Պուտինը «չի դավաճանի» Ալիեւին

Պուտինը «չի դավաճանի» Ալիեւին

Մոսկվայի արձանագրումը. «դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել հնարավոր է, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը»

Կրեմլի կողմից քարոզչություն իրականացնող ամենահզոր` «Ռոսիա 1» հեռուստաընկերության հայամետ համարվող հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Վեստի FM»-ի իր հեղինակային ծրագրում որոշ մանրամասներ է պատմել այս ամսվա սկզբին Բաքու կատարած իր այցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից:

Սոլովյովի ամբողջական ելույթը խիստ ուշագրավ է, եւ այն անհրաժեշտ է դիտել ամբողջությամբ, քանի որ ոչ միայն ներկայացվում են նրա` Ալիեւի հետ զրույցից ստացած տպավորություններն ամենայն մանրամասնությամբ, այլեւ այն «մեսիջները», որոնք այսօր առանցքային են Մոսկվայի համար:

Պարզ է, որ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության հանրահայտ մեկնաբանի ոչ այցն էր Բաքու պատահական, ոչ էլ դրան հետեւած քարոզչական ֆոնի ապահովումը:

Սոլովյովի` Բաքու կատարած այցից հետո շրջանառության մեջ դրված շեշտադրումներն ինքնին խոսուն են, լիովին տեղավորվում են Մոսկվայի այսօրվա ակնկալիքներին: Բայց ոչ միայն Մոսկվայի, այլեւ պաշտոնական Բաքվի ու անձամբ Ալիեւի սպասելիքներին:
Օրինակ` Բաքվում գիտակցում են, որ Ղարաբաղյան խնդիրը հնարավոր է լուծել միայն Մոսկվայի շնորհիվ՝ ասում է Սոլովյովը: Կամ` ավելի պերճախոս արձանագրում` Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ղարաբաղյան խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական ճանապարհով: Ըստ Սոլովյովի` Ղարաբաղի կարգավիճակն Ալիեւի համար շատ սկզբունքային հարց է, նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, որ նա իր դիրքորոշումը կփոխի: Բայցեւ ասվում է, թե Ադրբեջանն այսօր «տարանջատում է Ղարաբաղի եւ Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը», ու «դա կարող է շատ հետաքրքիր լինել Ռուսաստանի համար»։

Եվ որ ամենակարեւորն է՝ ռուսաստանցի մեկնաբանը Ալիեւի հետ զրույցի ընթացքում ընդգծել է՝ Ռուսաստանը ծանր գործընկեր է, բայց երբեք չի դավաճանի, ինչին ի պատասխան Ալիեւը խիստ ուշագրավ ճշգրտում է մտցնում. «Դա Պուտինը երբեք չի դավաճանի»:

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն ու խորությունը պատկերացնելու համար արժե դիտարկել նաեւ Սոլովյովի կողմից աշխարհաքաղաքական որոշ փակագծերը բացելը: Ալիեւը գովաբանում է Պուտինին ու դժգոհում ամերիկացիներից, իր երկրում արեւմտյան ֆինանսավորվող ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ իր քայլերն արդարացնում: ԱՄՆ-ից դժգոհելու հիմնավորումն է այստեղ հետաքրքրական. հենց Ադրբեջանը հզորանում է` «նրանք անմիջապես սկսում են խոսել կոռուպցիայի մասին», ըստ ռուս մեկնաբանի` ասել է Ալիեւը:

Սոլովյովն, այսպիսով, արձանագրում է` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը չնայած ունեն կարծր դիրքորոշումներ ԼՂ հարցում, սակայն միմյանց մասին խոսում են չափազանց հարգալից: Ընդ որում, Ալիեւի հետ հանդիպումից հետո եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում ռուս մեկնաբանը վստահեցնում է, որ եթե Հեյդար Ալիեւը իշխանության լիներ, Ղարաբաղյան պատերազմի դաժանությունները տեղի չէին ունենա, նա թույլ չէր տա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, քանի որ «Ղարաբաղում հարգում էին Հեյդար Ալիեւին»:

