Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացրած դիմումն անհիմն է» (Տեսանյութ)

Ապրիլ 26,2017 17:21

«Ներկայացված դիմումն ամբողջությամբ ակնհայտ անհիմն է, մերժում ենք այն»,- այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի քննության ժամանակ հանդես է գալիս որպես պատասխանող:

Տիգրան Մուկուչյանը չի ժխտում՝ քվեարկության օրը, մինչեւ ժամը 13-ը տեխնիկական խնդիր եղել է, բայց հավելում է, որ շահագրգիռ կողմերին լրացուցիչ հնարավորություն տրվել է ընտրությունների ընթացքին հետեւելու, ուստի, դա որեւէ կերպ չէր կարող ազդել ընտրությունների ընթացքի եւ դրանց արդյունքների վրա:

«Ինչո՞ւ բաց եւ վերահսկվող քվեարկությունների մասին որեւէ դիմում չի ներկայացվել, հանձնաժողովներում ներկա մարդիկ, վստահված անձինք որեւէ դիմում չեն ներկայացրել»,- տարակուսեց Տիգրան Մուկուչյանն`անդրադառնալով բաց քվեարկությունների եւ քվեարկության վերահսկողության մասով դիմումում առկա դրույթներին:

Նա նշեց, որ ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ ՀԱԿ-ի կողմից ներկայացված հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք ամենաբարձր ցուցանիշներն են ցուցաբերել, ուստի, եթե նման դեպքեր լինեին, նրանք իրենց իրավունքները գիտեին ինչպես պաշտպանել:

Տիգրան Մուկուչյանը փաստում է, որ հատուկ կարծիքներ, վերահաշվարկի դիմումներ նույնպես չեն ներկայացվել: Սա եւս, ըստ նրա, հուշում է, որ ընտրական գործընթացում վիճահարույց հարցեր չեն եղել:

Քվեարկության օրվանից հետո թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովից 37-ում ստացվել է 324 դիմում-բողոք: Դրանք եղել են դիտորդական առաքելություն իրականացող երեք ՀԿ-ից և նրանց կողմից հավատարմագրված դիտորդներից:

«Տարածքային ընտրական հանձնաժողովներում ստացվել են դիմումներ, որպես կանոն, մշակված են եղել՝ միասնական ձեւաթուղթ, որի վրա ընդամենը փոփոխվել են որոշակի հանգամանքները: Մի նոր երևույթ է ի հայտ գալիս՝ դիմումաստեղծ ինդուստրիա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը`հավելելով, որ հաճախ եղել են դեպքեր, երբ նույն դիմումը տառացի ներկայացված է եղել տարբեր անձանց կողմից:

Եղել են նաեւ դեպքեր, երբ տարբեր անձանց կողմից ներկայացված դիմումներում փաստական հանգամանքը կրկնվել է. «Տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք ոչ թե իրավունքի պաշտպանության մեխանիզմի իրականացման հետ, այլ՝ դիմումների քանակական իմիտացիա ձեւավորելու»:

60 դիմում-բողոք էլ ԿԸՀ-ին է ներկայացվել, դրանք պատշաճ քննվել են:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930