Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը քննարկեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ համատեղ աշխատանքի կետերը (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 13:57

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 17-ին  հանդիպեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ՝ քննարկելու միության համագործակցության արդյունավետության բարձրացումը:

Մինչ հանդիպումը նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության առջեւ դրված առանցքային խնդիրներից մեկն է առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել եւ կիրառել գործարար համայնքի հետ՝ նրանց բարձրացրած հարցերը կարգավորելու համար. «Այդ տեսանկյունից նախարարությունը պատրաստում է հանդիպումների շարք, որպեսզի մասնագիտացված միությունների հետ շարունակական քննարկումներով պարզի, թե որոնք են այն ամենաարդյունավետ մեխանիզմները: Որ իրենց ձայնը կլինի լսելի, մեր արձագանքը՝ ժամանակին եւ որ բարձրացրած հարցերին տրվեն այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն գործարար միջավայրին ավելի հարմար ձեւով զարգանալուն: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես են տեսնում գործարարները այն նվազագույն պայմանները, որոնք մենք պետք է ապահովենք, որ իրենց կողմից բարձրացրած հարցերը լսվեն եւ ստանան լուծումներ»:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հանդիպումը  վարչապետի հետ հանդիպման տրամաբանական շարունակությունն է. «Մենք շատ ուրախ ենք, որ ընդունված կառավարության աշխատանքային ծրագրում Արդյունաբերողների եւ գործարարների միության առաջարկների զգալի մասն արտացոլվել է: Այսօրվա հանդիպմանը մենք պետք է քննարկենք կառավարության ծրագրի դրույթների շուրջ նախարարություն եւ միություն համատեղ աշխատանքի կետերը, մեխանիզմները, որոնց նպատակն է ներդրումային դաշտն ապահովել, ակտիվացնել գործարարների մասնակցությունը պետական կառավարական գործառույթների իրականացման մեջ: Որպեսզի մենք կարողանանք նպաստել տնտեսական ակտիվացմանը, որը գերխնդիր է, հավատ ներշնչելու գործարար համայնքին, որպեսզի ներքին ներդրումներն առաջին հերթին ակտիվանան եւ մեր օրինակը վարակիչ դառնա արտաքին ներդրումների համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930