Լրահոս
Օրվա լրահոսը

«2 ամսից Մերուժանիս հարսանիքն էր». ծնողները՝ Թալիշն արյան գնով պաշտպանած լեյտենանտ որդու մասին

Մայիս 05,2016 23:15

Թալիշի պաշտպանության ժամանակ 3 հոգով հակառակորդի բանակից 20 հոգու ոչնչացրած, ծանր վիրավորված ու Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած գյումրեցի հերոսի՝ 1993 թվականին ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ընտանիքը բնակվում է Գյումրու Մուշ թաղամասում: Մայրը՝ Նունե Թադեւոսյանը, պատմում է, որ Մերուժանը իր ծառայության մասին ոչինչ չէր խոսում:

«Հենց զանգեիր, հարցնեիր Մերուժան ջան, ո՞նց ես, շա՞տ լարված է վիճակը, կասեր՝ մամ ջան, գիշերը քնած էի: Իբր մեզ էր հանգստացնում, որ ամեն ինչ նորմալ է, բայց հետո իմանում էինք, որ օրերով քուն չի ունեցել, դիրքերում է եղել», -պատմում է մայրը:

Նա որդու հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 2-ին, Մերուժանը հորդորել է իրեն լավ նայել ու այլեւս չզանգել: Երբ վիճակն ավելի է թեժացել, մայրը զանգահարել է տեղի բուժքրոջը, մի քանի անգամ զանգահարելուց հետո, բուժքույրը նրան միայն ասել է. «Դուք հպարտ եղեք, հերոսի մայր եք»՝ չպատասխանելով նրա հարցին, թե որդին վիրավո՞ր է, կենդանի՞ է… Հերոսի հարազատները, ցույց տալով նրա նկարները, մղկտում էին, որ երկու ամսից Մերուժանի հարսանիքը պիտի լիներ, հարսնացուն էլ Շուշիից է:

Մերուժան Ստեփանյան_3 Մերուժան Ստեփանյան_2

Մերուժանի ամենամոտ ընկերը՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող Շանթ Ուռուտյանն էլ ասում է, որ նա լավ ձեռք ուներ, յուրահատուկ նկարիչ էր. սկզբում կենդանիներ էր նկարում, հետո՝ սրբապատկերներ, Հիսուս Քրիստոսին: «Իմ ու Մերուժիս առաջին հանդիպումը եղել է 2005 թվականին, երբ մեր ընտանիքը Մարալիկից տեղափոխվեց Գյումրի բնակության: Մտա Գյումրու թիվ 42 դպրոց, Մերուժը մենակ նստած էր առաջին նստարանին, հենց տեսավ ինձ, ձեռքով կանչեց, թե արի, արի իմ կողքը նստի, ու այդ պահից մեր ընկերությունը սկսվեց, խորացավ: Նա դարձավ իմ ամենահարազատը, ամենաամտերիմը… Մեր կողքի շենքում են ապրում, հենց գնայիր իրենց տուն, միշտ ինչ-որ բան էր սարքում, լուցկու հատիկներից տներ, եկեղեցի: Մերուժի մայրը՝ տիկին Նունեն, մեր գծագրության ուսուցչուհին էր: Ամբողջ օրը միասին էինք, միասին դասի էինք գնում, հետո քայլելով գալիս էինք տուն: Մերուժը, տետրերը վերցնում, գալիս էր մեր տուն, որ միասին դասերը սովորենք, հետո պարտադիր պիտի գնայինք ֆուտբոլ խաղալու: Հետո ես սկսեցի բանաստեղծություններ գրել, ինքն էլ սկսեց գրել, մի խոսքով, ստեղծագործող մարդ էր:

Շատ էինք կապված, իրար շատ նման էինք, սկզբում մեզ թվում էր, թե Մերուժը նկարիչ է դառնալու, բայց վերջին զանգին պարզվեց, որ նա լեյտենանտ է դառնալու: 10-րդ դասարան էինք. վերջին զանգի սցենար չկար, Մերուժն ասեց՝ մի շաբաթ է մնացել, ի՞նչ անենք, ասի՝ արի դասից փախնենք, նստենք վերջին զանգի սցենար գրենք: Մեր դասղեկն ասաց՝ երկու հատ երգ է մեզ պետք, երգի բառերը ես ու Մերուժը գրեցինք, վերջին զանգի երգը Մերուժը երգեց…Վերջին զանգին ամեն մեկիս դեր էր տրված. ամեն մեկը պիտի ելներ խոսեր այն մասնագիտության մասին, որը պատրաստվում էր ընտրել, դե, ես ի սկզբանե որոշել էի բժիշկ դառնալ, մեկ էլ տեսանք Մերուժը, հոր զինվորական շորերը հագած, եկավ վերջին զանգին ու ասաց՝ ես սպա եմ դառնալու: Էնքան էներգիա ուներ, իր էներգիան երբեք չէր պրծնում, շատ հումորով էր, յուրահատուկ: Երբեք պարապ չէր նստի, տան կողքը բոստան կար, բեսեդկա էր սարքել, իրիկունը զանգում, բոլոր դասընկերներին կանչում էր սուրճ խմելու: Հետո, երբ դարձավ զինվորական, զգացի, որ իր աշխատանքի մեջ շատ էր խորացած: Իրենից ոչինչ չէիր լսի, դա իրենն էր, իր գաղտնիքներն էին, իր խնդիրները, ոչ մեկին թույլ չէր տալիս թափանցելու»,- պատմում է ընկերը:

Շանթ Ուռուտյանն ասում է, որ Մերուժանը, իր կյանքի գնով պաշտպանել է Թալիշը. երբ հակառակորդը մեծ քանակությամբ զորքով հարձակվել է, Մերուժանը, շատերին հետ ուղարկելով, 3 հոգով անողոք կռվի մեջ է մտել թշնամու հետ, ոչնչացրել է 20 հոգու… Ընկերներն ի հիշատակ Մերուժանի՝ նրանց տան դիմաց ցայտաղբյուր են սարքում:

Ի դեպ, Մերուժանի քույրը, որը երեխայի է սպասում, ամուսնու հետ Արցախում է, չնայած լարված վիճակին՝ նա Արցախը չի լքում: Մայրն ասաց, որ դուստը ամուսնացել է Մերուժանի ընկերոջ հետ, որը նույնպես զինվորական է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031