Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» ձյան փաթիլներն օդում բռնելո՞ւ է. Դաշինքը խոստանում է ձնամաքրման աշխատանքները սկսել ձյունը տեղալուց առաջ

Ապրիլ 29,2017 21:12

Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ծրագրում այսպիսի խոստում կա, որ «կներդրվի ձնամաքրման նոր համակարգ, որը օդերեւութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքներ կսկսի ձյունը տեղալուց առաջ»: Սա սոցցանցերում քննարկման առարկա է դարձել, թե՝ տեսնես «Ելքը» ձյունը տեղալուց առաջ ո՞նց է ձնամաքրման աշխատանք տանելու, ձյունն օդում բռնելո՞ւ է:

Այս առնչությամբ մեր հարցին «Ելք» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ձյունը գալուց առաջ պետք է պատրաստ լինենք մաքրելու, ոչ թե օդում ձյուն բռնենք: Այսինքն, տեխնիկան պետք է տեղափոխենք քաղաքի այն կետերը, որտեղից իրենք պետք է շարժվեն: Երբ նախապես գիտես, որ ձյուն է  գալու, սկսում ես քո տեխնիկան տեղաշարժել, ասենք, պարկդ համապատասխանեցնել: Պետք է պատրաստ լինես  ձյուն գալուն: Եթե պատրաստ չես լինում՝ մինչեւ տնից դուրս են գալիս, մինչեւ բենզինը լցնում են, մինչեւ չեկը գտնում են, տեղից շարժվում են՝ արդեն մարդիկ մնում են ձյան մեջ»:

Ինչ վերաբերում է սոցցանցերում բարձրացրած քննադատությանը, Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ պետական հիմնարկները, իշխանությունները հարյուրավոր ֆեյքեր ունեն. «Սոցցանցը, մասնավորապես, ֆեյսբուքը չի արտացոլում Երեւանի պատկերը, առավել եւս՝ Հայաստանի պատկերը: Դա հայության խմբակ է մի, որը տպավորություն ստեղծող ԶԼՄ-ին համարժեք բան է, որը ցավոք որեւէ բան չի որոշում:

Եթե այդպես լիներ՝ համացանցում ամենապոպուլյար եւ ամենաշատ ձայն հավաքող ուժը «Ելքն» է եղել, որը 2-3 անգամ բոլոր հարցումներում հաղթող է եղել, մենք կհաղթեինք, ուրեմն ՀՀԿ-ին Հայաստանում: Դա պուճուր բեսեդկայի պես մի բան է, բոլորը բոլորին գիտեն, բոլորի ֆեյքերին գիտեն: Մի 100 հատ ֆեյք ԲՀԿ-ն ունի, մի 120 աշխատող նախագահականն ունի, Աշոտյանը մի քանի հոգու կուռացիա է անում ամենայն հավանականությամբ, բոլորն իրար լայք են դնում ու ուրախանում են, գրում են՝ օ՜, պարոն էսինչյան, ինչ լավն եք, սա էլ ուրախանում է, գիտի ինքը վերջն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930