Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբերո դարպասապահը

Մարտ 28,2024 18:05

Համաշխարհային ֆուտբոլում ամեն ժամանակահատվածում եղել են դարպասապահներ, որոնք այժմ հիշվում են իրենց բարձր կարգով և մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության ոսկե էջերում։ Նրանցից է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։

Նոյերն իր դիրքի մյուս ֆուտբոլիստներից տարբերվում է նրանով, որ հեղափոխել է դարպասապահի մասին պատկերացումները և նոր տերմին է առաջ քաշել ֆուտբոլային բառարանում։ «Լիբերո դարպասապահ» (ազատ դարպասապահ) տերմինը վերագրում են հենց Մանուելին։

Դարպասապահի գործառույթը սեփական դարպասը անառիկ պահելն է և տուգանային հրապարակում սպառնացող վտանգը չեզոքացնելը։ Սակայն գերմանական ֆուտբոլի լեգենդը հայտնի է ռիսկային գործողություններով։ Նոյերը անհրաժեշտության դեպքում վերջին պաշտպանն է, վերջին կիսապաշտպանը և եզակի դրվագներում նաև վերջին հարձակվող։ Նոյերի դարպասին արագ հակագրոհ անցկացնելը ամենաբարդ խնդիրներից է, քանի որ խաղադաշտի կենտրոն սլացող գերմանացին հենակետայինի «սանիտարական աշխատանք» տանելու գործում արդեն պրոֆեսիոնալ է։ Աշխարհի չեմպիոնը իր այս գործողություններով բազմաթիվ անգամներ փրկել է թիմին վերահաս գոլից, սակայն նաև անփութության հետևանքով փորձանք է բերել սեփական դարպասին։

Ինքը՝ Նոյերը պնդում է, որ լիբերո դարպասապահը իր նախաձեռնությունը չէ, նա ոգեշնչվել է իր կուռքերից՝ Յանս Լեմանից և Էդվին Վան Դեր Սարից։ Սակայն չենք կարող մերժել այն փաստը, որ Նոյերը հեղափոխական է դարպասապահի դիրքում։ Այժմ բազմաթիվ առաջին համարներ հետևում են նրա օրինակին և խաղում ինչպես ազատ դարպասապահ։

Նոյերը վերջին տասնամյակի լավագույն դարպասապահներից է, դա են փաստում ֆուտբոլի ներկա և նախկին աստղերը։ Գերմանիայի հավաքականին և Մյունխենի «Բավարիային» վերելքի հասցրած տղան այժմ կարիերայի մայրամուտում է գտնվում, ծանր վնասվածքներից նա չկոտրվեց և կրկին կանգնած է դարպասին և պահում է իրեն վստահված ամրոցը։ Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը պատրաստվում է իր կարիերայի երևի թե վերջին խոշոր մրցաշարին։ Ամռանը կայանալիք տնային ԵՎՐՈ-ն կարող է դառնալ Նոյերի փառահեղ կարիերայի վերջին ակորդը…

 

Լևոն Կիրակոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Չորրորդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031