Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզաննա Փիլոսյանի «Անկրկնելի Իսաբեկյանը»

Մարտ 22,2017 14:30

Հուշապատառիկներ ժողովրդական նկարչի մասին

Վերջերս Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ բանասեր, արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սյուզաննա Փիլոսյանի «Անկրկնելի Ւսաբեկյանը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված անվանի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հիշատակին: Գրքում հուշապատառիկներ են ժողովրդական նկարչի մասին:

Սյուզաննա Փիլոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ ինքը 1968թ. ընդունվել է Հայաստանի ազգային պատկերասրահ աշխատանքի, որտեղ շուրջ 20 տարի տնօրեն է աշխատել Էդվարդ Իսաբեկյանը: «19 տարի միասին աշխատել ենք պատկերասրահում, դրանից հետո էլ եմ շարունակել շփվել իր հետ: Էդվարդ Իսաբեկյանն իրեն տնօրենի նման չէր պահում, նա մեզ համար էքսկուրսիաներ էր կազմակերպում, դասախոսություններ էր կարդում, հարցերին պատասխանում, օգնում էր մարդկանց՝ դրանով իր հետ կապվում էինք որպես հայ մարդ, որը շատ սիրում էր իր հայրենիքը, ժողովրդին, հրաշալի գիտեր իր պատմությունը, համաշխարհային եւ հայ գրականությունը, շփվել էր իր ժամանակի մեծ մարդկանց՝ Ալեքսանդր Բաժբեուկ- Մելիքյանի, Սարյանի, մյուսների հետ…Նաեւ փայլուն հիշողություն ուներ, ամեն պահի մի հետաքրքիր բան ուներ պատմելու, ինքը հրաշալի հոդվածներ էր գրում, հուշեր էր պատմում:

Մի խոսքով, շատ հետաքրքիր էր շփվել Իսաբեկյանի հետ»,-ասում է Սյուզաննա Փիլոսյանը: Այնուհետեւ շարունակում է, որ երբ աշխատանքի է ընդունվում որպես Մշակույթի նախարարության մշակութային արժեքների արտահանման վարչության պատասխանատու քարտուղար, շփվում Արա Շիրազի եւ Պողոս Հայաթյանի հետ, մի առիթով դարձյալ հյուրընկալվում է Իսաբեկյանի տանը: Տիկին Փիլոսյանը հիշում է՝ վարպետը պետք է Սիրիայում ցուցահանդես ունենար ու արդեն լավ չի տեսնում: Նա իրեն խնդրում է օգնել հոդվածները գրելիս: «Ինքը հոդվածներ էր գրում Կորյուն Սիմոնյանի, Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Ալեքսանդր Բաժբեուկ- Մելիքյանի մասին…Այնքան շատ էինք մտերմացել, որ իրեն հուզող հարցերի մասին էլ էր խոսում…Ես այդ բոլորը գրի եմ առել, ու կազմել այս գիրքը, որտեղ ավելի շատ իր խոսքն է հնչում»,-նշեց մեր զրուցակիցը:

Գրքի լույսընծայումը անակնկալ էր նաեւ Էդվարդ Իսաբեկյանի որդու՝ նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի համար: Շնորհանդեսի օրը պարոն Իսաբեկյանը ոչ միայն Սյուզաննա Փիլոսյանին, այլեւ ինքն իրեն էր շնորհավորել: Նա նշել է, որ հորը երեք հոգի լավ գիտեին՝ Սյուզաննա Փիլոսյանը, Սարո Սարուխանյանը եւ հոր ընկեր, Մատենադարանի աշխատակից Մաթեւոսյանը:

Արամ Իսաբեկյանն իր խոսքում անդրադարձել է հոր՝ «Իգդիր» վեպին, նրա գրչի տակից դուրս եկած հոդվածներին, էսեներին, բանաստեղծություններին, եւ որ ամենակարեւորն է՝ օրագրերին:

«Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ Սյուզին, որ նաեւ իմ ընկերն է, սեղանիս դրեց այս գիրքը, համ զարմացա, համ էլ մի քիչ ջղայնացա, հետո մտածեցի, որ իզուր եմ ջղայնանում, որովհետեւ մարդը շատ լավ գործ է արել, ինքնուրույն է արել: Իմիջիայլոց, գրքի տեսքի համեստությանը մի նայեք: Այսօր այնպիսի շքեղ բաներ են տպագրվում, բայց մեջը բովանդակություն չկա»,- ասել է Արամ Իսաբեկյանը:

 

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031