Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսպանիայի հայերը պատրաստ էին թողնել ամեն բան ու մեկնել Արցախ»

Մայիս 28,2016 15:30

Հարցազրույց Իսպանիայի Թագավորությունում
Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի հետ

– Վերջին շրջանում Իսպանիայի Թագավորության մի քանի քաղաքներ պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Դա ինչի՞ արդյունք էր՝ գրագետ լոբբիստական աշխատանքի՞, պատմական արդարությունը վերականգնելու մղումի՞, թե՞ մի այլ բանի:

-Այո՛, ինչպես նշեցիք, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Իսպանիայի Թագավորության մի շարք քաղաքներ, վարչատարածքային միավորումներ եւ ռեգիոնալ խորհրդարաններ պաշտոնապես ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Գիտեք նաեւ, որ պաշտոնական Մադրիդն այս հարցի շուրջ շարունակում է լռել: Թուրքիայի հետ ունեն ավանդաբար սերտ գործընկերային հարաբերություններ, բազմաթիվ համատեղ ծրագրեր: Սակայն մեր խորին համոզմունքն է, որ հենց բարեկամներն առաջին հերթին պետք է խոսեն, փորձեն բարձրացնել լուծում պահանջող խնդիրները, որոնք կօգնեն Թուրքիային դառնալ առավել հանդուրժող իր իսկ սեփական անցյալի նկատմամբ: Ինչեւէ, Իսպանիայում այս գործընթացը սկսված է, եւ իմ համոզմունքն է, որ սա շարունակական է եւ ժամանակի ընթացքում միայն թափ է հավաքելու: Հաճախ, իսպանական ԶԼՄ ներկայացուցիչները, հարցազրույցների ժամանակ ինձ հարցնում են՝ արդյոք Իսպանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Պատասխանս մեկն է՝ մենք չենք մտածում, թե Իսպանիան ճանաչելու է, թե ոչ, մենք մտածում ենք միայն, թե ե՛րբ է նա դա անելու: Այս համատեքստում ուզում եմ նշել Իսպանիայի նոր ձեւավորվող հայ համայնքի որոշիչ դերակատարումն այս հարցում: Մեր հայրենակիցների անձնվեր գործունեությունն է նաեւ ստիպում վստահ լինել, որ արդարությունը ուշ թե շուտ հարթելու է իր ուղին:

– Խնդրում եմ անդրադառնաք իսպանական մամուլի հետ դեսպանության իրականացրած աշխատանքին, հե՞շտ է ստացվում «երկխոսելը», հայանպաստ հրապարակումներ ունենալը: Եթե չեմ սխալվում, միայն 2015-ին շուրջ 300 հոդված է եղել իսպանական մամուլում, որտեղ հիշատակվել է Հայոց ցեղասպանության մասին:

– Կարծում եմ՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքը ցանկացած պետական կառույցի, այդ թվում՝ դեսպանությունների, անմիջական եւ կարեւորագույն գործառույթներից մեկն է: Ուստի, ինչպես եւ մեր գործընկերները, մենք նույնպես, մեր ամենօրյա աշխատանքներում զգալի տեղ ենք հատկացնում մամուլի հետ աշխատանքին: Այս ոլորտում աշխատանքի կարեւորությունն Իսպանիայում, իհարկե, բազմապատկվում է՝ հաշվի առնելով Իսպանիայում Հայաստանի, նրա պատմության եւ նրան հուզող կարեւոր խնդիրների մասին նախկինում առկա տեղեկատվական սակավությունը:

Իսպանացիները, կարելի է ասել, նոր են իրենց համար բացահայտում Հայաստանը: Ուստի մեր հիմնական նպատակն է՝ օգնել նրանց դա անել օբյեկտիվ տեսանկյունից: Այո՛, միայն անցած տարի եւ միայն Ցեղասպանության թեմայով իսպանական մամուլում լույս է տեսել երեք հարյուրից ավելի հոդված: Սակայն քանակից բացի, կցանկանայի կարեւորել դրանց որակական աճը: Նաեւ դեսպանության՝ ժամանակին եւ համակարգված կերպով արված աշխատանքի շնորհիվ էր, որ դրանք դարձան առավել օբյեկտիվ, առավել ընդգրկուն եւ խորքային: Բերեմ մեկ օրինակ. եթե 2015թ.-ի սկզբին իսպանական մամուլը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, հիմնականում օգտագործում էր «կոտորածներ», «այսպես կոչված՝ ցեղասպանություն», «սպանություններ», «ըստ հայերի պնդումների՝ ցեղասպանություն» ձեւակերպումները, ապա այսօր, վստահաբար կարելի է ասել, որ իրեն հարգող ոչ մի իսպանացի հոդվածագիր չի խուսափում «Ցեղասպանություն» եզրույթից:

– Ասում են՝ մշակույթը եւս դիվանագիտություն է, այս տարվա ընթացքում հնարավո՞ր են նման տեսակի դիվանագիտության «արգասիքներ»:

– Լիովին համաձայն եմ: Մշակույթն այցեքարտ է: Հատկապես մեր դեպքում, չօգտվել մեր ազգային մշակույթի բազմադարյան զինանոցից, առնվազն սխալ է: Պետք է նշեմ, որ դեսպանությունն այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է տանում: Խիստ հագեցած էր մշակութային միջոցառումներով անցած տարին: Դեսպանության եւ հայ համայնքի համատեղ ջանքերով կազմակերպվել էին մի քանի տասնյակ մշակութային միջոցառումներ, որոնցից թերեւս ամենահիշարժանները Հայաստանի վաստակավոր պարի պետական անսամբլի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթներն էին Մադրիդում, Բարսելոնայում, Սարագոսայում: Այս տարի նույնպես փորձում ենք պահել ակտիվությունը մշակութային դիվանագիտության ոլորտում: Իսպանիայի շուրջ երկու տասնյակ քաղաքներում ողջ տարվա ընթացքում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը վերականգնվել է Մարտին Սկորսեզեի կինոֆոնդի օգնությամբ:

