Լրահոս
Օրվա լրահոսը

10-ից ավելի պատճառներ՝ առաջին դասարանցիների դպրոց չգնալու համար

Սեպտեմբեր 09,2016 12:30

Առաջին դասարանի երեխաները դպրոցի առօրյային հարմարվում են մինչեւ կես տարի

Քանի որ 6-7 տարեկանը երեխաների մոտ համարվում է ճգնաժամային շրջան, որը համընկնում է նաեւ դպրոց հաճախելու ընթացքի հետ, շատ երեխաներ դժվար են հարմարվում նոր միջավայրին:

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նախ նշեց, որ այդ ընթացքում երեխայի սոցիալական «ես»-ը փոխվում է՝ խաղացող երեխան վեր է ածվում դպրոցական երեխայի. «Եթե մինչ այդ, նախադպրոցական տարիքում առաջատար գործունեությունը համարվում էր խաղը՝ երեխան իր բոլոր պահանջները բավարարում էր խաղի միջոցով՝ ե՛ւ ինտելեկտուալ, ե՛ւ հուզական, ե՛ւ շփման, ապա դպրոցական տարիքում երեխան ուսումնական միջոցով է հաստատվում: Նրա «ես»-ը դառնում է սոցիալական եւ միայն ուսման միջոցով է բավարարում իր բոլոր պահանջները»:

Երեխայի համար այս նոր փուլը, որի ժամանակ պետք է զրկվի խաղից, եւ դառնա աշակերտ-երեխա` մեծ ջանքեր եւ ճիգեր է պահանջում: Այս ժամանակի հարմարվողականության ընթացքն է, որ մասնագետը համարում է ճգնաժամային, որը, բնականաբար, հաղթահարելի է որոշակի ժամանակահատվածում: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ երեխայի հարմարման ամենավատագույն հատվածը մինչեւ կես տարին է:

«Վատ հարմարման ցուցանիշ կարող է լինել այն, որ երեխայի մոտ առավոտյան նկատվի գլխացավ, սրտխառնոց, ջերմության բարձրացում, վատ տրամադրություն, լացկանություն, սա նշան է, որ երեխան չի հարմարվում, նրա մոտ առաջանում են հակադրման ռեակցիաներ: Ասենք, նույն երեխան կարող է ունենալ փորացավ կամ փորկապություն, բայց ծնողը չիմանա, որ իրականում երեխան չի ուզում դպրոց գնալ, տանի բազմաթիվ բժիշկների մոտ, հետո պարզվի, որ երեխայի մոտ խնդիրը զուտ հոգեբանական է: Սա ամենավատ հարմարման դեպքերն են, որին ծնողը եւս պետք է պատրաստ լինի»,-նշեց մասնագետը` ավելացնելով, որ լավ հարմարման համար երեխան պետք է ունենա երեք կարեւորագույն գործընթացներ` ինտելեկտուալ, անձնային եւ կամային պատրաստվածություն:

«Ինտելեկտուալի հասկանալու համար, պետք է հասկանալ՝ արդյոք երեխան պատրա՞ստ է յուրացնելու դպրոցական նյութը, որը երեխայից պահանջելու է պարատրամաբանական ձեւեր, այսինքն՝ երեխան պետք է կարողանա վերլուծի, համակարգի, դասակարգի եւ արդյոք այս մտային ունակությունները երեխայի մոտ ձեւավորվա՞ծ են: Կարող է լինել այն, որ երեխային թվա, որ ինքը հետ է մնում, բոլորը հասկացան, յուրացրեցին, բացի իրենից, երեխան իրեն մենակ, անպաշտպան է զգում»,-ասաց Լիլիթ Խաչատրյանը:
Այստեղ, ըստ մասնագետի, ծնողը պետք է հասկանա` այս ամենը երեխան կարողանո՞ւմ է հաղթահարել, թե՞ ոչ, եթե չի կարողանում. «Ապա ծնողը ավելի շատ ժամանակ պետք է հատկացնի երեխային՝ առանց պատժելու, քննադատելու, տագնապեցնելու, առանց հավելյալ պարտականություններ դնելու երեխայի վրա, ուղղակի համբերատար, նույն խաղային գործընթացները շարունակելով՝ երեխային պետք է բերել հասցնել ինտելեկտուալ պատրաստվածության աստիճանին»:

