Լքված փոքրիկների համար ավելի ապահով է ապրել մանկատանը, քան տարբեր խնդիրներ ունեցող ծնողների հետ

Լքված փոքրիկների համար ավելի ապահով է ապրել մանկատանը, քան տարբեր խնդիրներ ունեցող ծնողների հետ

Գավառի մանկատան ամենահին բնակիչը 14 տարեկան է: Աղջիկը միակողմանի ծնողազուրկ է, մայրը մահացել է, հայրն էլ լքել է դստերը՝ նրան հանձնելով մանկատուն: Մեկ տարի առաջ աղջկա հայրը հայտնվել ու ցանկացել է վերցնել դստերը: Աղջիկը, սակայն, հրաժարվել է:

Մեզ հետ զրույցում 14-ամյա աղջնակը հաստատեց՝ չնայած հայրը հայտնվել է, սակայն նրա հետ ապրել չի ցանկանում, քանի որ 14 տարի լքված լինելու փաստը ոչինչ չի կարող մոռացության տալ նրան:

Գավառի մանկատանը ներկայումս ապրում է մինչեւ 18 տարեկան 60 երեխա: Նրանցից ամենափոքրը 3,5 ամսական Մարին է, որը Գավառի մանկատանն է հայտնվել մոր անուշադրության հետեւանքով: Իսկ ամենամեծ սանի 18 տարին լրացել է փետրվարին: Չնայած օրենքն արգելում է 18-ից հետո մանկատանը մնալ, սակայն տղան ուսանող է, այդ պատճառով էլ մանկատունը շարունակում է նրան թույլատրել բնակվել այնտեղ՝ կրթական պրոցեսը չխաթարելու նպատակով:

Մանկատան սաների գերակշռող մասն առանց ծնողական խնամքի ճանաչված, սակայն փաստացի ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներ են, որոնք ծնողների անուշադրության ու անպատասխանատու լինելու հետևանքով հայտնվել են այնտեղ:

Երեխաների մի մասը վերադարձվել է ընտանիք, մի մասը որդեգրվել է իսկ մի քանիսն էլ հանձնվել են խնամատար ընտանիքների: Մանկատնից երեխա որդեգրել ցանկացող շատ ընտանիքներ կան ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, սակայն այսօրվա դրությամբ որդեգրման ենթակա երեխաների տարիքը մեծ է, իսկ որդեգրել ցանկացողները նախընտրում են ավելի փոքր երեխաների:

Մանկատանը գտնվող երեխաներից ոմանց ծնողներն էլ տարիներ անց հիշում են իրենց զավակներին, սակայն շահադիտական նպատակներով: Օրինակ՝ մուրացկանությամբ զբաղվող ծնողների համար երեխային վերցնելը կարող է հավելյալ եկամտի աղբյուր դառնալ:

Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծնողները երեխային հանձնելով մանկատուն, վերջնականապես մոռանում են նրա գոյության մասին՝ այդպես էլ տարիներ շարունակ ոչ միայն չայցելելով իրենց երեխային, այլեւ երբեւէ չզանգահարելով ու չհետաքրքրվելով նրանց ճակատագրով:

Մեզ հետ զրույցում մանկատան տնօրեն՝ Նիկոլայ Նալբանդյանը նշում է, որ երբեմն էլ ծնողների հետաքրքրվելը վտանգավոր է լինում, քանի որ այդ լքված փոքրիկների համար ավելի ապահով է ապրել մանկատանը, քան տարբեր խնդիրներ ունեցող ծնողների հետ:

Մանկատան սաների խնդիրներն ավելի են շատանում մանկատնից դուրս գալուց հետո, երբ հարց է առաջանում ոչ միայն աշխատանք գտնելու, այլ նաեւ ապրելու ու գոյատեւելու: «Մինչ օրս հարյուրավոր երեխաներ սպասում են բնակարանի իրենց հերթին»,- ասացին մանկատան աշխատակիցները:

Մանկատան շրջանավարտներից շատերը բռնում են թափառաշրջիկի ճանապարհը, ինչը հաստատեց նաեւ տնօրենը. «Կայանում են, բայց մեծ դժվարությամբ: Հատկապես լուրջ է տղաների խնդիրը: Տղան մանկատնից գնում է բանակ, երկու տարի էլ այնտեղ է մնում, բանակից գալիս է ու մնում օդում կախված: Հետ էլ չի գալիս, տուն չունի ու մնում է փողոցում»:

Մանկատան շրջանավարտներից շատերը դժգոհում են, որ մինչ օրս անձնագիր չունեն: Ոմանց անձնագրում տարիներ անց էլ գրված է մանկատան հասցեն:

Չունենալով կրթություն, աշխատանքի ու եկամտի աղբյուր՝ շրջանավարտներից շատերը տարիների ընթացքում կործանվում են՝ այդպես էլ չկարողանալով գտնել իրենց տեղը կյանքում: Նրանք, ովքեր ընտանիք են կազմում, կանգնում են գրանցման խնդրի առաջ: Իսկ առանց գրանցման նրանք զրկվում են նաեւ նպաստից:

«Դանդաղ քայլերով առաջ ենք գնում»,- նշեցին շրջանավարտները: Մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրն ընթացքի մեջ է:

Լ.Ղազարյանը, որը զբաղվում է շրջանավարտներին բնակարան հատկացնելու գործով, նշեց որ շրջանավարտներից մոտ 200 հոգի մինչ օրս բնակարանի իրենց հերթին են սպասում արդեն 10 տարի, իսկ նրանք ովքեր ստացել են իրենց բնակարանները, արդեն 10 տարի սպասում են սեփականաշնորհման:

Նվարդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք