Խաղաղությունը Ղարաբաղում կարեւոր չէ՞ Պուտինի համար

Խաղաղությունը Ղարաբաղում  կարեւոր չէ՞ Պուտինի համար

Կրեմլում երբեք չի կարելի խոսել պատերազմ հրահրող, համաձայնությունները տապալող Ադրբեջանի մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում էր: Կրեմլում մարտի 15-ին կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփեցին ԶԼՄ-ների առջեւ հայտարարություններով:

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ մանրամասն քննարկել են մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման եւ կատարման կարեւորությունը:

Ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի են եւ վնասում են խաղաղ գործընթացին»:

Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունած համատեղ հայտարարությունում նաեւ նշվում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` պետությունների տարածքային ամբողջականության, հավասարարության եւ ազգերի` ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Իհարկե, դրական է, որ Մոսկվայում նույնպես երկու նախագահները շեշտել են 2016-ին` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիան կանխելուն, կայունության հաստատմանն ու խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն նպաստելուն:

Սակայն կարեւորն այն է, որ Կրեմլում երբեք չի շեշտվում Ադրբեջանի ապակառուցողական դերը ու բանակցային գործընթացին հասցված վնասը: Ավելին` սահմանին հետաքննության մեխանիզմների տեղակայման խնդիրն ամիսներ շարունակ ձգվում է, բայց ռուսական կողմը երբեք չի մատնանշում դրանք մերժողին:

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ու Փարիզում կարեւորում էր միջազգային հանրության դերը էսկալացիա թույլ չտալու համար: Ֆրանսիայի նախագահն, օրինակ, առաջարկել էր «պատժամիջոցներ սահմանել` խաղաղությանը հակազդելու դեպքում»: Այսօր բոլորի մտքում մեկ բան է, որ` «պատերազմն անխուսափելի է», իրավիճակը գնալով լարվում է ղարաբաղյան կարգավորման շուրջ, այս վիճակը նոր մոտեցումներ է պահանջում, սակայն Կրեմլում համառորեն չեն ցանկանում «թթու խոսք» ասել Ալիեւի հասցեին:

Ամեն ինչ սահմանափակվում է տարածված հայտարարության մեջ «պրոտոկոլային» ձեւակերպումներով, որոնք, նկատենք, որ չեն կարող չարվել: Հայկական կողմի համար, անշուշտ, կարեւոր է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը շեշտելը, բայց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը երբեք չի անցում «սահմանը»` Կրեմլում երբեք չի կարելի խոսել պատերազմ հրահրող, համաձայնությունները տապալող Ադրբեջանի մասին, այնպես, ինչպես ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը:

Փոխարենը Պուտինն ասում է ամենակարեւորը Մոսկվայի համար. «Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի հանգուցալուծում գտնելուն ուղղված իր ջանքերը ե՛ւ Մինսկի խմբի շրջանակներում, ե՛ւ Բաքվի ու Երեւանի հետ ուղիղ շփումներում»։ Բայց երբ Սերժ Սարգսյանը հակադարձում է, որ անհարժեշտ է ստեղծել պայմաններ՝ բանակցային գործընթացը շարունակելու համար, Պուտինը չի խոսում ամենակարեւորի մասին` «պայմաններից» փախչողի մասին:

Այս իրավիճակում` ի՞նչ է ակնկալում Պուտինը Հայաստանի իշխանություններից ԼՂ կարգավորման գործընթացում: Գուցե ունի «փորացավի» իր պատճառնե՞րը, օրինակ` խաղաղապահների տեղակայման հարցը: Չմոռանանք, որ ընդամենը մի քանի օր առաջ` մարտ 6-ին, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո նշեց. «Ակնկալում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը տրվում է կարգավորման: Դա, առաջին հերթին, անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, այն շրջանների վերադարձի հարցերը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ եւ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ այն մարդկանց կարծիքը հաշվի առնելով, ովքեր այնտեղ ապրում են, դա նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է… Այդ ասպեկտների մեծ մասի շուրջ մեզ մոտ համաձայնություն կա: Բայց երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռեւս քննարկվում են»:

Կրեմլում նախագահների բանակցություններին ընդլայնված կազմով մասնակցել են մի շարք նախարարներ, այդ թվում նաեւ՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, հայտարարվել է, որ ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ, որոնք «էլ ավելի կխորացնեն երկու երկրների միջեւ առկա ռազմավարական հարաբերությունները»: Սակայն, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Վլադիմիր Պուտինը չեն մանրամասնել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Գուցե դրանք վերաբերում են Ռուսաստանի համար առավել կարեւոր հարցերին, օրինակ` երկու երկրների միջեւ վճարումներն ազգային տարադրամով կատարելու համար անհրաժեշտ մեխանիզմի ստեղծմանը, որպեսզի Հայաստանը կարողանա ռուսական գազը գնել ռուսական ռուբլով։

Նկատենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում խոսեց միասնական զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի, վերջերս ուժի մեջ մտած հակաօդային պաշտպանության մասին համաձայնագրի, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման մասին: Նա բաց տեքստով առաջարկեց էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ Պուտինի հետ բանակցություններից առաջ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում հրապարակված՝ «Անվտանգություն եւ կայուն ժողովրդավարական զարգացում» վերտառությամբ հոդվածում Սերժ Սարգսյանն առաջարկեց, որ երկու երկրները քննարկեն Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, նաեւ ռազմարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք