Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի համայնքի ավագանու նիստը սկսվեց եւ ավարտվեց շնորհավորանքներով

Ապրիլ 18,2017 17:35

Այսօր Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր հերթական նիստ: Ավագանու 33 անդամներից նիստին ներկա էին 15-ը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ներկաներին շնորհավորեց՝ Սուրբ Զատիկի եւ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Տիկին Կյուրեղյան, շնորհավորում եմ ձեզ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Ձեր կարիքը բնականաբար մենք կզգանք: Հուսով եմ, որ հետագա համագործակցությունը նաեւ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում Վանաձոր քաղաքին իր արդյունքը կտա»,-նիստին ներկա դաշնակցական ավագանու անդամին այսպես շնորհավորեց համայնքի ղեկավարը, ապա շարունակեց. «Շնորհավորում եմ բոլորիս անցկացված ԱԺ ընտրությունների կապակցությամբ: Մենք արդեն ունենք նոր ձեւավորվելիք Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության ապագա 2 տարիների քաղաքական ձեւաչափը արդեն պարզ է: Եվ հուսով եմ, որ այդ ձեւաչափում, ուժերի նման դասավորվածության մեջ, մեր հանրապետությունը ապագա 5 տարիներին կարձանագրի շոշափելի հաջողություններ, եւ Վանաձոր քաղաքը նույնպես անմասն չի մնա այդ հաջողությունների արդյունքները վայելելուց»:

Շնորհավորանքներից հետո քննարկվեցին օրակարգային 12 հարցերը: Որոնք բացառությամբ մի քանի հարցի, համայնքի ավագանին հաստատեց միաձայն:

Նիստի ավարտին քաղաքապետը եւս մեկ անգամ շնորհավորեց Արմենուհի Կյուրեղյանին, նոր խորհրդարանում պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

«Տիկին Կյուրեղյան, եւս մեկ անգամ ձեզ բարի երթ՝ օրինաստեղծ եւ պատասխանատու աշխատանքում: Հուսով եմ, որ ի դեմս ձեզ, Վանաձորը կունենա իր խնդիրները եւ շահերը պաշտպանող եւ բարձրացնող ակտիվ պատգամավոր: Եվ կարծում եմ, որ մենք դեռ առիթներ կունենք ձեզ մեր շնորհակալությունը հայտնելու՝ Վանաձորի համար մեծ գործեր անելու համար»:

Տիկին Կյուրեղյանն էլ իր հերթին խոստացավ լավ աշխատել. «Համոզված եմ, որ դուք ինձ հանգիստ չեք թողնելու, որ ես այնտեղ նստեմ ու չաշխատեմ: Իմ գործունեությունը պետք է համագործակցություն լինի՝ ի շահ Վանաձորի եւ ի շահ Լոռու մարզի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930