Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյա տարեդարձին և հայոց բանակի կազմավորմանը

Ապրիլ 05,2017 11:16

Արդեն 3-րդ անգամ է, ինչ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը «Մայրություն» հասարակական կազմակերպության հետ իրականացնում է «Հայ պատանի ասպետ» ինտելեկտուալ, գեղարվեստա-մշակութային մրցույթր հանրապետության 9-12-րդ դասարանների դպրոցականների մասնակցությամբ:

2015-ի մարտի 29-ին շրջանային փուլին Քաշաթաղի շրջանից մասնակցեց 9 թիմ, այդ թվում նաև՝ Աղաձորի դպրոցականներն էին: Նրանք մրցույթը նվիրեցին իրենց ավագ ընկերոջ՝ Հակոբ Խաչատրյանի հիշատակին, որբ օրեր առաջ՝ մարտի 19-ին, իր 3 զինակից ընկերների հետ մարտիրոսվել էր Արցախի հյուսիսային սահմանը պաշտպանելիս: Հակոբը մշտապես մասնակցում էր նման մրցույթների և գրեթե միշտ ճանաչվում լավագույն:

Աղաձորի թիմը լավ մասնակցեց այս մրցույթին և դարձավ հաղթող: Հանրապետական փուլում քաշաթաղցիները երկրորդն էին, իսկ Վարդուտի դպրոցի աշակերտուհի Տիգրանուհի Խաչատրյանը «լավագույն ասմունք» անվանակարգում «Մայրություն» ՀԿ-ի կողմից արժանացավ մեդալի:

2016-ին՝ մարտի վերջին, հանրապետությունում կայացավ շրջանային փուլը, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները թույլ չտվեցին՝ կայանար հանրապետականը: Եվ ահա այս տարի՝ապրիլի 4-ին, Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացավ Քաշաթաղի դպրոցականների շրջանային փուլը, որին մասնակից եղան հյուրընկալող և Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Քարեգահի, Վարդուտի, Արտաշավիի Լեոնիդ Ազգալդյանի անվ. միջնակարգ դպրոցները:

Մրցույթը կազմակերպել և անցկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ալվարդ Սարգսյանը: Հանձնախմբի կազմում էին մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը՝ նախագահ, կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանը, Բերձորի մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսեսյանը, արվեստի դպրոցի երաժշտության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը, մանկապարտեզի պարուսույց Էլինար Հայրապետյանը և «Մերան» շրջանային թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը (տողերիս հեղինակ):

Ա. Սարգսյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ մրցույթը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյա տարեդարձին և հայոց բանակի կազմավորմանը: Առաջին փուլում աշակերտներն իրենց ուժերը փորձեցին 9 հարցից կազմված ինտելեկտուալ մրցույթում (յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր)՝ պատասխանելով Հայոց պատմության անցած ու ներկա հերոսական իրադարձություններին, Հայոց պատմությունը կերտող անհատներին նվիրված հարցերին:

Առաջինը նվիրված էր Հայոց Ձորի կամ Խոշաբի պատերազմին, երբ Ք. Ա. 2492թ. օգոստոսի 11-ին Հայոց նահապետը հաղթեց Բելին: 5 թիմերից միայն Վարդուտի դպրոցականները ճիշտ պատասխանեցին: 8-րդ հարցին պատասխանեց միայն Բերձորի թիվ 1 միջնակարգի թիմը, որն ընդհանուր հավաքեց 7, իսկ մնացածը բավարարվեցին 6-ական միավորով:

Երկրորդ փուլում աշակերտները մրցեցին ասմունք, պար և երգ անվանակարգերում: Լավագույն ասմունքող ճանաչվեցին 2 աշակերտ՝ Հարութ Մարտիրոսյանը՝ Բերձորի թիվ 2 դպրոց և Մարիանա Նազարյանը՝ Քարեգահի դպրոց:

Պարի մրցույթում լավագույնը Բերձորի թիվ 2 դպրոցի սաներն էին, իսկ երգում՝ Բերձորի թիվ 1-ի բարձրդասարանցիներ Գոռ Սարգսյանը (կիթառահար), Ռուզաննա Սահակյանը և Սիրվարդ Խանոյանը:

Հաղթողներն արժանացան մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պատվոգրին, որոնք հանձնեց Հ. Ավանեսյանը: Երգի արտամրցութային կատարումով ներկաների ուրախություն պարգևեց և ոգևորեց Արտաշավիի դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Վահե Հարությունյանը՝ Փոքրիկ Արցախցին, որը կատարեց Գուսան Հայկազունու՝ Արցախին նվիրված երգը:

Մրցույթի արդյունքում ձևավորվեց շրջանային թիմը, որը ապրիլի 25-ին Ստեփանակերտում կմասնակցի հանրապետական փուլին:

Այսօր շատ է խոսվում ազատագրված տարածքների՝ թշնամուն վերադարձնելու, հանուն խաղաղության փոխզիջելու և այլ նման հարցերի շուրջ: Սակայն մենք՝ քաշաթաղցիներս, որ բնակվում ենք այդ տարածքների վրա արդեն 24 տարի, մեր երեխաներին հայրենասիրություն ու հայրենապաշտություն ենք սնուցում: Մեր երեխաները, որ մրցում են միմյանց հետ նման խաղերում, միասնական են ու գիտեն՝ իրենք են այս հողի տերը, իսկ իրենց միակ ու ամենաապահով պաշտպանը հայ զինվորներն են՝ իրենց եղբայրները՝ կանգնած մարտական հենակետերում:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930