Հոգեբանի խոսքերով, վատ հարմարման ցուցանիշ կարող է հանդիսանալ այն երեխաների մոտ, ովքեր վատ են սոցիալիզացված, այսինքն՝ շփումներ չեն կարողանում հաստատել ինքնուրույն եւ պասիվ են այդ հարցում. «Նրանք սպասում են, որ գան իրենց հետ շփվեն, խաղան, ընկերություն անեն: Այս երեխաները հենց դպրոցական շեմին իրենց մենակ են զգում, իրենց համար անծանոթ է դպրոցի ռեժիմը, կարգուկանոնը, դպրոցական շենքը, բոլոր պահանջներն ու հրահանգները չեն կարողանում հասկանալ, ընկալել եւ շփման մեջ նախաձեռնողականություն ցուցաբերել»:

Մյուս հանգամանքը մասնագետը նշեց, որ ուսուցչի կերպարի ընկալումն է. «Մանկապարտեզի դաստիարակի հետ երեխայի շփումը այլ մակարդակի մեջ է՝ խաղայինը պահպանված է, մտերմիկ, ավելի մայրականին մոտ, իսկ ուսուցիչները ինչքան էլ փորձում են պահպանել այդ, բայց ուսումնական նյութերը սա չեն պահանջում` ինքը մեկն է այդքան աշակերտի համար եւ նրանց համար դառնում է հեղինակություն: Ինչքան որ ուսուցչի կերպարը ընդունվող է երեխայի անձի համար, համբերատար է, մեղմ, բնական, հարմարումը ուսուցչի կերպարի նկատմամբ ավելի հեշտ կլինի, իսկ ինչքանով խիստ է, բնականաբար, հարմարումը դժվար կընթանա»:

Լիլիթ Խաչատրյանի խոսքերով` երբ երեխան ուսուցչի կողմից խրախուսվում է, ինքը գիտի եւ կարողանում է, բնականաբար, երեխայի ինքնագնահատականը բարձրանում է: «Ինչ հարաբերություններ կարգավորվում է ուսուցչի եւ երեխայի միջեւ, այդպիսին ընկալվում է նաեւ հասակակից երեխաների կողմից: Օրինակ, Արմենը լավ է, քանի որ գերազանցիկ է, ուրիշ չափանիշ կարծես չկա, եթե երեխան լավ է սովորում, ուրեմն լավն է, եթե լավ չի սովորում, ուրեմն վատն է»:

Անձնային կոմպոնենտները մասնագետը եւս կարեւորեց, որոնց մեջ, ըստ նրա, մտնում է այն, որ երեխան պետք է կարողանա աշակերտի կերպարը ընկալել, ընդունել. «Այսինքն` ես աշակերտ եմ, գնում եմ դպրոց, պետք է նոր գիտելիքներ ստանամ, որից ես հաճույք պետք է ստանամ, այնտեղ ամեն ինչ արվում է հօգուտ ինձ, ամեն ինչ հետաքրքիր է, այնտեղ պետք է նստեմ, իմ խաղը պետք է թողնեմ եւ նստեմ սովորեմ: Պահանջներ կան, որ պետք է մեծահասակներին լսել, հաճույք ստանալ ուսումնական պրոցեսից, իսկ եթե նախապես սրանք արված չեն, երեխայի մոտ դրված չէ, երեխան կդժվարանա»:
Նման դեպքերում հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս, որ սիրուն հեքիաթներ պատմեն դպրոցի առօրյային վերաբերող, մուլտֆիլմներ դիտեն եւ քննարկեն միասին, երեխային այս կամ այն չափով պատկերացում տրվի, թե ի՞նչ է սպասվում ապագայում, խրախուսեն, որ դու արդեն մեծանալու ես, նոր առաջադրանքներ ես կարողանալու լուծել, նոր գիտելիքներ ես ստանալու, կյանք ես մտնելու, ու դու գալու ես պատմես, մենք լսելու եւ ուրախանալու ենք, որոնք անձնային պատրաստվածության մասին են խոսում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930