Վարդան Օսկանյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. «Ես չեմ հիշում, որ այս 25 տարիների ընթացքում նման իրավիճակ լինի, երբ ընտրությունը սեւի եւ սպիտակի միջեւ է» (Տեսանյութ)

Վարդան Օսկանյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. «Ես չեմ հիշում, որ այս 25 տարիների ընթացքում նման իրավիճակ լինի, երբ ընտրությունը սեւի եւ սպիտակի միջեւ է» (Տեսանյութ)

Այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ երկրում տիրող իրավիճակի միակ մեղավորը գործող իշխանությունն է: Միաժամանակ նշեց նաեւ, որ իրենց դաշինքի ներկայացուցիչների համար պաշտոնն ու հարստությունը կարեւոր դեր ու նշանակություն չունի:

«Այս իրավիճակի միակ պատճառն իշխանությունների անգործությունն է: Նրանք հետաքրքրված չեն ժողովրդի կյանքով: Նրանց հետաքրքրում է 2 բան՝ փողը եւ իրենք աթոռը: 2 բան, որ այս 3 լիդերներով, մենք ապացուցել ենք, որ մեզ չի հետաքրքրում, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ պահի, երբ ավարտել ենք մեր պաշտոնավարման շրջանը, մեզ միշտ նոր պաշտոններ են առաջարկվել, մենք մերժել ենք: Ուզեցել ենք լինել ժողովրդի կողքին: Իսկ մեր պաշտոնավարման ընթացքում երբեւիցե մի կոպեք չենք ավելացրել, մենք ինքնահարստացման հետեւից չենք գնացել»:

Վարդան Օսկանյանը ասաց, որ իշխանության գալով իրենք փորձելու են Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ Սփյուռքում ապրող հայերը ցանկություն հայտնեն վերադառնալ հայրենիք. «Ես ուզում եմ, որ դուք մեզ՝ այս երեքիս ընկալեք, որպես Հայաստան-Սփյուռք-Արցախ այդ միասնականության խորհրդանիշը: Մենք երեքով կկարողանանք Հայաստանը դարձնել աշխարհասփյուռ հայության համընդհանուր տունը, եւ նրանց վերջին հանգրվանը»:

Հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը վանաձորցիներին կոչ արեց ապրիլի 2-ին գնալ ընտրության եւ իրենց քվեն տալ համար 8-ին, վստահեցնելով, որ իրենք են փոխելու երկիրը: «Ապրիլի 2-ին դուք սուրբ գործ ունեք անելու, գնալ ընտրության եւ իշխանափոխություն անել: Դուք դա կարող եք անել, եւ պետք է անեք՝ ձեր երեխաների, այս երիտասարդ սերնդի, առաջին շարքում կանգնած երեխաների համար: Որովհետեւ ապրիլի 2-ին իսկապես վճռվելու է այդ սերնդի, մեր ժողովրդի ճակատագիրը՝ հաջորդ տասնամյակների համար: Եւ մենք անպայման պետք է գնանք իշխանափոխության: Ես չեմ հիշում, որ այս 25 տարիների ընթացքում նման իրավիճակ լինի, երբ ընտրությունը սեւի եւ սպիտակի միջեւ է»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք