Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Մարդիկ իրականում ֆիզիկական կուլտուրայով ավելի քիչ են զբաղվում, քան ցանկալի է»

Հոկտեմբեր 20,2016 13:00

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Առավոտին» տված հարցազրույցում խոսեց ֆիզկուլտուրայի եւ մասսայական սպորտի ոլորտում կառավարության նախանշած նոր քաղաքականության ու մոտեցումների մասին:
«Շեշտն առաջին հերթին դնում ենք մասսայական սպորտի վրա, որպեսզի քաղաքային, գյուղական միջավայրում տարբեր տարիքային խմբերի, սեռերի եւ խավերի շրջանում մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը իսկապես զարգանա եւ դառնա պահանջ: Պարտադիր չէ, որ բոլորը չեմպիոն դառնան, բայց շատ կարեւոր է, որ բոլորը զբաղվեն ֆիզկուլտուրայով եւ սպորտով՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչեւ խոր ծերություն, բնականաբար, ամեն տարիքային խմբի առանձնահատկությունները հաշվի առնելով: Այսօր Հայաստանում մարդիկ սպորտով իրականում ավելի քիչ են զբաղվում, քան ցանկալի է:

Երկրորդը մանկապատանեկան սպորտի զարգացումն ու հավաքական թիմերի համալրումն է, երրորդը՝ երիտասարդական քաղաքականությունն իրականացնելը: Հիմնականում այս երեք ճյուղերն են, որ որպես խնդիր դրել ենք մեր առջեւ», – ասաց նախարարը:
Հարցին, թե բյուջեի ավելացում նախատեսվո՞ւմ է, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Բյուջեի ավելացում չի նախատեսվում, բայց դրա փոխարեն վարչապետի հանձնարարությամբ գնում ենք օպտիմալացման ճանապարհով՝ առկա գումարներն ու միջոցները ավելի նպատակային, ըստ անհրաժեշտության ու ժամանակի հրամայական պահանջի ծախսելուն:

Առաջին փուլում, որն արդեն սկսված է, վերանայում ենք եկող տարվա բյուջեի հետ կապված վերաբաշխման հարցերը: Դրանից իրականում ոչ մի աշխատող մարզիչ, գործող մարզական խումբ ու մարզիկ չի տուժելու: Ծրագրերը, մարզական միջոցառումները ոչ թե պակասելու, այլ՝ անհամեմատ ավելանալու են: Ավելին ասեմ, տնտեսվելիք գումարները, որոնք արդեն կարող եմ ասել՝ պատկառելի կլինեն, ուղղելու ենք մասսայական սպորտի ծրագրերին: 2017 թվականից վերականգնելու ենք ՊԱՊ համալիրը, սպորտլանդիաները՝ նախադպրոցական հիմնարկներում եւ հանրակրթական դպրոցներում, անցկացնելու ենք շուրջտարյա ուսանողական սպարտակիադա՝ 5-6 մարզաձեւերից, նույն սպարտակիադայի ոգով զարկ ենք տալու գյուղական սպորտին:

Այստեղ, կարծում եմ, շեշտն ավելի շատ ուժային մարզաձեւերի վրա պետք է դրվի: Այսինքն, մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ոլորտում արմատական փոփոխություններ ենք կատարելու: Եվ դա անելու ենք զուտ ֆինանսների ճիշտ բաշխման հաշվին:

Այս նոր մոտեցումն անհամեմատ ավելի արդյունավետ կծառայի նաեւ մեծ սպորտին, որտեղ նույնպես շատ ու շատ բաներ վերանայելու խիստ անհրաժեշտություն կա: Ընդ որում, պետությունը սպորտի աջակցության իր ստանձնած քաղաքականությունից չի հրաժարվում, այլ ուժեղացնում է վերահսկողությունը»:

