«Փողոցային պայքարով իշխանություններին ճնշելով՝ հնարավոր է իրապես փոփոխությունների հասնել»

«Փողոցային պայքարով իշխանություններին ճնշելով՝ հնարավոր է իրապես փոփոխությունների հասնել»

 

Իշխանությունների հետ բանակցություններն արդյունավետ չեն, պետք է փողոցային պայքարով ճնշել. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացատրում է՝ ինչո՞ւ է անարդյունավետ համարում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների հետ բանակցությունները:

«Իշխանությունը, եթե այդ քաղաքական կամքն ունենար, կընտրեր այնպիսի Ընտրական օրենսգիրք,  որը համահունչ կլիներ առկա խնդիրներին, որոնք անհրաժեշտ են լուծել, իսկ նմանատիպ առաջակների պակաս իշխանությունը չէր զգում»,- Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ 2008-ին նմանատիպ աշխատանքային խումբ ձեւավորվել էր, քաղհասարակության եւ իշխանության մասնակցությամբ, այդ թվում ԿԸՀ-ն էր մասնակցում. «Այդ ժամանակ բոլոր այն առաջարկները, որոնք հիմա ներկայացրել ենք, բացառությամբ ցուցակների մաքրման եւ տեսանկարհանման, բոլորը եղել են եւ հատկապես քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը … շատ հանգիստ կարող էին դա բերել, ու միանշանակ առանց խնդրի այդպիսի օրենսգիրքը բոլորի կողմից կընդունվեր»:

Անդրադառնալով 4+4+4 ֆորմատով քննարկմանը՝ պարոն Մարտիրոսյանը շարունակեց. «Իշխանություններն են անցկացնում այդ բանակցությունները, որոնք հերիք չէ, որ ոչ լեգիտիմ են, դեռ մի բան էլ սահմանադրական հանրաքվեն խայտառակ ձեւով կեղծեցին: Կարծում ենք՝ շատ ավելի արդյունավետ եղանակ է փողոցային պայքարը, այդ պայքարով ճնշելով իշխանություններին՝ կարելի է իրապես փոփոխությունների հասնել: Վերջապես մեծ մտավախություն ունեմ, որ իշխանությունները հերթական անգամ կփորձեն մեր քաղհասարակության  եւ ընդդիմության բարի ցանկությունն ու պատրաստակամությունն օգտագործել PR նպատակով, իսկ բովանդակային առաջընթաց այդպես էլ չի լինի: Այս ամենը հաշվի առնելով՝ չմասնակցեցինք»:

Պարոն Մարտիրոսյանը ակնկալիքներ չունի այդ քննարկումից. «Չեմ կարծում՝ կընդունեն այդ հինգ առաջարկները՝ հատկապես քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը: Եթե չլինի այդ կետի ընդունումը, մնացած բոլոր կետերի շրջանցող մեխանիզմները կաշխատեն, եւ կունենանք նորից նույն ընտրությունները: Ակնհայտ է, որ Հայաստանում 1,5 միլիոն մարդ չի քվեարկում,  իշխանություններն ամեն ընտրության ժամանակ 600.000 հոգու չափով կեղծել են, դա իրենց հաղթանակի ապահովման 80 % է: Մեծ հույս չունեմ, որ իրենք առաջընթաց կապահովեն: Ընտրակեղծարարությունը համակարգային կոռուպցիայի, ստվերային տնտեսության, մարդու իրավունքների խախտման հիմքն է կազմում, իսկ իշխանությունները դրանից են օգտվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք