Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությանն ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ լեզվի պետական տեսչություն. «Հայկական ժամանակ»

Մարտ 22,2017 12:03

Այս օրերին շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությանը։

Նույն նախագծով առաջարկվում է ստեղծել կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին։ Ու եթե լուծարվելիք կրթության պետական տեսչության գործառույթներն ըստ էության փոխանցվելու են նորաստեղծ մարմնին, ապա լեզվի պետական տեսչությունը պարզապես դադարելու է գոյություն ունենալ ու վերջ։

Նշված նախագիծը հեղինակած կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանին խնդրեցինք հիմնավորել, թե Հայաստանի Հանրապետությանն ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ լեզվի պետական տեսչություն։

«Առաջին հիմնավորումն այն է, որ «Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին։ Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»,- պատասխանեց նա։

Այսինքն՝ լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել։ «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել։ Եվ հենց դրա համար էլ իրենք մինչեւ հիմա ստուգում չեն իրականացրել, այլ միայն վարչական վարույթ են հարուցել, ինչը չի կարելի կոչել վերահսկողություն։ Օրենքով չնախատեսված գործառույթ են իրականացրել»,- շարունակեց նա՝ համոզմունք հայտնելով, թե լեզվի անաղարտությունը պահպանելու համար վերահսկողությունը լավագույն միջոցը չէ։

«Լեզվի տեսչությունն, ըստ էության, կենտրոնացել էր ընդամենը գրվածքների վրա, ու դրա հետեւանքով հիմնականում խնդիր էին ունենում միջազգային լոգոները։ Օրինակ, պատկերացրեք, «Գուգլը» Հայաստանում գրասենյակ ունենա, դրա վրա իր լոգոն կախի, գան տուգանեն։ «Գուգլը» աշխարհի ամենաթանկ բրենդն է»,- փակագծերը բացեց Հայկ Այվազյանը։

Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ հայերեն գրելն օրենքի պահանջ է, նա արձագանքեց. «Նկարների դեպքում՝ ոչ։ Այստեղ իրավական շատ լուրջ խնդիր կա, որն այդպես էլ անլուծելի մնաց։ Լոգոն գրանցվում է որպես նկար, մենք չենք կարող տուգանել նկար կախելու համար։ Մենք կարող ենք տուգանել ոչ հայերեն գրելու համար։ Լեզվի տեսչությունն այդ մասին շատ լավ գիտի։ Դատարանում այդ բոլոր գործերը պարտվում է, բնականաբար։ …Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հայերենի գործածությունն այդպես պետք է պահպանենք, ապա, իմ կարծիքով, վերահսկողության միջոցով մարդկանց մեջ մեր լեզվի նկատմամբ սեր առաջացնելը ամենավատ ձեւն է»:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031