Վարկերը կէժանանան 0,25 տոկոսով

Վարկերը կէժանանան 0,25 տոկոսով

Հունիսի 28-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0,25 տոկոսային կետով, այն սահմանելով 7,5 տոկոս: Դա հիմնավորվում է նրանով, որ հունվար-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում շարունակվել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ:

«Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը: Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- ասված է ԿԲ-ի հիմնավորումներում:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այս ամբողջ լավատեսությամբ չի կիսում ԿԲ-ի կարծիքը, բայց իբրեւ մասնագետ էլ չի կարող չարձանագրել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը մեկ նպատակ է ունենում` ավելի էժանացնել փողը, մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը: Դա էլ, իր հերթին, խոսում է տնտեսության մեջ նկատվող ակտիվության մասին:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Հայաստանում վարկավորման տոկոսադրույքը դեռեւս շարունակում է շատ բարձր մնալ` 16-18, առանձին դեպքերում նույնիսկ 24 ու այս պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ընդամենը 0,25 տոկոսով նվազեցումն ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել, մեր զրուցակիցն ասաց. «Նման մեծ տոկոսների մեջ նվազեցումը, բնականաբար, շատ էական չէ, ազդեցությունն էլ փոքր կլինի, բայց ընդհանուր դրամավարկային քաղաքականության մեջ, տնտեսական տարբեր աշխուժացումների ընթացքում նման բաներ լինում են: Շատ էական ազդեցություններ չեն լինի, բայց տեղաշարժ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք