Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Մեզ չհանձնող իշխանություն է պետք»

Ապրիլ 26,2016 22:33

«Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում նախանձելի պայմաններում չէ»,- ապրիլի 26-ին մինչ երթի սկսվելը հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը։

Նա նշեց, որ նույնիսկ, եթե պատերազմում հայ տղաները հաղթեն, այդ հաղթանակը եւս լինելու է առանց Սերժ Սարգսյանի. «Այդ դեպքում հաստատ հեռանալու է։ Բայց մենք ազգովի մի շատ կարևոր խնդիր ունենք՝ ենթադրենք՝ այդ մարդը հենց հիմա փախավ ի՞նչ ենք անելու։ Այ սրա մասին պետք է մտածել։ Եվ ես կարծում եմ մենք մեր սեփական ազգային ընտրանին արագ ձեւավորելու խնդիր ունենք, դրա ժամանակը շատ քիչ է»:

Երբ ներկաներից մեկն ասաց՝ «Ունենք Նախախորհրդարան», Արմեն Աղայանը պատասխանեց. «Նախախորհրդարան, խորհրդարան … ինչ ուզում է՝ լինի պետք է ընտրվի, ոչ թե ինքնահռչակ լինի։ Նախախորհրդարանի նման հարյուր հատ խորհրդարան կա Հայաստանում, Նախախորհրդարանից հինգ կամ տաս անգամ շատ անդամ ունեցող կառույց կա։ Ձեւը պետք է մենք գտնենք, եւ սա անպայման մենք անելու ենք»։

Անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ Արմեն Աղայանը ասաց, որ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» արտահայտությունը պետք է միս ու արյուն ստանա, եւ պատերազմի ժամանակ արցախցին միայնակ չպետք է պաշտպանի իր սահմանը. «Այս օրերին մեզ փորձեցին ուղղորդել Ռուսաստանի դեմ, միանշանակ համաձայն եմ՝ Հայաստանի համար Ռուսաստանը դաշնակից չէ, Հայաստանը պետք է դուրս գա այն բոլոր դաշինքներից, որտեղ կա Ադրբեջանին զենք ծախող պետություն, Ադրբեջանի դաշնակից՝ լինի դա Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը… այդ շրջապատի հետ մենք ինչ ենք անում, չենք հասկանում: Սակայն, այսօր Հայաստանի իշխանություններին հանգիստ թողնել եւ ասել մեղավորը Լավրովն է, չգիտեմ՝ ինչն է, բնականաբար՝ ոչ:

Լավրովը իր շահերից ելնելով  իր գործն անում է: Ի՞նչ պետք էր աներ Հայաստանը, որ չի անում, պետք է բանակցե՞ր զիջումների վերաբերյալ, ինչը անում է սկսած 1996 թվականից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր փուլային, փաթեթայիններով, Քոչարյանը իր միասնական պետությունով, հիմա էլ էստաֆետը փոխանցել են Սերժ Սարգսյանին իր Մադրիդյան սկզբունքներով կամ Կազանյան համաձայնագրերով: Այդ բանակցությունները մեր դեմ են ոչ թե, որովհետեւ միջնորդները ինչ-որ բաներ են պարտադրում, որովհետեւ ի սկզբանե Հայաստանի իշխանությունը միշտ՝ բոլոր երեք նախագահների օրոք, խոսել է հանձնելու մասին: Մեզ չհանձնող իշխանություն է պետք, մեզ չհանձնող ազգային ընտրանի է պետք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930