Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը 635,9 միլիոն դրամ են փոխանցել «Փյունիկ» հիմնադրամին

Մայիս 04,2017 21:19

Օրերս Երեւանի ավագանու ՀՀԿ-ի թեկնածուների քարոշարշավի ժամանակ, գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին Aravot.am-ը փոխանցեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները. Մասնավորապես Փաշինյանը քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ կասկածի տակ է առել Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամի եւ «Փյունիկ» հիմնադրամի համագործակցությունը: Փաշինյանը հարց էր բարձրացրել, թե ինչո՞ւ  է «Երեւան» հիմնադրամը  հսկայական գումարներ փոխանցում «Փյունիկ» հիմնադրամին: Տարոն Մարգարյանը հրաժարվեց մեր հարցին պատասխանել, պնդելով՝ եթե Aravot.am-ին հետաքրքրեր այդ խնդիրը, ինքը մեզ  պատասխան կտար: Մեր պնդումներին՝ մեզ եւ հանրությանը շատ հետաքրքրում է այդ հարցի պատասխանը, այնուամենայնիվ, պարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել:

Ուսումնասիրելով այս հիմնադրամների ֆինանսական համագործակցությունը, պարզվում է, որ «Փյունիկին» քիչ փող չեն փոխանցում:

Այսպես. ըստ  «Փյունիկ» հիմնադրամի  այս տարվա հաշվետվության, Երեւանի քաղաքապետարանին, այսպես ասած՝ պատկանող «Երեւան» հիմնադրամը 2016-ին «Փյունիկ» հիմնադրամին է փոխանցել ընդհանուր առմամբ 555 մլն 995 հազար 300 դրամ, այսինքն՝  մոտ 556 միլիոն դրամ, իսկ Երեւանի քաղաքապետարանը «Փյունիկին» է փոխանցել 80 միլիոն դրամ:

Թե ինչ նպատակով են այդ գումարները փոխանցվել, «Փյունիկի» հաշվետվության մեջ նշված է՝ 155 մլն 995 հազար 300 դրամը՝ սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում ծրագրի համար,  400 մլն դրամը՝ բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում եւ պահպանում ծրագրի համար:

Նույն հաշվետվության համաձայն` Երեւանի քաղաքապետարանից սոցիալական անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն ծրագրի համար «Փյունիկ» հիմնադրամին է փոխանցվել  65 միլիոն դրամ, 15 միլիոն դրամ էլ  արտադպրոցական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում ծրագրի համար:

Այսինքն, ընդհանուր առմամբ Երեւանի քաղաքապետարանից եւ նրա ենթակայության տակ գործող «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին»  տրամադրվել է 635 միլիոն 995 հազար 300 դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում Alexxxanddder-ի «Փյունիկ» կտավն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031