Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակումի մասնակիցներին

Հուլիս 13,2016 23:13

Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ում ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը,  այսօր հանդիպել է Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակումի մասնակիցների հետ:

Էդուարդ Շարմազանով հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ՝հայոց ազգային գաղափարախոսության և նժդեհյան հայրենասիրական դասերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր խոսքում կարևորել է հայապահպանության և ազգային ինքնագիտակցության պահպանման գործում Հայկական երկու պետականությունների շուրջ համախմբման գործոնն ու հայրենակերտումը, որը յուրաքանչյուր հայորդուց պահանջում է այդ առաքելության հարցում սեփական դերի և անձնվիրության անհրաժեշտության գիտակցում:

Թեմատիկ դասախոսությունից հետո, ճամբարականները հնարավորություն են ունեցել հասարակական-քաղաքական , տնտեսական բնագավառներում և Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ տարվող պետական քաղաքականության վերաբերյալ հարցեր ուղղելու ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահին:

«Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ, սակայն մեզ համար սրբացած արցախյան հողում առաջին անգամ է կայանում նման հանդիպում, որը շատ ոգևորիչ է: Այստեղ վերստին համոզվեցի, որ հայության համար կարևորագույն հարցերում անկախ տարիքային տարբերություններից, սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում, որոնք վերաբերում են ազգային գաղափարախոսությանը, քրիստոնեական, ընտանեկան արժեքների պահպանմանը, կրթության դերի կարևորությանը: Այս բանակումը ևս մեկ վկայություն է առ այն, որ ապրիլյան պատերազմը, ոչ միայն չի ընկճել հայությանը, այլև համախմբել է հայ երիտասարդությանն Արցախի շուրջ: Նմանատիպ միջոցառումներին ականատես լինելով, համոզված ենք, որ մեր երիտասարդներն իրենց հայրերի և ավագ եղբայրների սուրբ գործի արժանի շարունակողներն են»,-ասել է Է. Շարմազանովը:

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական 3-րդ ռազմական բանակումը՝ Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի և Ջավախքի շուրջ 120 երիտասարդների ընդգրկմամբ մեկնարկել է ընթացիկ տարվա հուլիսի 12-ից և կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: Բանակումի ընթացքում նախատեսվում է մասնակիցներից կազմված՝ ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացնել ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, և այլ պատրաստության, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային մրցումներ, թեմատիկ դասախոսություններ, թիմային աշխատանքներ, սեմինար-քննարկումներ և ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր:

ՀՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031