Միեւնույն ժամանակ իր գործունեությունն է շարունակում Ալիկանտեում հիմնված եւ իսպանացի երաժիշտներից բաղկացած «Արատտա» համույթը, որը հայկական ժողովրդական երգ-երաժշտության կենդանի կատարումների եւ հայկական պարերի միջոցով իսպանացի հանդիսատեսին ծանոթացնում է հայկական մշակույթին: Իր համերգային գործունեությունն է շարունակում Իսպանիայի թերեւս ամենահայտնի ջութակահարը՝ մեր հայրենակից Արա Մալիկյանը, որն իր համերգների ժամանակ նվագում է նաեւ հայ հեղինակների գործեր, ինչպես նաեւ, իր հեղինակած «1915» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Պրոֆեսիոնալ արվեստագետներից զատ, այս ոլորտում բավական ակտիվ է Իսպանիայի հայ համայնքը, մասնավորապես՝ երիտասարդները: Նրանց իսկ սեփական նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կազմակերպվում են բավական բարձր մակարդակի մշակութային երեկոներ, համերգներ: Առաջին քայլերն են արվում պարախումբ ունենալու ուղղությամբ: Ծրագրերը շատ են, անելիքները՝ նույնպես: Կարեւորը, կարծում եմ, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ:

avet-adonc-2

Դեսպանը՝ ապրիլ ամսին Ղարաբաղի հարցով հատուկ բանաձեւ ընդունած Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինիի հետ:

– 2015-ին հայտնի գրող, լրագրող, մի շարք գրքերի, հոդվածների եւ հեռուստահաղորդումների հեղինակ Չավիեր Մորետը հրատարակեց «Արարատի հիշողությունը. ամենամոռացված ցեղասպանության 100 տարին» գիրքը: Ի՞նչ արձագանքներ եղան իսպանացիների կողմից եւ նման այլ ի՞նչ ձեռնարկներ են իրականացվում:

– Հեղինակը հայտնի է Իսպանիայում, եւ կարելի է ասել, գիրքը բավականին լայն արձագանք ստացավ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Իսպանիայի մի քանի քաղաքներում, դրան բազմիցս անդրադարձան տեղական ԶԼՄ-ները: Կցանկանայի նշել, որ Չավիեր Մորետի «Արարատի հիշողությունը» ստեղծագործությունը միակը չէր: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Իսպանիայում հրատարակվել են եւս չորս իսպանալեզու գրքեր՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Դրանք են՝ Վիրխինիա Մենդոսայի «Վերքեր քամուց» եւ Ֆրանսեսկ Իդալգոյի «Սփյուռքի դուստրը» ստեղծագործությունները, ինչպես նաեւ՝ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» եւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքերի իսպաներեն թարգմանությունները:

– Հետաքրքիր է իսպանացիների (տարբեր շրջանակների) կարծիքը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, այդ մասին ձեր տպավորություններն ու դիտարկումները: Թեմայի վերաբերյալ լույս սփռելու առումով դեսպանության օգտագործած հնարավորությունները:

– Կարծիքները եւ դիրքորոշումները տարբեր են: Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ պաշտոնական Մադրիդը փորձում է հակամարտությունների լուծման համար ունենալ մեկ ունիվերսալ բաղադրատոմս: Այդուհանդերձ, իսպանացի պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ անվերապահորեն աջակցում են Մինսկի խմբի գործունեությանը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միաժամանակ Իսպանիայի Թագավորության որոշ տարածքային միավորումներ (Բասկերի երկրի խորհրդարան, Սան Սեբաստիան), ապրիլյան դեպքերի հետ կապված, ընդունեցին Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ: Հարկ է նշել նաեւ, որ խնդիրը խորապես ուսումնասիրած ակադեմիական, համալսարանական եւ ԶԼՄ շրջանակների ներկայացուցիչների մոտ հստակ ձեւավորված մոտեցում կա խնդրի շուրջ: Վերջիններս ծանոթ են հակամարտության նախապատմությանը, Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ ռասիստական քաղաքականությանը եւ համակարծիք են, որ արցախցին իրավունք ունի եւ պե՛տք է ապրի խաղաղ, անվտանգ եւ ինքը կառուցի իր սեփական ապագան:

– Խնդրում եմ, որ որեւէ տպավորիչ դրվագ հիշեք՝ Ձեր առաքելությունն իրականացնելու ընթացքում կատարված:

– Վերջին շրջանի ամենատպավորիչ դրվագը, թերեւս, հենց ապրիլյան դեպքերի ընթացքում Իսպանիայի հայ համայնքի վերաբերմունքն էր այն ամենին, ինչը տեղի էր ունենում Հայրենիքում: Իսկապես տպավորիչ էր զանգերի, այցելությունների քանակը դեսպանություն, որոնց ընթացքում մեր հայրենակիցները հետաքրքրվում էին վերջին նորություններով, փորձում օգտակար լինել իրենց ուժերի ներածի չափով՝ պատրաստ էին ցանկացած պահի թողնել ամեն բան եւ մեկնել Արցախ:

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարումԱվետ Ադոնցը՝ իսպանացի հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ռումբը» եւ «Հայեր, մոռացված ցեղասպանություն» գրքերի հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031