Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

Դեկտեմբեր 25,2023 17:29

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը:

Այն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլիպ Մորրիսի
PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները. «Կրթության ռազմավարությամբ բարձրագույն կրթության որակի բարելավումն ու մրցունակության բարձրացումը մեր կարևորագույն թիրախներից են: Բուհում իրականացված աշխատանքը մի կողմից միջավայրի բարելավում է, իսկ մյուս կողմից՝ ուղիղ կապ ունի բովանդակության հետ: Ամեն կերպ աջակցելու ենք համալսարանի զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ տեխնոլոգիական կլաստերն ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվող կարևոր ծրագրերից է: Կարծում եմ՝ Պոլիտեխնիկական համալսարանի ներուժն այնտեղ մեծ չափով պետք է օգտագործվի»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2008 թվականին թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:

Նշենք՝ հատուկ ծրարի մարման արարողությունից առաջ տեղի է ունեցել նաև համալսարանի բակում բարեկարգված այգու բացումը:

Հյուրերը մասնակցել են նաև Պոլիտեխնիկի երկրորդ մասնաշենքի տանիքին տեղադրված 90 կիլովատտ դրվածքային հզորությամբ արևային կայանի բացմանը: Բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ կայանն ամբողջությամբ նախագծվել, չափագրվել ու կառուցվել է համալսարանի ինժեներների, մասնագետների և ուսանողների կողմից: Կայանը ծածկում է համալսարանի երեք մասնաշենքերի էլեկտրաէներգիայի ծախսը: Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականի ամառվա վերջ նախատեսվում է կառուցել 736 կիլովատտ հզորությամբ արևային կայաններ համալսարանի բոլոր մասնաշենքերի տանիքներին:

Գոռ Վարդանյանի խոսքով՝ ստեղծվել է «Պոլիտեխնիկ. Էներգետիկ լուծումներ» խումբը, որը ոլորտային համապատասխան ծառայություններ կմատուցի ինչպես համալսարանին, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ու անհատներին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այս նախաձեռնությունն ինչպես էներգախնայող ռեժիմի ապահովման, այնպես էլ մասնագիտական գործունեության առումով. «Կարևոր են նաև կրթության կազմակերպման միջոցով գործնական հմտությունների բարելավման հեռանկարները: Վստահ եմ՝ ստեղծված աշխատանքային խումբը կկարողանա լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն իրականացնել այլ կառույցների համար՝ ամրապնդելով մասնավորի հետ համագործակցությունն ու լրացուցիչ ֆինանսական հոսքեր ապահովելով բուհի համար»:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը լավ օրինակ կլինի նաև մյուս բուհերի համար:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031