՄՆ ՄԶԳ կայքում զետեղված տվյալների համաձայն` 2001-2015թթ. կառավարման, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության ոլորտների, մարդասիրական օժանդակության համար Հայաստանին տրամադրված աջակցությունը բաշխվել է հետեւյալ կերպ. 2001-ին` 102.1 մլն դոլար, 2002-ին` 87.5 մլն դոլար, 2003-ին` 86 մլն դոլար, 2004-ին` 81 մլն դոլար, 2005-ին` 79 մլն դոլար, 2006-ին` 318.5 մլն դոլար, 2007-ին` 80.7 մլն դոլար, 2008-ին` շուրջ 188 մլն դոլար, 2009-ին` շուրջ 63 մլն դոլար, 2010-ին` 67.3 մլն դոլար, 2011-ին` 67.7 մլն դոլար, 2012-ին` 57.8 մլն դոլար, 2013-ին` 58.1 մլն դոլար, 2014-ին` 34.4 մլն դոլար, 2015-ին` 12.5 մլն ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ` 1991-ից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը կազմում է 2.18 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, 1998թ. սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ը մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի եւ Հայութեան ԱՄՆ-ի պատճառած վնասները նկատի ունենալով, վնասուց հատուցման հիման վրայ, տարրականից պակաս՝ աննշան գումարներ են այդ բոլորը: Աչքի փոշի:

    (Իսկ ամէն դէպքում, բաղդատաբար, որքա՞ն է տալիս արդեօք, ուղղակի եւ անուղղակի ուղիներով, եւ մանաւանդ՝ ոչ միայն դրամական գումարներով, Հայաստանի թշնամիներին… )

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031