Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելագարի պես այս ու այն կողմ էի գնում». Մոր սիրտը զգացել է, որ Թալիշում որդու հետ մի բան այն չէ

Մայիս 06,2016 22:22

Հակառակորդի ագրեսիայի հետեւանքով ապրիլի 2-ին Թալիշում սկսած վայրագությունների զոհ էր դարձել 20-ամյա հերոս, հետախույզ Աղասի Ասատրյանը:

«Շատ ուրախ ենք ճանապարհել իրեն բանակ, ինքն էլ էր ուրախ գնացել: Շատ մեծ հպարտությամբ էր ծառայում Մատաղիսում, հունվարից տեղափոխել են Թալիշ, 2 ամիս էր մնացել, որ զորացրվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին պատմեց Աղասիի մայրը՝ Նարինեն:

Agasi_Asatryan_18

Նրա խոսքերով՝ «Աղասս շատ փակ էր, բանակից բան չէր պատմում: Հենց զանգում էինք, ինքն էր սկսում մեզանից, քույրիկներից, բարեկամներից հարցնել, իր ծառայությունից չէր սիրում խոսել: Երբեք չի դժգոհել, չի բողոքել: Անցյալ տարի ամառն էր որ մի պահ նորից խառն էր վիճակը օգոստոսին, զանգեցի, ասեցի՝ Աղաս ջան, շատ զգույշ կլինես, խառն ա չէ՞: Ասեց՝ ո՞վ ա ասում, մա՛մ, թե խառն ա: Ասեցի, Աղաս ջան, հեռուստացույցով եմ լսում, ասեց՝ մի՛ հավատա էդ ստախոսներին, սուտ են խոսում, ոչ մի բան չկա: Ամեն ինչ անում էր, որ չանհանգստանանք ստեղ: Կոծկում էր, չէր ասում ոչ մի բան»:

Մոր սիրտը զգացել է, որ ապրիլի լարված օրերին Թալիշի դիրքերում որդու հետ մի բան այն չէ. «Խելագարի պես այս ու այն կողմ էի գնում, լուրեր…լուրեր…նայում, զանգի էի սպասում…տեղս չէի գտնում: Մի հեռախոսահամար ունեի՝ որից վերջին անգամ Աղասիս էր զանգել: Ամբողջ օրը ամսի 2-ին զանգել եմ՝ կապ չի եղել: Ամսի 3-ին նորից առավոտյան զանգեցի, պատասխանեց էդ երեխեն, հարցրեցի Աղասիցս, ասեց՝ մենք միասին չենք հիմա, բայց լավ ա Աղասը, ես չկարողացա խոսել, լաց եղա, որովհետեւ գիտեի ինչ վիճակ ա: Եղբորս տվեցի համարը, ասի՝ մի հատ էլ զանգի, ասեց՝ լավ ա, Աղասը պոստերում ա: Ասեցի՝ բալե՛ս, ինչ կլինի, որ կտեսնես որդուս՝ ասա անպայման մի հատ զանգի մամային: Ու էլ չկարողացա խոսել: Հաջորդ օրը նորից զանգեցի էդ երեխուն, էլ չպատասխանեց: 4-ի երեկոյան իմացանք, որ չկա Աղասս: Վայենկոմատում ասեցին, որ գանգուղեղի վնասվածք է եղել, բեկորային հարվածից մահացել է»:

Աղասի Ասատրյանի ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում:

Մոր պատմելով՝ «Աղասիս դպրոցական տարիքից աշխատել է, ամեն ինչ արել է, որ ես հոգս չունենամ, էլ գնում էր ձմերուկ հավաքելու, հողագործությամբ էր զբաղվում, ինչ ասես՝ անում էր: Գալիս էր, պարտաճանաչ աշխատավարձը կոպեկ առ կոպեկ տալիս էր ինձ, ասում էր՝ որ չտամ, հետո ո՞նց ուզեմ: Քոլեջում սովորում եւ միաժամանակ աշխատում էր Մասիսի պահածոների գործարանում: Սովորել չէր սիրում, ուսման հետ սեր չուներ: Հիշում եմ, ծնողական ժողովին մի օր հանրահաշվի ուսուցչուհին՝ տիկին Հակոբյանն ասաց, մաթեմատիկան այն առարկան է, որ ամեն երեխայի չես պարտադրի, մենք չենք պարտադրում, բայց Աղասի մեջ, իր տրամաբանությունը..ամեն ինչ իր մեջ կա, բայց ինչի՞ չի սովորում: Հետո հասկացա, որ գուցե մեր ֆինանսական վիճակից էլ է եղել, որ չի սովորել: Չէ՞ որ դպրոցական տարիքից աշխատել է»:

Ուշագրավ է, որ երբ զոհված զինվորի մորը հարցրեցինք, թե ինչո՞վ կարող ենք օգնել իրենց ընտանիքին, տեղեկացրեցինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ օգնություն, պարգեւավճարներ է նախատեսել, որ վարկերը նրանց կմարվեն՝ զինվորի մայրը պատասխանեց. «Մեր վարկերը մարված են, ասեմ՝ ինձ ոչինչ պետք չի, հավատացե՛ք, ոչինչ: Շնորհակալ եմ, ոչինչ պետք չէ: Ես աշխատում եմ, կհասցնեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031