Սերժ Սարգսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»

Սերժ Սարգսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»

Սերժ Սարգսյանը գնահատեց Տեր-Պետրոսյանի գրավիչ գաղափարն ու կիրառեց այն յուրովի

Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն տարածեց եւ արձանագրեց, որ քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա է տեղի ունեցել: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության պայմաններում են ընտրություններն ընթացել, «սա գեղեցիկ պայքար էր», որի նպատակը, ըստ ՀՀԿ ղեկավարի` երկրի զարգացման հարցում կարծիքների եւ դիրքորոշումների բախումն ու համադրումն էր, եւ «այն հիմնականում ստացվեց»։ «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»,- հավելեց նա:

ԱԺ ընտրություններից 10 օր է անցել, կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանի նախանշած` «ընդդիմության պատկառելի ներկայացվածության» մեջ ԲՀԿ-ն է, որի հետ կոալիցիա կազմելու կարիքը ՀՀԿ-ն ամենեւին էլ չունի:

Ինչ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների հաջորդ օրը. «Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը եւ մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար»:

Նման արձանագրմամբ, իհարկե, ճիշտ կլիներ, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմեր ու ծառացած խնդիրների լուծմամբ ինքն էլ զբաղվեր, բայց «ընդդիմության պատկառելի ներկայացվածություն» ասածը հենց այս ուժի համար է, թեեւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն չի լինելու այն ընդդիմությունը, որն ակնկալում էին «բուրժուադեմոկրատական հեղափոխության» վաղ շրջանում:

ԲՀԿ-ն կշարունակի «առավելագույնս անկեղծ» լինել հայրենակիցների առաջ՝ «երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման եւ թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով»: Ինչպե՞ս է ԲՀԿ-ն իր «լիազորությունների չափով անելու հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու եւ զարգացնելու համար»… Այդ մասին ակնարկում են նույն հայտարարությունն ամփոփելիս. «Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ եւ անմիջական շփումները ժողովրդի հետ… Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է»:

Այս հայտարարությունից 5 օր անց, սակայն, պարզվեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Գագիկ Ծառուկյանը տարածած հայտարարության մեջ երեւանցիներին հայտնեց, որ հավատարիմ է մնալու անկեղծ լինելու իր խոստմանը` ակնկալելով, որ երեւանցիները կընդունեն եւ կհարգեն իր որոշումը, ու դարձյալ հիշեցրեց, որ «որեւէ ընտրության մասնակցությունը» երբեք ինքնանպատակ չի եղել: Հնչեց ավելի ծանրակշիռ պատճառ, թե ինչու «պատկառելի ընդդիմությունը»` ի դեմս ԲՀԿ-ի, չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին. «Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երեւանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր եւ պատշաճ ծրագիր»,- ասում էր Ծառուկյանը հայտարարության մեջ ու հավելում. «Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ: Հարգելի երեւանցիներ, այս եւ բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված եւ հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու եւ հանրությանը ներկայացնելու համար»:

Վստահաբար, երեւանցիները «ըմբռնումով կմոտենան այս որոշմանը», իսկ Գագիկ Ծառուկյանը կշարունակի «միշտ մեր կողքին» լինել, բայց այնքանով, որքանով նրա գործունեությունը չի բարդացնի ՀՀԿ-ի ճանապարհը: Մայրաքաղաք` Ծառուկյանի մուտքը, Երեւանի ավագանու ընտրություններում կրկին «թեժ» ընտրապայքարը, ՀՀԿ-ի օգտին հասարակական մասնակցություն ապահովելը խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ անց այդքան էլ հեշտ չէր լինի: Հետեւաբար ԲՀԿ-ն պետք է հետ քաշվեր` թողնելով մայրաքաղաքը ՀՀԿ-ին:

Իրականում ԲՀԿ-ականները գուցե ԱԺ-ում շարունակեն հանդես գալ թունդ ընդդիմադիր ելույթներով, քննադատական հայտարարություններով, բայց պարզ է մեկ բան` Գագիկ Ծառուկյանը երբեք չի եղել ընդդիմադիր գործիչ ու չի լինելու այդպիսին, եւ հանուն արդարության պետք է արձանագրել, որ այս հարցում նա երբեք չի էլ փորձել կեղծել ու ընդդիմադիր ձեւանալ:

Հարցադրումները` ԲՀԿ-ն «կմնա՞ ընդդիմություն» կամ՝ կո՞շտ ընդդիմություն կլինի, թե՞ մեղմ ընդդիմություն, արհեստածին են, անիմաստ ու ավելորդ: Գագիկ Ծառուկյանը ոչ մի տեսակի ընդդիմություն չի լինելու` անկախ նրանից, թե ինչ պարբերականությամբ, ինչ բոցաշունչ տեքստերով են ԲՀԿ պատգամավորները ելույթ ունենալու ԱԺ ամբիոնից ու սպառնալու ոմանց «ականջները կտրել»:

Արդյոք իշխանության համար վճռորոշ, սկզբունքային հարցերում ԲՀԿ-ն կհակադրվի՞ իշխանությանը… Իհարկե` ոչ: Սերժ Սարգսյանը «պատկառելի ընդդիմություն» ասելով նկատի է ունեցել «Ծառուկյան» դաշինքը, սակայն իրականում պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն իրականացրել է իր «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»: Երբ Ծառուկյանը վտանգ էր ներկայացնում` Սերժ Սարգսյանն անսպասելի որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանին հեռացնել ակտիվ քաղաքականությունից՝ հայտարարելով, որ նա քաղաքական դաշտում անելիք չունի:

Որոշ ժամանակ անց բացվեց ԲՀԿ-ի քաղաքական նոր էջը: Այն, ինչ ծրագրվում էր իրականացնել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ ընդդեմ Սերժ Սարգսյանի` «բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ», Սերժ Սարգսյանն այսօր իրագործել է` պահպանելով եւ ամրապնդելով իր իշխանությունը, եւ այս հարցում էլ անկեղծ է Սերժ Սարգսյանը, երբ արձանագրում էր, որ քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա էր տեղի ունեցել, ու «սա գեղեցիկ պայքար էր»:

Սերժ Սարգսյանը գնահատեց Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» գրավիչ գաղափարն ու կիրառեց այն յուրովի: ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն ի սկզբանե անհավանական էր թվում, քանի որ դա խիստ հնամաշ «ձայնասկավառակ» էր, այդ «երգը» վաղուց էր հոգնեցրել հասարակությանը, այն քաղաքական դաշտին որեւէ օգուտ չէր կարող տալ: Այլ է պատկերը հիմա, երբ «պատկառելի ընդդիմությունը» նոր կառավարման համակարգում կօգտվի «ընձեռված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից»:

Բայց եթե շատերին թվում է, թե Սերժ Սարգսյանի հայտարարած «պատկառելի ընդդիմության» կարգավիճակում ավելի հեշտ է լինելու գոյատեւելը, քան «հուժկու» ընդդիմադիրի կեցվածքում, սխալվում են: Քաղաքական ուժերը պետք է աչքի առաջ ունենան «ՕԵԿ-Հայկական Վերածննդի» համար դաժան, բայց հասարակության համար խիստ ուրախալի օրինակը: Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ հասարակությունը վաղ թե ուշ արժանի գնահատականը տալիս է տարիներ շարունակ դեմագոգիայով զբաղվող, ընտրությունից ընտրություն ընդդիմադիր ելույթներով բղավող, բայց ընտրություններից հետո պաշտոններ ստանձնող եւ իշխանական բարիքներից օգտվողներին:

Ամփոփումը` տպագիր «Առավոտ»-ի ապրիլի 13-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 12.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք