Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային պարկում հատումների համար հաշմանդամից կբռնագանձվի 3 միլիոն դրամ

Հուլիս 01,2016 23:10

Դիլիջանի բնակիչ Խաչատուր Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսի 11-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնից ապօրինաբար հատել է խոշոր չափի՝ 615 հազար դրամ սակագնային արժեքով 3 հատ հաճարենի,4 հատ կաղնի,1 հատ լորենի, 2 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 3 միլիոն 75 հազար դրամի նյութական վնաս:

Բացի այդ, Խաչատուր Ալիխանյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2016թ. հունվարի 23-ին հաղորդում է տվել այն մասին , որ 2015թ. ամռանն Արտակ Մարտիրոսյանն առաջարկել է մեկ ավտոմեքենա փայտանյութի դիմաց իր վերաբերյալ կազմել 10 հատ ծառ ապօրինի հատելու մասին կեղծ արձանագրություն, այն պատճառով, որ ինքը հիվանդ է, չի դատապարտվի, այդ առաջարկին ինքը համաձայնվել է եւ ստորագրել արձանագրության տակ:

Խ. Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները կատարվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում, խոշոր վնաս պատճառելով») եւ 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Խ. Ալիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչ դատաքննությունը սկսվելը Խ. Ալիխանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, երկրորդ խմբի հաշմանդամ է, տառապում է «Անձի օրգանական խանգարում, անամնեզում փսիխոտիկ էպիզոդներ» հիվանդությամբ, խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան երեխա:

Հունիսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Խ. Ալիխանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում, նրան դատապարտել 6 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել մեկ տարի ժամկետով փորձաշրջան, քաղաքացիական հայցը բավարարել, Խ. Ալիխանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3 միլիոն 41 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031