Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է ՀՀ փաստաբանների պալատի 97 միլիոն դրամը

Նոյեմբեր 10,2016 15:00

2014 թվականին ՀՀ փաստաբանների պալատում կատարվեց ստուգում, եւ արձանագրվեց 97 միլիոն դրամի պակասորդ: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կա քաղհայց, իսկ նախորդ օրն էլ դատահաշվապահական փորձաքննության օրն էր:

Պալատի գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանի շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կրոմվել Գրիգորյանը: Ստորեւ ներկայացնում ենք գլխավոր հաշվապահի նամակն ուղղված «Առավոտին»:

«Ինչպես խոստացել էի, որ պետք է բարձրաձայնեմ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից կատարած բազմաթիվ ֆինանսական խախտումների մասին, այժմ ներկայացնում եմ դրանցից մի քանիսը:

Հիշեցնեմ, որ 2014 թվականի մարտի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրամանով պալատում կատարված ֆինանսական ստուգմամբ արձանագրվել է 35 միլիոն ՀՀ դրամի պակասորդ: 28.08.2014 թվականին կազմվել է ստուգման ակտ, իսկ հետագայում, բազմաթիվ բողոքներից հետո, պալատում կատարվեց վերստուգում, եւ ստուգմամբ արձանագրվեց 97 միլիոն դրամի պակասորդ եւս:

Այդ երկու ակտերը ստորագրել եւ ստացել է պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ 2014 թվականի օգոստոսին եւ 2015 թվականի օգոստոսին: Սակայն նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը ոչ մի գործողություն չի կատարել ճշտելու եւ չի արձագանքել իր ղեկավարման տարիներին ՀՀ փաստաբանների պալատում այդքան պակասորդ հայտնաբերելու ուղղությամբ, չի դիմել իրավապահ մարմիններին, չի պահանջել անցկացնել աուդիտ կամ փորձաքննություն, այլ ավելին, հանգիստ խղճով իր տանը նստած հետեւել է, թե ինչպես են պատասխան տալիս իր կատարած ֆինանսական խախտումների համար նախկին գլխավոր հաշվապահն ու գանձապահը: Հետեւությունը թողնում եմ Ձեզ:

«Հայկական ժամանակ» եւ «Հրապարակ» օրաթերթերում բարձրաձայնել եմ, որ Ռուբեն Սահակյանը շինծու գործարքով ցանկանում է ինձ եւ իմ երկու փոքրիկներին զրկել միակ կացարանից եւ թողնել դրսում: Բարձրաձայնել եմ նաեւ, որ ֆինանսական խախտումների հետ անմիջական կապ ունի Ռուբեն Սահակյանը:

Նշեմ նաեւ, որ երբ ես պատրաստվում էի դիմել իրավապահ մարմիններին, տեղեկացա, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քաղաքացիական հայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպես պատճառված վնասի բռնագանձման գումարի պահանջով, սակայն դատարանը դատահաշվապահական փորձաքննություն է նշանակել եւ այժմ ընթանում է փորձաքննությունը, որը վեր կհանի բոլոր այն խախտումները, որը կատարել է Ռուբեն Սահակյանը:

Այժմ նախկին նախագահի մի քանի անօրինականությունների մասին:
2014 թվականից մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի՝ ՀՀ փաստաբանների պալատին տրամադրած նվիրատվություններից օգտվել են մոտ 520 փաստաբաններ:

2008 թվականի մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբեր ամիսը ժամանակահատվածում այդ նույն բարերար Ռայմոնդ Եզեգելյանը պալատին նվիրաբերել է 106800 ԱՄՆ դոլար, որից ոչ մի փաստաբան չի օգտվել եւ ավելին՝ այդ նվիրատվությունները պալատի դրամարկղ եւ հաշվարկային հաշվարկներին չի մուտքագրվել, այդ գումարները Ռ. Սահակյանը օգտագործել է անձնական կարիքների համար:

Ռ. Սահակյանը 2013 թվականի բյուջեն ներկայացրել է պալատի խորհրդի հաստատմանը 2012 թվականի դեկտեմբերի 25-ին եւ պալատի խորհրդի թիվ 33/21 Լ որոշմամբ հաստատվել է պալատի 2013 թվականի բյուջեն, որի ծախսային մասում 24 կետում հաստատվել է չնախատեսված ծախսեր՝ 934307 դրամ:

Հետագայում՝ 2013 թվականի հունվարից-սեպտեմբեր ամիսներին, Ռ. Սահակյանը, առանց խորհրդի համաձայնության, կատարել է 42.635.492 ՀՀ դրամ չնախատեսված ծախսեր, բյուջեի շեղումը կազմել է 41 միլիոն 701 հազար 185 դրամ, միայն բյուջեի 24 կետով, այն դեպքում, երբ 1 միլիոն դրամից ավելի ծախս կատարելու դեպքում պետք է լիներ խորհրդի համաձայնությունը: Այդ չնախատեսված ծախսերը Ռ. Սահակյանը կատարել է անօրինական կարգով, թե ինչ ծախսեր է կատարել, թե այդ գումարները որտեղ են, կպարզվի մոտ ժամանակներս:

ՀՀ փաստաբանների պալատը 2006 թվականից մինչեւ 2014 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայողական ավտոմեքենա չի ունեցել, սակայն Ռ. Սահակյանը իրեն անձնական սպասարկող ավտոմեքենայի համար պալատից դուրս է գրել վառելիք՝ 5.320.000 ՀՀ դրամի չափով, գնել է ավտոմեքենայի մասեր, ինչպես նաեւ գազի բալոն՝ 1.323.000 դրամ արժողության, նույնպես պալատի հաշվին, իր անձնական վարորդին պալատից աշխատավարձ է վճարել 14 միլիոն 400 հազար ՀՀ դրամ:
Պալատի նախկին նախագահը դեռ զարմանում է, որ իր անունը անհարկի արծարծվում է իր կատարած անօրինականությունների համար:

Մնացած անօրինականությունների մասին ես կբարձրաձայնեմ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունից հետո:

Ուսումնասիրվում է նաեւ 2006 թվականից ՀՀ փաստաբանների պալատին հատկացված, դրամարկղ չմուտքագրված եւ Ռ. Սահակյանի կողմից տնօրինած դրամաշնորհները, որոնց մասին նույնպես կբարձրաձայնեմ»:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատրաստ ենք պատասխան խոսքի իրավունք տալ պալատի նախկին եւ ներկա նախագահներին:

«Առավոտ»

09.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930