Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ներկայացումներ՝ Ստեփանակերտի թատրոնի բեմում

Փետրվար 19,2022 12:00

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի նույնպես իր հանդիսատեսին ակտիվ թատերական տարի է խոստանում: Այս պահին բեմադրվում են Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» եւ «Անմահների դիրքը» (ըստ Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսի) ներկայացումները:

Երկու ներկայացումների բեմադրիչը ռեժիսոր Վահան Խաչատրյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ «Մատնաչափիկը» ներկայացման առաջնախաղը ծրագրված է մարտ ամսի առաջին կեսին, իսկ «Անմահների դիրքը» նախապատրաստվում է ապրիլին:

«Առաջին հերթին ես ուզում եմ, որ Արցախի մանուկները ժպտան: «Մատնաչափիկը» շատ լուսավոր եւ գունավոր ներկայացում է, եւ իր մեջ ունի կարեւոր գաղափար՝ թե՛ Մատնաչափիկը, թե՛ արքան պայքարում են իրենց երջանկության համար: Մենք պետք է ցույց տանք մանուկներին, եթե խոչընդոտների միջով մարդ գնում է իր երջանկության հետեւից, այսպես թե այնպես՝ մի օր հասնում է դրան: Կարեւորը ճանապարհից չշեղվելն ու չհանձնվելն է»,-մեզ հետ զրույցում ասել է Վահան Խաչատրյանը:

«Անմահների դիրքը» ներկայացման մասին մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, ասաց՝ այստեղ լռությունն ավելի կարեւոր է:
Փաստ է, որ Արցախում հետպատերազմական շրջանում մշակութային կյանքը զարթոնք է ապրում՝ հանձին դրամատիկական թատրոնի:

2021-ի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերին «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը հյուրախաղերով եղավ Երեւանում: Ինչպես հայտնեց Վահան Խաչատրյանը՝ հիմա նույնպես հյուրախաղեր են պլանավորվում, մասնավորապես փետրվարի 28-ին, մարտի 1-2-ին Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը ռուսերեն լեզվով կրկին կլինի Երեւանում:

Հարցին՝ ի՞նչ ներկայացման կարիք ունի Արցախի հանդիսատեսը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դասական կատակերգության կարիք ունենք: Պետք է այս իրականության հետ ապրել սովորել: Եվ գիտե՞ք, թատրոնի առաջ այսօր կարեւոր մարտահրավեր կա. թատրոնը ստախոս լինելու իրավունք չունի»,-եզրափակեց Վահան Խաչատրյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28