Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի պլանը» չի մահացել

Հունիս 17,2016 20:00

Պուտինը մեկուսացնում է Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին ԵԱՀԿ-ից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ բանակցություններ կվարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի ունեցավ հանդիպում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, որից հետո կսկսվի եռակողմ քննարկումը: Ուշակովի փոխանցմամբ՝ «կձեռնարկվեն ակտիվ քայլեր հակամարտության կարգավորման հարցում կողմերին օգնություն ցույց տալու ուղղությամբ»:

Ինչպես վերջերս մի քանի ռուսաստանցի պաշտոնյաներ, այնպես էլ ՌԴ նախագահի օգնականը հիշեցրել է, որ հենց Մոսկվան է վճռական դեր կատարել ապրիլին մարտական գործողությունները դադարեցնելու գործում: «Հիմա մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը՝ մշտապես եւ համապարփակ եղանակով համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների հետ եւ հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնցով 2009-2013թթ. ընթացքում հանդես են եկել ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները: Տեսնենք, թե ինչ կտա եռակողմ հանդիպումը, մենք իրագործելու ենք շատ ակտիվ եւ շահագրգիռ երկխոսություն»,- անկեղծացել է Ուշակովը:

Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինի հովանու ներքո, փաստորեն, անցկացվելու է եռակողմ առաջին հանդիպումը: Բայց այս հանդիպումը տարբերվում է իր նախորդից` Վիեննայի հանդիպումից: Պարզվում է՝ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին՝ այս մասին ասել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը։ Նա զերծ է մնացել մեկնաբանություններից, այնուամենայնիվ` հավելելով. «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ ԼՂ հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել: Որքանով որ տեղյակ ենք՝ այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ»։
Տեւական ժամանակ ռուսական միջնորդությունները` Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ բանակցություններն արդյունք չտվեցին, ավելին` Ալիեւն ավելի սանձարձակ դարձավ` զինվելով ռուսական սպառազինությամբ: Հիմա՝ ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելուց հետո, Արեւմուտքը ավելի կոնկրետ պահանջներ դրեց Ալիեւի առջեւ: Վիեննայի պայմանավորվածություններն իսկապես կարեւոր էին, դրանք անվտանգության մեխանիզմների կիրառման, զինադադարի ռեժիմի պահպանման քայլերի իրագործում են ենթադրում: Սահմանային միջադեպերի հետաքննող մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնումը եւս ստեղծված իրավիճակին համարժեք ու հայկական կողմի համար խիստ կարեւոր քայլեր էին:
Որ Ադրբեջանը, մեղմ ասած, հիացած չէ այդ առաջարկներից, դա պարզ է: Իսկ Ռուսաստա՞նը… Երեւում է՝ Պուտինն էլ իր գաղափարներն ունի, որոնք չեն համընկնում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատկերացումների հետ: Իհարկե, Վիեննայի հանդիպումից հետո ԼՂ սահմաններում հանգիստ է, բայց չկա որեւէ երաշխիք, որ ադրբեջանական ագրեսիան չի կրկնվի, մանավանդ, որ Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունները, ըստ էության, կյանքի չեն կոչվել:

Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում Պուտինը վճռակա՞ն է լինելու: Ինչո՞ւ գործնական քայլ չի արվել Վիեննայի պայմանավորվածությունները կիրառելու` հետաքննող մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ուղղությամբ: Ալիեւի նպատակը դրանց իրագործումը ձգձգելն է, իսկ ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվան էլ այս թեմաներով խուսափում խոսել: Թե՞ Մոսկվան այլ գաղափարներ ունի, որոնց առկայությունը Լավրովի` երեւանյան այցից առաջ ռուսական կողմը չէր էլ թաքցնում: «Լավրովի պլանը» չի՞ մահացել, Մոսկվան դրանք վերակենդանացնելու փորձե՞ր է անում: Եվ առհասարակ` ինչո՞ւ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպմանը: Որպեսզի Ալիեւին դուր չեկող պահանջները «ջրվե՞ն»… Սպասենք ռուսական արձագանքներին եռակողմ հանդիպումից հետո եւ ոչ միայն Մոսկվայի, այլեւ պաշտոնական Բաքվի հայտարարություններին:

Իսկ մինչ Պուտինը Սարգսյանի ու Ալիեւի հետ կքննարկի ԼՂ խնդիրը` ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր փայլով աչքի ընկավ: Հունիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը գնահատեց «ռազմավարական նշանակության»։ «Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես եւ մնացյալ ամբողջ համագործակցությունը մեր երկրների միջեւ»,- շեշտել է Շոյգուն՝ «բավականին հագեցած» որակելով 2016-ի համագործակցության ծրագիրը. «Կարծում եմ, որ այն աճի եւ զարգացման ներուժ ունի։ Իհարկե, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բարեկամական, ռազմավարական մեր հարաբերությունները եւ կապերը շարունակեն զարգանալ»։ Զ. Հասանովն իր հերթին նշել է, որ շուրջ 90 ադրբեջանցի զինվորական կշարունակի ուսումը ՌԴ զինվորական տարբեր ակադեմիաներում։ Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ նա ասել է. «Դուք ամբողջովին ճիշտ նկատեցիք, որ մեր հարաբերությունները ռազմավարական եւ բարեկամական բնույթ են կրում։ Մենք հրաշալի ծրագիր ունենք ռազմական երկկողմ համագործակցության համար»։

Ի դեպ, մինչեւ Մոսկվա մեկնելը Զ. Հասանովը ընդլայնված խորհրդակցություն էր անցկացրել իր տեղակալների, վարչությունների, գլխավոր վարչությունների պետերի եւ զինված ուժերի զորատեսակների հրամանատարների մասնակցությամբ: Հետաքրքիր էր այդ մասին տարածված հաղորդագրությունը, որը, կարծես, ապահովում էր Ադրբեջանի ռազմական պատրաստվածության մասին համապատասխան քարոզչություն` «Ալիեւի հրահանգով քննարկվել են զինված ուժերի մարտական պատրաստվածության համակողմանի ստուգմանը, զորավարժություններ անցկացնելուն առնչվող հարցեր»:

Պուտինի հովանու ներքո եռակողմ բանակցություններից առաջ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները հավաստող հայտարարությունների ֆոնին ոչ անսպասելիորեն շարքային կարելի է բնութագրել նույն օրը Շոյգու-Օհանյան հանդիպմանն արված հայտարարությունները: «Մեր համագործակցության տեմպերը եւ հագեցածությունը բավարարում են մեզ»,- ասել է Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը` հավելելով, որ երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում գործում է հինգ տասնյակից ավելի պայմանագիր եւ համաձայնագիր. «Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը»:

Ինչպես նկատում ենք, ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնապես չեն փայլում, մինչդեռ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը կրկին առանձնահատուկ շեշտվում են:

Պուտինի ծրագրած եռակողմ հանդիպումից առաջ բավական ճնշող մթնոլորտ է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930