Լայնամասշտաբ պատերազմի սպասելիս

Լայնամասշտաբ պատերազմի սպասելիս

Վաշինգտոնը Հոգլանդի մակարդակով հիշեցրեց ամերիկյան շահի մասին

Լեռնային Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ օրերս այս մասին նշվեց ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի ամենամյա զեկույցում, որը ներկայացվել է Սենատի` հետախուզության հարցերով հանձնաժողովին: Տնտեսական դժվարությունները գլխացավանք են դարձել Ադրբեջանի կառավարության համար, որն իր արտաքին քաղաքականությունում շարունակում է հավասարակշռել Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ՝ գրել է զեկույցի հեղինակը:

Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխատեսումն, իհարկե, նորություն չէ, մանավանդ անցյալ տարի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Պարզապես ուշագրավն այն է, որ արդեն ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի մակարդակով է դա ասվում, որը վկայում է այն մասին, որ ամերիկյան հետախուզության համար նման կանխատեսման համար հիմքերն ավելի են ամրացել:
Այն, որ տարածաշրջանում նոր անկայունություն Վաշինգտոնը չի ցանկանա, հստակ է, նույնիսկ այն պայմաններում, երբ Թրամփի` հարավկովկասյան երկրների նկատմամբ քաղաքականությունը, թերեւս, ճշգրտման փուլում է դեռ:

Մինչ ԱՄՆ-ը հարավկովկասյան երկրների նկատմամբ կհստակեցնի առաջնահերթությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը վերջին օրերին հանդես եկավ մի շարք կարեւոր ուղերձներով:

«Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ԼՂ խնդրի կարգավորման խնդրի շուրջ»-, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում ասել է Հոգլանդը` հավելելով. «Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:

Հաջորդ ուշագրավ արձանագրումն այն է, որ ամերիկացի համանախագահը նկատել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում. «Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել, սակայն մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռեւս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները եւ թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար եւ տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»:

Հոգլանդը նշել էր, թե իր համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում ԼՂ-ում, չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, քանի որ դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ կվնասի Ռուսաստանի շահերին: Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին` Հոգլանդը նշել էր. «Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները»:

Այսպես, ամերիկացի համանախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ունեն տարբեր շահեր: Իհարկե, Հոգլանդը բաց չէր կարող նշել, որ շահերի տարբերությունը կարող է առնչվել, ու թերեւս այդպես էլ կա, ընդհանուր մեր տարածաշրջանում եւ մասնավորապես ԼՂ խնդրին, մանավանդ հիմա, երբ ԼՂ կարգավորման գործընթացում կողմերի հետ աշխատելու «ղեկը» Ռուսաստանի ձեռքում է:

Դա է գուցե պատճառը, որ Վաշինգտոնը Հոգլանդի մակարդակով հիշեցնում է ամերիկյան շահի մասին, երբ հստակ արձանագրում է. «Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում»: Սա ոչ ավել, ոչ պակաս կոնկրետ ուղերձ է այն մասին, որ ԱՄՆ-ը թույլ չի տալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մեկի առավել ակտիվությունը, եթե դա կարող է հակասել ամերիկյան շահերին:

Հոգլանդի հաջորդ ուղերձները հնչեցին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում, որտեղ նա «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել: Ընդգծելով, որ համանախագահները պատրաստ են ցանկացած պահի Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, ամերիկացի համանախագահը որոշակի պահանջներ է ներկայացրել՝ ակնարկելով, որ դրանց կատարումից հետո իրենք պատրաստ են գործնական նոր առաջարկներ ներկայացնել. «Երբ բանակցություններում նման բարձր մակարդակով հանդիպում կայանա, կողմերը պետք է ոչ միայն վերահաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը, այլեւ նշեն՝ ինչպես են իրենք կյանքի կորչելու վստահության ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Երբ հասնենք այդ բանակցություններին, մենք կարող ենք արդեն գործնական հարցերի շատ ավելի ընդարձակ ցանկ դնել սեղանին, որոնք կսկսեն օգուտներ բերել միանգամից երկու կողմին էլ: Սրանք ներառում են տնտեսական ու առեւտրային նախաձեռնություններ՝ տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային կապերը զարգացնելու ու վերականգնելու, զբոսաշրջությունն ու ժողովուրդների միջեւ հանդիպումները խթանելու ուղղությամբ»:

Հոգլանդի վերոնշյալ մեկնաբանությունը խիստ կարեւոր է այն առումով, որ նա Սարգսյան-Ալիեւ հանդիպման անցկացումը կարեւորելով հանդերձ` բավական հստակ արձանագրել է, որ վստահության ամրապնդման միջոցառումները չեն իրականացվել, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել դեռ անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում:

Այսինքն՝ ամերիկացի համանախագահը ասել է մի բան, որից, օրինակ, խուսափում է կողմերի հետ «առանձին աշխատող» Մոսկվան՝ հավանաբար վստահ լինելով, որ նման փաստն արձանագրելը նշանակում է կոնկրետ մատնանշել պաշտոնական Բաքվին, որն ուղղակի մերժել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառումը:

Հոգլանդը նաեւ նշել է, որ քառորդ դար շարունակվող բանակցությունների արդյունքում մշակվել են սկզբունքներ, ընկալումներ ու փաստաթղթեր, որոնք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման վրա:

Սա եւս կարեւոր հիշատակում է ամերիկացի համանախագահի կողմից, նման արձանագրումները` տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին մյուս սկզբունքները հիշատակելը, պաշտոնական Բաքվին բավական նյարդայնացնում են:
Այսպիսով, եթե Հոգլանդի ուղերձները դիվանագիտականից վերափոխենք պարզ քաղաքականի` ամերիկացի դիվանագետը նախ արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հանձնվում, Սարգսյան-Ալիեւ հանդիպում պետք է կազմակերպվի, բայց դա ինքնանպատակ չէ, քանի դեռ չեն իրականացվել վստահության ամրապնդման միջոցառումները` անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք