Հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների շրջանակում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան տարազ» փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ԼՂՀ կատարած վերջին պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ «Երևանյան ամառ 2016»-ի մի շարք միջոցառումներ նախատեսվում է անցկացնել Արցախի մայրաքաղաքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Վերածննդի հրապարակում տեղակայված 16 տաղավարներում կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի, «Մեգերյան» կարպետ-թանգարանի ցուցանմուշները, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեի, «Անահիտ Սիմոնյան» նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: Առանձին տաղավարներով հանդես կգան Արցախի գորգի գործարանը, թանգարաններ, կազմակերպություններ, անհատ վարպետներ:

«Վերջին տարիներին հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում: Ծանոթանալով տարազի նմուշներին՝ շատերը ցանկանում են որոշ տարրեր անգամ առօրյա հագուստի մեջ օգտագործել»,- նշեց «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը:

«Երևան տարազ» փառատոնի ավարտին տեղի կունենան դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Վահան Խաչատրյանի տարազային ու մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները:

Վահան Խաչատրյանն առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին: Ներկայացնելու է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված իր հավաքածուն:

Արամ Նիկոլյանը նախորդ տարի էլ է մասնակցել: Ըստ նրա՝ փառատոնը հիանալի հնարավորություն է հատկապես զբոսաշրջիկներին տարազի միջոցով հաղորդակից դարձնելու հայկական մշակույթին. «Ուրախալի է, որ հայկական տարազն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,- հավելեց Նիկոլյանը:

Դիզայները ներկայացնելու է «Ուրֆա» հավաքածուի թարմացված տարբերակը և բազմաթիվ նոր, դեռևս չցուցադրված մոդելներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք