Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների նախասիրությունները փոխվել են

Հունիս 20,2016 23:13

Հանրապետությունում առաջին փուլի արդյունքներով դիմորդների թիվը 10 390 է, որոնցից 3193-ը դիմել են Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) ընդունվելու համար:

Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Նրա խոսքով՝ դիմորդների նախասիրություններում փոփոխություններ են կատարվել. «էլիտար» մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է:

«Միջազգային հարաբերություններում այս տարի 140 վճարովի տեղի համար 82 դիմորդ ունենք, նախորդ տարի նույնքան տեղի համար 116-­ն էին դիմել: Իրավագիտության 130 վճարովի տեղի համար 242 դիմորդ է դիմել՝ նախորդ տարվա 310 դիմումի փոխարեն»,-­ տեղեկացրեց Գալստյանը:

Նրա փոխանցմամբ՝ զգալիորեն մեծացել է հետաքրքրությունը ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, կովկասագիտության, հայոց լեզվի և գրականության նկատմամբ:

Հայաստանի ֆրանսիական համալսարանը մասնագետներ է պատրաստում չորս ֆակուլտետներում՝ իրավաբանություն, կառավարում, մարկետինգ և ֆինանսներ:

Համալսարանի ռեկտոր Ժան-­Մարկ Լավեստի խոսքով՝ բոլոր այդ մասնագիտությունների գծով իրենց մոտ դիմորդների թվի աճ է նկատվում:

«Իրավաբանության ֆակուլտետ դիմողների թիվը մյուսների համեմատ մի փոքր գերակշռում է: Ընդհանուր առմամբ, այս տարի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 8 տոկոսով»,­- ասաց Ժան-­Մարկ Լավեստը:

Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի 956 դիմորդ ունի՝ նախորդ տարվա 919-ի փոխարեն:

«Գրեթե նույն ցուցանիշն է: Անվճար տեղերի թիվը մնացել է նույնը՝ 262: Վճարովի տեղերի թիվն այս տարի մի փոքր նվազեցրել ենք: Ամենաշատ դիմորդներ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,­- նշեց բուհի պրոռեկտոր Կարեն Արզումանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930