Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանի գործով վկաների հարցաքննությունն ավարտվեց. դատարանը կքննի նրա խափանման միջոցը փոխելու հարցը

Ապրիլ 15,2024 23:23

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանն այսօր ավարտեց վկաների հարցաքննությունը: Այս գործով դատարանն իր նախաձեռնությամբ եւս 7 վկայի էր դատակոչել:

Մամիկոն Ասլանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանն առարկեց եւ միջնորդություն ներկայացրեց՝ հետաձգել դատարանի դատակոչած վկաների հարցաքննությունը: Նրա հիմնավորմամբ՝ ՀՀ օրենսդրությամբ, նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, հստակ արձանագրված է, որ դատարանն իր նախաձեռնությամբ վկա կարող է դատակոչել, եթե բոլոր ապացույցները հետազոտվել են, կողմերի միջնորդությունները սպառված են, բայց առկա իրավիճակը դատարանին հնարավորություն չի տալիս՝ օբյեկտիվ որոշում կայացնել:

«Մենք դեռեւս միջնորդություններ չենք ներկայացրել, ապացույցները չենք հետազոտել, ուստի, այս փուլում դատարանը չի կարող իր նախաձեռնությամբ վկաներ կանչել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Ոսկանյանը՝ հավելելով, որ դատավորը կարող է իր նախաձեռնությամբ եվս 200 վկա կանչել ու շարունակել Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահել՝ ասելով, որ վկաների հարցաքննությունը դեռ չի ավարտվել ու նրան ազատ արձակել չեն կարող, քանի որ ազատության մեջ գտնվելով՝ կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա: Մինչդեռ, պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեղադրանքի կողմն այդ վկաների ցուցմունքները մեղադրանքի հիմքում անգամ չի դրել, այդ վկաներին մեղադրանքի կողմը կարեւորություն չի տվել:

«Ես նաեւ պիտի միջնորդեմ, որպեսզի դատարանը գործի վարույթը դադարեցնի եւ դիմի ՍԴ: Միգուցե դատարանը միջնորդությունը բավարարում է, դա չի նշանակում, որ գործի քննության այդ ընթացքում Մամիկոն Ասլանյանը պետք է գտնվի կալանքի տակ: Ես պիտի միջնորդեմ, որ դատարանը փորձաքննություն նշանակի եւ այլն: Մենք դեռեւս բազմաթիվ ապացույցներ ունենք ներկայացնելու: Դատավորն ասում է՝ այդ ամենից հետո կհարցաքննեմ այդ վկաներին, բայց այդ ժամանակ միգուցե նրանց հարցաքննելու անհրաժեշտությունն էլ կկորի: Ամեն դեպքում, օրենքի կարգավորումն այն է, որ կողմերի համար ստեղծվում են հավասար պայմաններ. հարցաքննե՞լ եք մեղադրանքի կողմի վկաներին, պետք է լսեք նաեւ պաշտպանության կողմին: Առանց պաշտպանության կողմին լսելու, դատարանը չի կարող իր նախաձեռնությամբ վկաներ կանչի, քրեական դատավարությունը հստակ կառուցակարգ ունի»,- ասաց Արտակ Ոսկանյանը:

Պաշտպանի առարկություններն ընդունվել են: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստն ընդհատվել է: Ապրիլի 25-ին կայանալիք նիստում Մամիկոն Ասլանյանի փաստաբանն իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն կներկայացնի: Ըստ պաշտպանի, ողջամտությունը հուշում է, որ իր միջնորդությունը կբավարարվի եւ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի, քանի որ նրան կալանքի տակ պահելու միակ հիմքը՝ վկաների վրա ապօրինի ազդելն է, իսկ հիմա, այլեւս չկա դատակոչված վկա. «Վկայի բացակայության դեպքում անձին կալանքի տակ պահել, որ կարող է ազդել գոյություն չունեցող վկաների վրա, դա արդեն դատավճիռ է»:

Հետաքրքրվեցինք՝ դատական գործընթացից պաշտպանն ի՞նչ տպավորություն է ստացել, որքանո՞վ է հավանականությունը, որ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը կփոխվի: Արտակ Ոսկանյանը հիշեցրեց՝ Մամիկոն Ասլանյանն արդեն  երկու տարի չորս ամիս կալանավորված է: Նրա մեղադրանքի հիմքում՝ անօրինական որոշումներ ընդունելն է. «Որոշման անօրինական լինելը կարող է որոշել բացառապես Վարչական դատարանը: Քրեական գործ քննող դատարանն իրավունք չունի քննություն կատարել Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հարցերի շուրջ. սա բազմիցս ասել են Վճռաբեկ դատարանը, ՍԴ-ն: Այսինքն, քրեական դատավարության ընթացքում չենք կարող արձանագրել, որ Վճռաբեկ դատարանը եւ ՍԴ-ն անօրինական որոշումներ են կայացրել: Դատարանն իրավունք չունի անտեսելու, ոտնահարելու բարձրագույն դատական մարմնի եւ սահմանադրական մարմնի իրավական դիրքորոշումները: Անձին այսօր կալանքի տակ են պահում՝ քննելով՝ որոշումն օրինական է՞, թե՝ ոչ: Վկայի ցուցմունքով չի որոշվում Մամիկոն Ասլանյանի որոշման օրինական կամ անօրինական լինելը, որոշման օրինական-անօրինական լինելն իրավական գնահատման հարց է, վկան, ընդամենը, փաստական հանգամանքներ է հայտնում»:

Արտակ Ոսկանյանը նաեւ աբսուրդ է համարում սույն գործով վկաների հարցաքննությունը, քանի որ. «Վկաներին հարցնում են՝ ձեր կարծիքով, կառավարության այսինչ որոշումն ինչպե՞ս պետք է կատարվեր, ի՞նչ պետք է արվեր, օրենքը համայնքի ղեկավարն ինչպե՞ս պետք է կատարեր, կադաստրը ինչպե՞ս պետք է օրենքը կատարեր: Էլ չեմ ասում, որ հարցաքննված վկաների մի մասը ոչ մեկի մեղադրանքի հետ կապ չունի: Հարցաքննված վկաները մեծամասամբ արդարացնող ցուցմունքներ են տվել, որոշներն էլ՝ չեզոք, բայց Մամիկոն Ասլանյանին ասում են՝ ազատության մեջ մնալով, դու կարող ես այդ վկաների ցուցմունքի վրա ազդել: Սա աբսուրդ է: Բայց տեսենք, թե մյուս նիստին էլ ի՞նչ նոր հանգամանք պետք է հորինեն՝ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու համար»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930