Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվողը դատավորի ու փաստաբանի գլխավերեւում մարդկանց է տեսել. Բացառիկ հարցաքննություն

Օգոստոս 30,2016 19:40

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստի ժամանակ այսօր հարցաքննվեցին երեք վկա: Ուշագրավ էր հատկապես նրանցից մեկի ցուցմունքը:

Վկաներից մեկը Նուբարաշեն ՔԿՀ-ի աշխատակից էր, որը պատմեց, որ դեպքի օրն իր մեքենան կայանած է եղել ՔԿՀ-ի դիմաց, եւ կատարվածից ապակիները կոտրվել էին: Նա դեպքի մանրամասներին ծանոթ չէր, ոչինչ չէր տեսել, քանի որ այդ օրը ծառայությունն իրականացնում էր քրեակատարողական հիմնարկի ներսում:

Մյուս վկան հրաժարվեց դատաքննական ցուցմունք տալուց, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Այս վկան պնդեց, որ ամբաստանյալներին ոչ տեսել է, ոչ էլ լսել է նրանց մասին:

Իսկ երրորդ վկան «Երեւան Ջուր» ընկերության աշխատակից էր ու դեպքի օրը հողային աշխատանքներ է կատարելիս եղել դեպքի վայրում, բայց դատաքննության ժամանակ պարզվեց,  որ նա հոգեկան խնդիրներ ունի, նույնիսկ խոստովանեց, որ գրանցված է հոգեբուժարանում, խնդիրներն իր մոտ իննը տարի առաջ են ի հայտ եկել, ինքը հոգեբուժարանում բուժում է ստացել:

Նա ամբողջ դատաքննության ժամանակ տարօրինակ բաներ էր տեսնում ու նկարագրում, որ մարդիկ մտնում են մարդկանց մեջ, ազդում են իրենց վրա, ստիպում, որ իրենց ասածն անեն: Ըստ նրա, մարդու մարմնի տարբեր մասերը մտնում են ուղեղի մեջ: Այս վկան նաեւ պատմեց, որ նույնիսկ ոստիկանություն է դիմել մի քանի անգամ, որ ազդեն այն մարդկանց վրա, որ չմտնեն մարդկանց մեջ:

Երբ ամբաստանյալների պաշտպան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը սկսեց հարցեր տալ, այս վկան ասաց, որ փաստաբանի գլխավերեւում կին է կանգնած ու փորձում է նրա մեջ մտնել: Ըստ վկայի, դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողքին էլ մի այլ մարդ է կանգնած:

Տարօրինակն այն է, որ դատախազն այդքանից հետո, երբ ակնհայտ էր, որ վկան հոգեկան խնդիրներ ունի, միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչին առարկեց փաստաբան Լուսինե Սահակյանը ու միջնորդություն ներկայացրեց, որ հոգեբուժարանից պահանջեն անձին վերաբերող փաստաթղթերը, նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու, արդյոք անձն ունակ է ընկալելու ու վերարտադրելու տեսածը:

Լուսինե Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ է, որ վկաների մեծամասնությունը ընդհանրապես գործին առնչություն չունի, կարող է որոշակի առնչություն ունեն, բայց նրանց ցուցմունքները, ըստ փաստաբանի, ապացուցողական ոչ մի արժեք չունեն. « Հիմա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին բերում են, հարցաքննում են, նրանք ասում են կրակոցներ են եղել, լսել ենք, բայց եթե այդպես լինի, ապա  բոլոր կալանավորներին, բնակիչներին պետք է հարցաքննեն, պարզեն՝ լսե՞լ են կրակոցներ, թե չեն լսել, բայց դա ինչ է փոխում, ոչ մեկ չի վիճարկում, որ այնտեղ կրակոցներ են եղել»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031