Այսպիսով, հետեւություն Սոլովյովի` Բաքու կատարած այցի ու Ալիեւի հետ հանդիպումից. թեեւ Ղարաբաղյան պատերազմի վերքերը թարմ են, սակայն հնարավոր է դիվանագիտական ճանապարհով փոխզիջում գտնել, եւ դրան կարող է հասնել միայն Ռուսաստանը, Պուտինը կարող է հաշտեցնել երկու ժողովուրդներին:

Ամենաուշագրավ արձանագրումն, իհարկե, այն է, որ Սոլովյովը շեշտել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Արցախյան հակամարտության ռազմական լուծումը անհնարին է: Ու Մոսկվայի համար ամենակարեւոր եւ արժեքավոր շահը Ղարաբաղյան հնարավոր լուծումից հետեւյալն է. «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարեւոր է նաեւ, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կգտնվեն ԵԱՏՄ-ի միասնական տարածքում»,- ասում է Սոլովյովը:

Այսինքն` Ղարաբաղյան խնդրի լուծում` դրա դիմաց Ալիեւի կողմից ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության կանաչ ճանապարհի բացում: Ահա այս բանաձեւն է նախանշում այսօր Մոսկվան:

Հիշեցնենք, որ Մոսկվան իր ակնկալիքների մասին սկսել է ավելի հաճախ բարձրաձայնել, ընդ որում՝ արդեն բավական բարձր մակարդակով: Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հետաքրքիր ձեւով անցում կատարեց Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի հնարավոր մասնակցության թեմային՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան նայում այդ հարցին: «Մենք կարող ենք միայն ողջունել Եվրասիական տնտեսական ինտեգրացման գործընթացում Ադրբեջանի հավանական մասնակցությունը: ԵՏՄ-ի գործունեության ընթացքում մասնակիցների թիվը երեքից դարձել է հինգ: Դա ապացուցում է այն, որ Միությունն անդամ պետություններին զգալի առավելություններ է տալիս, որոնք կարելի է ստանալ՝ հասանելիություն ունենալով տնտեսական ընդհանուր տարածքին»,- պատասխանել էր Լավրովը:

Իսկ ամիսներ առաջ` անցյալ տարի հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ Դմիտրի Կիսելյովին տված ծավալուն հարցազրույցում խոսելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին՝ ուղղակի նշեց՝ «ոչինչ բացառել չի կարելի»: «Այդ թեմայով խոսակցություններն ընթանում են վաղուց՝ ե՛ւ փորձագիտական հանրությունում, ե՛ւ տարբեր երկրների քաղաքական էլիտաների շրջանում: Այսպես ասեմ՝ մենք սկզբունքորեն այսօր մեզ բավական վստահ ենք զգում այն կարգավիճակում, որում գտնվում ենք… Այդ պատճառով մենք դեռ պետք է նայենք, թե ինչպիսին կլինեն միտումները: Իհարկե, եթե Միությունը գրավիչ դառնա, շատերը կձգտեն միանալ դրան: Այնպես որ, ոչինչ բացառել պետք չէ, բայց ներկայիս փուլը ես հենց այդպես կբնութագրեի»,- ասել էր Ալիեւը: Նա նաեւ հավելել էր, որ Ադրբեջանը հետաքրքրությամբ է հետեւում եվրասիական տարածքում գործընթացներին, որտեղ «կան բարդություններ». «Այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր տնտեսական, նաեւ քաղաքական համագործակցության ձեւաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար, իհարկե, հարկավոր է մոտիվացիա: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ տեսակի: Եվ մենք այժմ այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Ի դեպ, գրեթե երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիեւն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը: Շեշտելով միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցության լավ մակարդակը՝ Ալիեւը նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ մշտական շփումները, ինչպես նաեւ մի շարք հարցերի վերաբերյալ համատեղ լուծումները մեծ դեր են խաղում այս համատեքստում: Ալիեւի խոսքով՝ տարածաշրջանում ձեւավորված իրավիճակն անհրաժեշտ է դարձնում Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության հետագա ամրապնդումը անվտանգության ոլորտում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 21.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Հարգարժան Էմմա, եթե Ձեր հոդվածներում շեշտադրումները կատարեք վերլուծությունների, այլ ոչ թե հակառուսականություն քարոզելու վրա, իմ կարծիքով, ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք բավականաչափ լավ վերլուծություններ եք անում և լավ լրագրող եք:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք