Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ փոխկապակցված է

Մայիս 24,2016 10:05

Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ «իսկ դու պատահակա՞ն ես համարում, որ իմ ու քո նման մարդիկ այս պետությանը պետք չեն»: Ես չհամաձայնեցի՝ ասելով, որ բոլորս էլ պետք ենք՝ հացթուխն՝ իր տեղում, բժիշկը, ուսուցիչը, լրագրողն՝ իր: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ ուսադիրներ կրենք: Հատկապես հիմա, երբ սպասվում է հակառակորդի նոր, ավելի լայնամասշտաբ հարձակում, անձամբ ես կարծում եմ, որ իմ գործով օգուտ եմ բերում պետությանը: Բայց եթե պետք լինի, պատրաստ եմ անել ցանկացած բան՝ մինչեւ որ պատերազմի տեսանելի (չափից դուրս տեսանելի) վտանգն անցնի: Գիտեմ, որ շատերը (հատկապես վիրտուալ տարածքում եւ հատկապես Հայաստանում չապրողները) ինձ հետ համաձայն չեն՝ նրանք կտան իշխանավորների եւ հարուստների անուններ, որոնք իրենց (նաեւ ինձ) դուր չեն գալիս եւ կասեն՝ «սրանց պետության հետ ես ոչ մի գործ չեմ ուզում ունենալ»: Հասկանում եմ եւ չեմ պատրաստվում վիճել՝ պարզապես ամեն մեկը գնում է իր ճանապարհով:

Այն մարդկանցից ոմանք, որոնք արտագաղթել էին այս 20 տարվա ընթացքում, ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ վերադարձել էին, որ կռվեն: Նրանք պատրաստ էին զոհվել ռազմաճակատում, բայց նրանք պատրաստ չեն ապրել անկատար հայրենիքում: Ինչո՞ւ: Ինձ թվում է՝ բացատրությունը պարզ է. խրամատում նրանք տեսնում են Հայոց պետությունը, այլ տեղերում նրանք ոչ մի պետություն չեն տեսնում: Նրանք տեսնում են ամբարտավան, տգետ, իրականությունից կտրված պաշտոնյաների, եւ այդ տեսարանն ամեն օր աչքի առաջ ունենալը ավելի ծանր փորձություն է, քան մի քանի օր կամ թեկուզ մի քանի շաբաթ թշնամու դեմ կռվելը: Դա էլ եմ հասկանում եւ չեմ պատրաստվում այս (ինչպես նաեւ որեւէ այլ) հարցով դատավորի դեր ստանձնել:

Պարզապես ինձ թվում է, որ այս պահին խրամատը ոչ միայն Թալիշում է կամ Հադրութում: 21-րդ դարում պատերազմն ընթանում է տնտեսության մեջ, լայն իմաստով՝ մշակույթում, մարդկանց ուղեղներում: Եթե ուղեղը ամայի է եւ անմշակ, ապա այդպիսին կլինի նաեւ հողը, եթե այդպիսին է հողը, ապա, վախենամ, նույնպիսին կարող է լինել նաեւ դիրքը, խրամատը: Ամեն ինչ փոխկապակցված է: Ի վերջո, «դիրքը» կամ «հողը» ինքնանպատակ չեն, միակ եւ գերագույն նպատակը այդ հողի վրա ապրող Մարդն է, որն այսօր կանգնած է բնաջնջվելու, եղեռնի ենթարկվելու վտանգի առջեւ:

100 տարի առաջ նույն էթնոսի կողմից եւ նույն մեթոդներով իրականացված ծրագրին մենք չկարողացանք դիմակայել, որովհետեւ չունեինք պետություն եւ բանակ, հիմա ունենք՝ լավն է, թե վատը, բայց ունենք: Ես, օրինակ, ամեն մի բառ ասելիս կամ գրելիս մտածում եմ՝ դա ուժեղացնելո՞ւ է իմ պետությունն ու բանակը, թե՞ թուլացնելու է: Մեծ է, իհարկե, գայթակղությունը «դուխով խոսացող տղու» համբավ ձեռք բերելու: Բայց այդ գայթակղությունները թողնենք ավելի երիտասարդ մարդկանց:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ենթադրենք: Բա էս սատկած կովի նկարն ի՞նչ մեղքս էր: Հա, երևի ոճ է: Հասկացա:

  2. Գէորգ says:

    Դժբախտաբար մարդկութեան պատմութեան մէջ եւ բոլոր ազգերուն համար նոյնն է եղած: Միշտ ալ անյայտ զինուորի, պայքարողի, բարեգործի ու ամէն մէկը իր գործը ճիշտ ընողի զոհողութիւններու եւ զոհաբերութիւններու շնորհիւ է որ երկիրները (պետութիւնները) կրցած են ոտքի կանգնիլ ու գոյատեւել. եւ ցաւօք, իշխանութեան վրայ գտնուող մակաբոյծներուն է որ կը վերագրուի այդ զոհողութիւններէն ստացած յաջողութիւնները:

    • Հ.Շ. says:

      Ինչպէս որ Առաջին Նախագահը բացատրեց – եւ իր կեցուածքով ու պահուածքով ալ ցուցաբերեց -, նոյնիսկ եթէ Գէորգին ըսածին պէս է, այսինքն՝ նոյնիսկ եթէ իշխանութիւնը անարժան կերպով պիտի ստանայ ինչ-որ բարոյական credit շնորհիւ ժողովուրդի վաստակին, այդ ալ՝ ի օգուտ երկրին է, ի նպաստ Պետութեան է, քանզի իշխանութիւնն է որ երկիրը եւ Պետութիւնը կը ներկայացնէ մնացեալ աշխարհի առջեւ, ինչպէս նաեւ թշնամոյն դիմաց, նուազագոյնը՝ քաղաքական եւ դիւանագիտական մակարդակներու վրայ – որոնք անշուշտ ուղղակի կապ ունին պատերազմի դաշտին հետ – :

      Մինչ, իշխանութեան վարկաբեկումը, նամանաւանդ այսպիսի ծայրագոյն աստիճանի ճգնաժամային պահի մը, կրնայ միայն ու միայն վնաս բերել երկրին ու Պետութեան, կրնայ միայն դեռ աւելի սաստկացնել արդէն իսհ ահաւոր վտանգը, առաջին հերթին՝ ռազմաճակատի վրայ:

      Ամէն դէպքում, նաեւ վիճելի է այդ տարօրինակ յղացքը թէ՝ Բանակը ո՜չ մի կապ չունի Պետութեան հետ, բացարձակապէս ոչ մէկ կապ չունի, ոչ մէկ, իշխանութեան հետ…

  3. Հ.Շ. says:

    Վերեւի Խմբագրականից մէջբերում « խրամատում նրանք տեսնում են Հայոց պետությունը, այլ տեղերում նրանք ոչ մի պետություն չեն տեսնում: »
    ————————————————————————————–
    Ներողութիւն, բայց ուրեմն անոնք կոյր են: Կուրացած են իրենց -իրաւացի կամ ոչ – ատելութեամբ՝ Պետութեան այժմու, այս կամ այն անձի նկատմամբ:

    Եթէ յաջողին հիմնական, էական զանազանութիւնը տեսնել եւ ըմբռնել՝ յաւերժական Պետութեան եւ զայն ներկայացնող ժամանակաւոր պաշտօնեաների միջեւ, աւելի առողջ եւ կառուցողական կը դառնան քննադատական դիրքորոշումները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031