Արմեն Բադալյան. ՀՀԿ-ի մեջ կատարվել է ուժերի վերադասավորում՝ հնաբնակներին մղելով երկրորդ պլան

Արմեն Բադալյան. ՀՀԿ-ի մեջ կատարվել է ուժերի վերադասավորում՝ հնաբնակներին մղելով երկրորդ պլան

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակների եւ դրանցում պարունակվող հանրությանն ուղղված քաղաքական ուղերձների մասին:

Մասնավորապես, անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակներին՝ Արմեն Բադալյանը զարմանք արտահայտեց, որ այն գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարն ընդամենը 3-4 ամիս առաջ է մտել Հանրապետական կուսակցություն, այն էլ՝ նախարար դառնալուց հետո: Արեւմուտքում նման դեպքերում ցուցակը գլխավորում են այն անձինք, որոնք երկար ժամանակ աշխատել են կուսակցության համար եւ մեծ ներդրում ունեն տվյալ կուսակցության կայացման եւ հզորացման գործում: Այս սկզբունքը ՀՀԿ-ի դեպքում չպահպանվեց: Բայց ինչո՞ւ՝ նա: Նայելով Հանրապետականի մեծամասնական եւ ռեյտինգային ցուցակներին՝ գալիս ենք եզրակացության, որ այն ամենայն հավանականությամբ միայն իր ցանկությամբ կազմել է հանրապետության նախագահը՝ առանց կուսակցության այլ գործիչների տեսակետները հաշվի առնելու: Դրա համար նա ուներ լուծելու մի քանի խնդիր. իշխանության համակարգում ուժեղացնելով իր թիմակից պաշտպանության նախարարի դիրքերը՝ անուղղակիորեն թուլացնել վարչապետի դիրքերը:

Գաղտնիք չէ, որ վարչապետի գալով հասարակությունը նրանից մեծ սպասելիքներ ուներ: Նրան բոնուսային կարգով տրվեց Պետեկամուտների կոմիտեն, ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալի պաշտոնը, որի արդյունքում Կարեն Կարապետյանը իշխանական համակարգում գրեթե հավասարվեց գործող նախագահին: Սա, բնականաբար, դուր չէր գա նախագահին եւ նա այս ցուցակով լուծեց խնդիրներից մեկը՝ թուլացնել վարչապետի քաղաքական կշիռը՝ փորձելով հավասարեցնել այդ երկու գործիչներին:

Երկրորդը ցուցակի 1-3-րդ տեղերն զբաղեցնողներն են՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որոնց միանշանակ կարելի է համարել նախագահի թիմակիցներ: Իսկ երբ նայում ես 4-10-րդ տեղերին, այնտեղ նույնպես վարչապետի թիմակիցներ չկան:

Նույնը ռեյտինգային ցուցակում է, որտեղ հիմնականում օդիոզ դեմքեր են, հիմնականում՝ նախագահի թիմակիցներ: Հետեւաբար, խնդիրը դրված է հետեւյալ սկզբունքով. ապագա խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը միանշանակ դարձնել հանրապետության նախագահի ենթակա խմբակցություն:

Երրորդ մեսիջը. առաջին տասնյակում նախկին երիտհանրապետականներին եւ այն մարդկանց ընդգրկելն էր, որոնց քաղաքական կարիերան անմիջականորեն կախված է նախագահից: Այնտեղ եւս հին հանրապետականներ չկան: Այսինքն, կուսակցության մեջ կատարել ուժերի վերադասավորում՝ հնաբնակներին մղելով երկրորդ պլան, որպեսզի ապագա խորհրդարանում նոր Հովիկ Աբրահամյանի նման ինքնուրույն գործիչներ չլինեն» :

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք