Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում իրականացվող աշխատանքները

Հուլիս 07,2016 20:12

Արդեն 15 տարի է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը անհատույց տրամադրվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Կառավարման պայմանագրով` Հայաստանի կառավարությունը իր վրա վերցրեց բազմաթիվ պարտավորություններ, կառավարիչ կազմակերպության վրա դնելով միայն մեկ պարտավորություն` պահպանել և արդիականացնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը:

Պայմանագրի գործողության գրեթե առաջին օրերից կառավարիչը առաջ քաշեց իր կառավարման տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժման հարցը: Տարիներ շարունակ ՀՀ հանրային խորհուրդը, Հայաստանի ճարտարապետների միությունը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները,  «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակները, նրանց ժառանգները,  քաղաքացիական հանրությունը բազմիցս հանդես եկան պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը, որպես միջազգային և հայկական ճարտարապետության արժեք՝ հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունները բազմաթիվ կոչերով դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խնդրանքով`թույլ չտալ օդանավակայանի շենքի ապամոնտաժումը: Այս հարցով տեղի են ունեցել  բազմաթիվ հանրային քննարկումներ և ճարտարապետների կողմից արվել  են համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը պահպանելուն, վերօգտագործմանն ուղղված առաջարկներ և նախագծեր: Ցավոք, դրանք անտեսվել են: Բոլորը միակարծիք են, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ճարտարապետական արժեքն անհրաժեշտ է պահպանել` վերօգտագործման նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ներկայումս կատարվող քանդման աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի ոչնչացումը կառավարիչի համար ինքնանպատակ է դարձել:

Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում ներկայումս իրականացվող քանդման աշխատանքները և պահանջում է.

– անհապաղ դադարեցնել քանդման աշխատանքները,

-ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Հանրային խորհրդի, Ճարտարապետների միության, Քաղաքաշինության նախարարության, Գույքի կառավարման վարչության և այլ շահագրգիռ մարմինների  հետ համատեղ՝ շենքի վիճակը գնահատելու և նրա վերօգտագործման հնարավորությունների պարզաբանման նպատակով:

Հայաստանի ճարտարապետների միություն                                                               

ՀՀ, ք. Երևան, 06 հուլիսի, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nuran Sinanyan says:

    Գործ գտեք: Զվարթնոցի հին շենքը ոչ մի ազգային արժեք չէ: Պայքարեք իրական ազգային արժեքների համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031