Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Առաքելյան․ «Պետք է սիրել հայկական ֆուտբոլը և հետևել, դրա կարիքն այն շատ ունի»

Ապրիլ 28,2017 23:40

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն առաջնությունը իր մակարդակով, թիմերի քանակով զիջում է մյուսներին։ Այժմ առաջնությունում հանդես են գալիս 6 թիմեր։ Եվս մեկ փոփոխություն, որն անմիջականորեն կապված է ներքին առաջնության հետ, ՀՖՖ-ի ընդունած որոշումն է, որի համաձայն՝ թիմերը շաբաթվա մեջ 2-ի փոխարեն 3 խաղ կանցկացնեն (ուրբաթ, շաբաթ և կիրակի): Ի՞նչ է ստացվում. ֆուտբոլիստները մարզումների, հանգստի ու վերականգնման ժամանակ գրեթե չեն ունենում։

Մարզական մեկնաբան, armsport.am-ի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանը, որը նաև մեկնաբանում է Հայաստանի առաջնության խաղերը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած թիմերը քիչ են, այնուամենայնիվ առաջնությունում համառ պայքար է ընթանում․«Լինում են խաղեր, որոնք իսկապես հետաքրքիր են անցնում. դա չեմ ասում որպես մարդ, որը հետևում ու մեկնաբանում է Հայաստանի առաջնությունը։ Իսկապես հետաքրքիր խաղեր շատ են լինում։ Ու մեծ ցավ եմ ապրում, որ նման խաղերը դատարկ տրիբունաների առաջ են ընթանում»:

 

Արմանը ցավով նշում է, որ հայ ֆուտբոլասերները միայն վճռորոշ ու գավաթային հանդիպումներին են որոշակի հետարքրքություն ցուցաբերում, ինչը հայկական ֆուտբոլի զարգացման համար, իհարկե, բավարար չէ։

Այն հարցին, թե ի՞նչ խնդիր կառանձնացնի Հայաստանի առաջնությունում, Արմանը նշեց գովազդի բացակայությունը․ «Քաղաքում ամեն տեսակ գովազդ կա, ամեն ինչ գովազդում են, բացի  Հայաստանի առաջնությունից։ Ճիշտ է՝ ամեն տուրում 2 խաղի փոքր անոնսներ լինում են, սակայն վստահեցնում եմ, որ դա շատ քիչ է: Ունենք այն, ինչ ունենք, իսկ ունեցածին լավ են վերաբերվում: Պետք է ամեն կերպ մեծացնել հետաքրքրությունը. դա ՀՖՖ-ի, ԶԼՄ-ների ճիշտ աշխատանքի հետ է կապված: Իհարկե, ֆուտբոլը պահանջում է երկարաժամկետ ծրագիր, սակայն երբեք ուշ չէ սկսել, այլապես հայկական ակումբային ֆուտբոլը կշարունակի «առանց երգի նահանջը»:

Հարցին՝ հե՞շտ է մեկնաբանել Հայաստանի առաջնության խաղերը, Արման Առաքելյանը պատասխանում է․ «Խաղերի տեմպը հաշվի առնելով՝ մեկնաբանության տեսանկյունից որոշ դժվարություններ կան, հեռուստադիտողին «քնեցնելու» վախ կա։ Օրինակ, հնարավոր է՝ րոպեներ շարունակ դանդաղ և միապաղաղ խաղ ընթանա և դժվարություններ առաջացնի ընթացքը ներկայացնելու համար: Ամեն դեպքում, պետք է սիրել հայկական ֆուտբոլը և հետևել, դրա կարիքն այն շատ ունի»։

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930