Նախարարը շատ բաներ չմանրամասնեց՝ նշելով, որ նոր մոտեցումների ներդրման գործընթացը դեռ սկզբնական փուլում է եւ դրա համար կա քաղաքական կամք: Միայն վստահեցրեց, որ արդեն ուրվագծվում են սպասվող դրական տեղաշարժերի հեռանկարները՝ միեւնույն միջոցներով գործի անհամեմատ ավելի արդյունավետ կազմակերպում ու արդյունքներ թե մասսայական, թե մեծ սպորտում:

Հարցին, թե այդ ամբողջ աշխատանքը դրվել է միայն նախարարությա՞ն ուսերին, երբ գերատեսչության գործառույթները որոշ իմաստով սահմանափակ են (Aravot.am կայքն այդ խնդրին անդրադարձել է), Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Մի քանի տարբերակ ու ծրագիր արդեն կա, որոնց իրականացման համար նաեւ ԶԼՄ-ների ակտիվ աջակցությունն ենք ակնկալում: Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ մեր, ԿԳ եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների ընդգրկումով: Aravot.am կայքի բարձրացված հարցերը տեղին են եւ արդիական: Իսկապես, հանրապետությունում գործող 170-ից ավելի մարզադպրոցներից միայն 25-ն են մեր նախարարության ենթակայության տակ, որոնց նկատմամբ այս կամ այն չափով վերահսկողություն իրականացրել ենք: Քաղաքական կամք կա եւ դա մեր ծրագրի մեջ է՝ աստիճանաբար հասնելու ենք նրան, որ մարզադպրոցների լիցենզավորումը, ուսումնամարզական գործընթացի վերահսկումը վերապահվի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը: Սրանով մի քանի խնդիր կլուծվի: Ի՞նչ է նախատեսվում: Սկսելու ենք մեզանից՝ օպտիմալացնում ենք մեր նախարարության ՄԴ-ները, որի գործընթացն արդեն սկսվել է, այնուհետեւ անցնելու ենք հ/կ-ների աջակցության վերանայմանը, որից հետո՝ մյուս գերատեսչություններում ու ոլորտներում գործող մարզօջախներին:

Կառավարության դիրքորոշումը հետեւյալն է, որտեղ ֆիզիկական կուլտուրա կա, դրանով պետք է սպորտի եւ երիտասարդության նախարարությունը զբաղվի: Ու մեր գերխնդիրը չափորոշիչներ մշակելն է՝ հատկապես հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման համար»:

Նախարարն անդրադարձավ նաեւ բարձր նվաճումների սպորտի խնդիրներին. «Հիմա այդ ասպարեզում գործերը վատ չեն: Ունենք համաշխարհային մակարդակի 5-6 մարզիկ, որոնց թիկունքին կանգնած է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Մի բանով ուրախ ենք, որ մեր օլիմպիական մեդալակիր տղաները երիտասարդ են ու 2020 թվականի օլիմպիական խաղերում էլ պետք է որ լավ հանդես գան: Բայց սպորտում ամեն բան էլ պատահում է: Աստված չանի, եթե նրանցից որեւէ մեկը ամենապատասխանատու պահին իրեն լավ չզգա, կամ կարեւորագույն մեկնարկներում ինչ-որ բան չստացվի: Ի՞նչ ենք անելու, ումո՞վ ենք փոխարինելու նրանց:
Ո՞վ պետք է ազգային հավաքականներին կադրեր մատակարարի:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Ինչպե՞ս: Հանրակրթական դպրոցներում, մարզադպրոցներում, ֆեդերացիաներում ու հավաքականներում իրականացվող աշխատանքները ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելով: Որպեսզի երեխաները զարգանան, աճեն ու գան փոխարինելու մեր այսօրվա առաջատար մարզիկներին: Դրա համար ժամանակ է հարկավոր, բայց այն մեզ համար սուղ է: Մենք մեկ օլիմպիական քառամյա փուլ ունենք: Եթե այս չորս տարում 25-30 հզոր մարզիկներ չաճեցնենք, 2024 թվականին կհայտնվենք Սիդնեյի եւ Աթենքի օլիմպիական խաղերի վիճակում»:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31