Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտիվացված արձանների ու աչքերին «թոզ փչելու» մասին

Հունիս 06,2016 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՀՀ նկարիչների միության անդամներ, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, նկարիչ Արթուր Մարտիրոսյանը:

Բանավեճի թեման է՝ Արդյոք արդարացվա՞ծ է վերջերս տեղադրված արձանների շուրջ աղմուկը:

Գոհար Հակոբյան– Պարոնայք, Գարեգին Նժդեհի եւ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանների տեղադրումը միանշանակ չընդունվեց: Ինքներդ ի՞նչ կարծիքի եք: Խնդրեմ, պարոն Շահումյան:

Հաղթանակ Շահումյան– Աղմուկը անհասցե տարածության մեջ է, ցավալի է, որ մեր ժողովուրդը դժգոհությամբ ընդունեց արձանների ներկայությունը, բայց խնդիրը միայն այդ երկու հուշարձանների մեջ չէ, նաեւ քաղաքական պահ կա, որը փոխելու հեռանկար չունի: Կարծում եմ, որ պետք է ավելի ուշադիր լինենք մեր քաղաքի հանդեպ՝ դրանք մեկ օրվա համար չեն: Մյուս կողմից էլ՝ փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը շատ հաճախ քանդում է մի բան՝ նորն ստեղծելու միտումով, ինչը չեմ խրախուսում: Ես ժամանակին աշխատել եմ որպես Երեւան քաղաքի գլխավոր նկարիչ, նաեւ օրենսդրական միջավայրը գիտեմ: Իմիջիայլոց, այն ժամանակ շատ հստակ կանոնակարգված էր՝ որտեղ, երբ եւ ինչ չափերով պետք է հուշարձանները տեղադրվեն: Մենք ունենք գլխավոր հատակագիծ, որը պետք է իր մեջ ներառի նաեւ նման հարցերը, ճարտարապետական խորհրդում պետք է այդ հարցերը քննարկվեն:

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի արձանին, ծրագրված էր, որ այդ արձանը պետք է լինի 3 մետրի սահմաններում, հիմա չափը շատ ավելի զգալի է միջավայրում, որովհետեւ ինքը այգու միջավայր է եւ մեծամոլության հետեւից գնալով՝ տուժել է: Ցավոք, նյութի ընտրությունն էլ երբեմն սոցիալական խնդիրներն են պարտադրում՝ քարի հետ աշխատանքը տեւական է եւ ֆինանսատար: Ժամանակին դրա վերաբերյալ եղան դիտողություններ, ոչինչ չի շտկվել: Դա հեղինակի խնդիրն է, հեղինակը պետք է պատվախնդիր լինի: Մարդիկ ավելի շատ դժգոհում են Բաբաջանյանի քանդակից, ինքս չեմ տեսել, միայն փոքր էսքիզն եմ տեսել, բայց գիտեմ, որ եղել են նաեւ մասնագիտական դիտողություններ, առաջարկ է եղել, որ աշխատանքային խումբ ստեղծվի: Մեր շատ հուշարձաններ նման պրոցես ապրել են, աշխատանքային խումբը պարբերաբար հետեւել է նրանց աշխատանքին, որովհետեւ արվեստագետի արվեստանոցային պայմանները երբեմն ճնշված են լինում, տարածություն չի լինում նայելու, իսկ թարմ աչքը ճիշտ է ընկալում:

Գ. Հ.– Պարոն Մարտիրոսյան, արդյոք մի՞շտ է արդարացված այս կամ այն գործի շուրջ աղմուկը, եւ արդյոք մի՞շտ է դրա պատճառը որակը:

Արթուր Մարտիրոսյան- Հնարավոր է՝ նաեւ աղմուկը արդարացված չլինի: Օրինակ՝ 80-ականների սկզբին, երբ Երվանդ Քոչարի հեղինակած Վարդան Մամիկոնյանի արձանը դրվեց, ի՜նչ աղմուկ բարձրացավ, ի՜նչ ասես՝ ասացին արձանի մասին՝ էլ շաքարաքլոր, էլ չգիտեմ ինչ: Հիմա Մամիկոնյանը դարձել է մեր քաղաքի զարդը: Այսօր եվրոպական շատ քաղաքներ կերազեն Վարդան Մամիկոնյանի նման արձան ունենալ:

Գ. Հ.- Իսկ Գարեգին Նժդեհի արձանը հավանո՞ւմ եք, ոմանք այն Պյոտր Առաջինին են նմանեցնում:

