Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ դատարանում «Ասպարեզի» լրագրողի վրա հարձակվելու ու ֆոտոապարատը խլելու մասին

Փետրվար 28,2017 16:54

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ դատական նիստի մասնակիցներից մեկը (ի դեպ, Լևոն Բարսեղյանը հրապարակել է նաև նրա լուսանկարը) հարձակվել է «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել է ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ։


«Դա տեղի է ունեցել դատավոր Աշոտ Մանուկյանի, կարգադրիչների եւ բազմաթիվ այլ մարդկանց աչքի առաջ: Հետո երեւի ներքին ձայնը իրեն հուշել է, որ այդ ապարատը իր օրգանիզմում ամենահեշտ եղանակով չհայտնվելու համար հարկավոր է շուտափույթ վերադարձնել լրագրողին, ու վերադարձրել է:

Հիմա, ստուգելու համար ամենայն հայոց իրավապահների աշխատանքի արագությունը, հաղորդում եմ հետեւյալ անհրաժեշտ եւ բավարար փաստերը.

Փաստեր.

1. Անահիտ Սիմոնյանը «Ասպարեզ» օրաթերթի եւ asparez.am կայքի թղթակիցն է, լրագրող, իմ հանձնարարությամբ կատարել է իր օրինական լրագրողական պարտականությունները, գնացել է դատարան՝ լուսաբանելու Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը:
2. Անահիտ Սիմոնյանից ֆոտոխցիկը խլելու կամ գողանալու դեպքը տեղի է ունեցել վերոհիշյալ հանձնարարությունը կատարելու պահին, այս ջահելը խոչընդոտել է Անահիտ Սիմոնյանի աշխատանքը, ինչի պատճառով նա չի կարողացել անհրաժեշտ պահին անհրաժեշտ լուսանկարներն անել ու ժամանակ է ծախսել ապարատը վերադարձնելու բանակցությունների համար:
3. ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը հանցագործություն է սահմանում լրագրողին իր օրինական պարտականությունները կատարելը խոչընդոտելը:
4. Այս գործով հետաքրքրված իրավապահների/քննիչների համար կարող են վկաներ լինել ականատեսները՝ գործով դատավորը, գործով տուժողը՝ Հրաչիկ Միրզոյանը, դատարանի քարտուղարը եւ դահլիճում եղած կարգադրիչները:
5. Անահիտ Սիմոնյանի մոտ առկա են այս ջահելի լուսանկարը եւ տեսագրություն:
6. «Ասպարեզ» օրաթերթի եւ կայքի հասցեն է. Գյումրի, Պուշկինի փ., 96»,- գրել է Լևոն Բարսեղյանը։

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե արձագանքե՞լ են դատարանում լրագրողի նկատմամբ տեղի ունեցած դեպքին։ «Իմ հանձնարարությամբ՝ նշված հրապարակումը ոստիկանության բաժին է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար»։

Դատախազը մեզ տեղեկացրեց, որ անձի ինքնությունը դեռ պարզված չէ, այսօր է ուղարկվել հրապարակումը ոստիկանություն։

Լրագրող Անահիտ Սիմոնյանն ասաց, որ այս պահին խառն է, չի կարող մեզ հետ զրուցել, սակայն նա Asparez.am կայքում իր՝ «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» նյութում մանրամասնորեն նկարագրել է տեղի ունեցածը։ «Դատական նիստի ընթացքում, երբ ես փորձեցի լուսանկարել Հ. Միրզոյանին, նիստին ներկա քաղաքացիներից մեկը խլեց իմ տեսախցիկը՝ ասելով, որ պետք է թողնեմ ու հեռանամ, չպետք է նկարահանեմ դատական նիստը: Մինչդեռ դատական նիստի հենց սկզբում դատավորը չէր արգելել տեսանկարահանել կամ ձայնագրել դատական նիստը: Դատավորն արձանագրեց, որ լրագրողի իրավունքները խախտվել են:

-Դատարանն արձանագրում է, որ գործի քննության ընթացքում դատական նիստում նստած անձնավորություններից մեկը, որը չներկայացավ, փորձեց խլել տեսախցիկը, այնուհետեւ դուրս եկավ դատական նիստերի դահլիճից, որի կապակցությամբ դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց,-նշեց դատավորը:

Նշեմ, որ լուսանկարչական սարքն իմ ձեռքից իրականում խլվել էր, եւ դատավորի կատարած հայտարարության պահին այն արդեն իմ ձեռքին էր գտնվում, քանի որ մինչ այդ ես դուրս էի եկել դատական նիստերի դահլիճից եւ պահանջել վերադարձնել լուսանկարչական սարքը, եւ այն ինձ վերադարձրեցին: Իսկ տեսախցիկը խլողին դուրս էին հանել դատարանի դահլիճից»:

Հիշեցնենք, որ Հրաչիկ Միրոզյանին դանակահարել էին 2015 թվականի մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ։ Այդ ժամանակ որպես կասկածյալ՝ ձերբակալվեց ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանի որդին՝ Կամո Խաչատրյանը, որը հանրությանն առավել հայտնի է Ռուդիկ անունով։ Կարճ ժամանակ անց փոխվեց նրա խափանման միջոցը. գրավի դիմաց նրան ազատ արձակեցին՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով։

Իսկ երեկ Datalex.am-ում տեղադրված տեղեկատվության համաձայն. «Կամո Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի մարտի 28-ին, ժամը 17.00 սահմաններում, ակամա ներկա գտնվելով Գյումրու թատերական հրապարակում անցկացվող հանրահավաքին և այդ ընթացքում իր հետ առնչություն չունեցող միջադեպի հետևանքներից խուսափելու համար այնտեղից վազելով հեռանալու ժամանակ ոտքը սայթաքել է և վայր ընկնելուց խուսափելու համար ձեռքերը մեկնել է առաջ, մարմնով բախվել դեմքով դեպի իրեն կանգնած Հ.Միրզոյանին, ինչի արդյունքում իր ձեռքում գտնվող պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կտրող-ծակող գործիքով անզգուշությամբ հարվածել է Հ. Միրզոյանի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինիս առողջությանը անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728