Ա. Մ.– Պյոտրին ո՞վ է տեսել, որ իմանա՝ դա Պյո՞տրն է, թե՞ ոչ…

Գ Հ.– Իսկ Մամիկոնյանին տեսե՞լ են…

Ա. Մ.- Մամիկոնյանին էլ չեն տեսել…Գիտեք, կարող է եւ նման չլինել: Օրինակ՝ երբ Պիկասոն կնոջը նկարեց, կինն ասաց, որ նման չի իրեն, Պիկասոն պատասխանեց, թե մի օր կնմանվի, դրա մեջ խորը իմաստ կա: Դու կարող ես նաեւ նման անել, բայց գեղարվեստական արժեք չունենա գործդ: Կարեւորը գեղարվեստական արժեքն է, եւ այն, որպես հուշարձան, քանդակ, կողթող՝ ճիշտ տեղում պետք է աճած լինի, ոչ թե ուղղակի դրված լինի… Հիմա Գարեգին Նժդեհի կողքի անտեղի խաչքարերն ի՞նչ անենք, ախր, շատ լուրջ թեմա է, թե որտեղ կարելի է խաչքար դնել, դրանք սուրբ կետեր են ու չպետք է դառնան այգու մի մաս…

Գ. Հ.– Վերադառնալով թեմային՝ վերջին երկու՝ Գարեգին Նժդեհի եւ մարշալ Բաբաջանյանի արձանները կարո՞ղ են հավակնել, ինչպես Դուք եք ասում՝ դառնալ քաղաքի զարդը:

Ա. Մ.- Ոչ, չեն կարող՝ գեղարվեստական արժեքի բացակայության պատճառով: Մասնավորապես, Բաբաջանյանի արձանը հաստատ չի դառնա: Իրատեսական, բայց պարզունակության մեջ արված գործ է: Ամեն աշխատանք պետք է հուշի իր ժամանակաշրջանը, հիմա դրանցից ո՞ր մեկն է 21-րդ դարի քանդակ, կամ եթե դրանք 21-րդ դարի քանդակ են, Քոչարի արած գործե՞րն ինչ են… Այսօր գերեզմաններում տեղադրված մահարձաններից շատերը գեղարվեստական առումով ավելի բարձր են, քան վերջերս տեղադրված արձանները:

Հրաշալի է արված Առնո Բաբաջանյանի քանդակը, այն տեղավորվում է մարդկության կողմից գեղարվեստական արժեքի չափանիշների մեջ, իսկ մարշալ Բաղրամյանինը՝ ինչքան էլ լավ ձիարձան լինի, միեւնույն է՝ 21-րդ դարի արձան չէ: 21-րդ դարի մարդն ուրիշ կերպ է ուզում շփվել արձանի հետ:

Գ. Հ.- Արդյոք խորհրդային շրջանի հերոսների արձանների տեղադրումը խորհրդային մտայնության վերադարձի արտահայտություն չէ՞, եւ մեզ պե՞տք են այդքան արձաններ մայրաքաղաքում ու հուշաքարեր՝ շենքերի պատերին:

Ա. Մ.– եթե տեղը ճշտված է չափով, նյութով, ասելիքի իմաստով եւ ճաշակով, ուրեմն պետք են: Օրինակ՝ Կասկադի հետեւի քանդակները ուղղակի գեղեցիկ ցուցահանդես են, նույնը չես կարող ասել Թամանյանի արձանի մասին, մենք հոգեբանորեն հասկանում ենք, որ նա ճիշտ տեղում է դրված, իսկ մյուսները ցուցադրված են: Իմիջիայլոց, խորհրդային շրջանում այնքա՜ն լավ արձաններ են ստեղծվել, իրենք նույնիսկ այն ժամանակ այդքան մոտիվացված չէին, պատվիրատուի քմահաճության տակ չէին, ինչպես հիմա, այն ժամանակ ավելի ազատ են մտածել, քան հիմա:

Հ. Շ.– Ինչ որ ցանկանում ես նկարել, քանդակել, նախ պետք է համոզիչ լինի, ճիշտ է, ժողովրդի մեծամասնությունը արվեստի գիտակ չի, բայց զգում է, որ այն չէ: Քանդակի հեղինակն իրավունք ունի տարբեր պատճառաբանություններ բերել, արդարանալ, բայց մասնագետներն էլ այդքան դրական չեն գնահատում վերջին արձանները: Կա կարծիք, թե իբր արվեստում չափանիշներ չկան, իրականում արվեստն ավելի ճշգրիտ չափանիշներ ունի, քան մաթեմատիկան: Հակառակն ասողները դա անում են աչքերին թոզ փչելու համար: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա օրինակ բերեմ՝ խորհրդային տարիներին դրվել է Ստեփան Շահումյանի հուշարձանը, որը գրեթե Միքելանջելոյի քանդակների որակի աշխատանք է, կամ Սասունցի Դավիթը: Շահումյանը ազատատենչ մարտիկի դիմագիծ ունի, ու կարեւոր չէ, թե տակը ինչ է գրված: Այսինքն՝ եթե քանդակն արվում է ճիշտ եւ արվեստով, հարստացնում է ճարտարապետությունն ու միջավայրը:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Մանրամասները՝

 

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930